ՃԱԿԱՏԸ՝ ՀՈՂԸ ՕՏԱՐՆԵՐԻՆ ՎԱՃԱՌԵԼՈՒ ԴԵՄ Ազգային համաձայնության ճակատի իրավական հարցերի հանձնախումբը հանդես եկավ հայտարարությամբ. «ՀՀ ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունվել է նոր հողային օրենսգիրքը, որով նախատեսվում է պետական սեփականություն հանդիսացող հողերի ուղղակի վաճառքի հնարավորություն օտարերկրյա պետություններին եւ կազմակերպություններին (հոդված 64 2-րդ կետ)։ Հաշվի առնելով, որ վերոհիշյալ դրույթը չի բխում Հայաստանի Հանրապետության անվտանգության շահերից եւ կարող է բերել որոշ տարածքների նկատմամբ սուվերենիտետի (ինքնիշխանության) կորստի, հայտարարում ենք. 1. Անթույլատրելի ենք համարում ՀՀ հողային օրենսգրքում հանրապետության հողերը օտարերկրյա պետություններին եւ կազմակերպություններին վաճառելու ցանկացած հնարավորություն, բացառությամբ դեսպանատներ կազմակերպելու նպատակով (առանց վերավաճառքի իրավունքի)։ 2. Օտարերկրյա պետություններին եւ կազմակերպություններին հանրապետության հողերը վարձակալության հանձնելու իրավական հիմքերը եւ կարգը պետք է սահմանվի առանձին օրենքով, որը պետք է բխի Հայաստանի Հանրապետության պետական շահերից եւ անվտանգության պայմաններից»։