ԲՆՈՒԹՅԱՆ ՀՐԱՇՔՆԵՐԸ «Առավոտ» թերթի ապրիլի 13-ի համարում տպագրված «Նախարարի ազգականները ռեկետյորնե՞ր» հաղորդագրության վերաբերյալ հայտնում ենք, որ բնապահպանության նախարարության աշխատակիցներ Նվեր Նազարյանը եւ Արսեն Ղազանչյանը (թերթում թյուրիմացաբար տպագրվել էր՝ Ղազարյան) բնապահպանության նախարարի հետ ազգակցական որեւէ առնչություն չունեն։ Բացի այդ, «Առավոտը», հղում անելով ՆԳՆ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Վարդազարյանին՝ հայտնել էր, թե իբր բնապահպանության նախարարության հիշյալ աշխատակիցները Սեւան-Երեւան ճանապարհի վրա բեռնատար մեքենան կանգնեցրել էին շորթման նպատակով, մինչդեռ պրն Վարդազարյանը մեզ հայտնեց, որ ինքը հաստատել է միայն միջադեպի փաստը, իսկ ինչ վերաբերում է «շորթման նպատակով» որակումին, ապա ինքը նման արտահայտություն չի արել։ ԱՐԾՐՈՒՆ ՊԵՊԱՆՅԱՆ Բնապահպանության նախարարության հանրության հետ կապերի վարչության պետ Նկատենք, որ «Հայանտառ» ՊՓԲԸ-ի տեսուչ Արսեն Ղազարյանի ազգանունը հենց այդ կերպ, այլ ոչ Ղազանչյան էր տպագրվել նաեւ «ՀՀ»-ի ապրիլի 14-ի համարում։ Հնարավոր է, իհարկե, վիճել, թե արդյոք այդ Ղազարյան-Ղազանչյանին կարելի՞ է բնապահպանության նախարարի ազգական համարել, եթե նա Մուրադ Մուրադյանի կնոջ հորեղբոր որդին է։ Մենք, իհարկե, խորապես գիտակցում ենք, որ նա եւ բնապահպանության նախարարության գլխավոր մասնագետ-տեսուչ Նվեր Նազարյանը գիշերվա ժամը 2-ին «ԿամԱԶ»-ը կանգնեցրել էին ոչ շորթման, այլ բնության հրաշքների, աստղերի եւ բանականության մասին զրույցի նպատակով։ Եվ հիասթափված, որ վարորդը խուսափում է նման վեհ թեմաներով զրույցից՝ հետապնդում էին սկսել եւ կրակել նրա ուղղությամբ: