«Մեր ժողովուրդը մանկան պես միամիտ է» Երեկ շարունակվում էր «Հոկտեմբերի 27»-ի գործի դատաքննությունը։ Դատարանի մոտ վերջին մի քանի նիստերի ժամանակ բազմություն չի հավաքվում։ Գալիս են հատուկենտ փոքրիկ խմբերով, մի քիչ խոսում են դեսից-դենից ու ցրվում։ Երեկվա օրը եւս բացառություն չէր, փոխարենը երեկ բազմամարդ էր Պանթեոնը։ Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրը բազմաթիվ մարդկանց էր բերել Պանթեոն։ Այստեղ էր ՀՀ կառավարությունը գրեթե ամբողջ կազմով (ներկաների մեջ չնկատեցինք ՊՆ նախարար Սերժ Սարգսյանին, ԱԱ նախարար Կառլոս Պետրոսյանին, ՆԳ նախարար Հայկ Հարությունյանին եւ էլի մի քանիսին, օրինակ՝ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին)։ Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորությամբ՝ կառավարության հանրապետական թեւը ծաղկեպսակ դրեց Կարեն Դեմիրճյանի հուշաքարին։ Խորհրդարանից եւս բացականեր կային, թերեւս պատճառը հարգելի համարվի, քանի որ հերթական եռօրյայի երկրորդ օրն էր ընթանում։ Նախագահի աշխատակազմից ներկա էր Արտաշես Թումանյանը։ Մի առիթով Կարեն Դեմիրճյանն ասել է. «Պատմությունը բազմիցս ապացուցել է, որ մեր ժողովուրդն ու հողը կարող են դիմանալ ամեն ինչի, ամեն տեսակի փորձության, անկախ նրանից, թե ովքեր են այն բերել իրենց գլխին՝ թշնամի՞ն, սեփական ստահակնե՞րը, թե՞ մոլորված որդիները»։ Իսկ «Հոկտեմբերի 27»-ի դատավարությունը դեռեւս պասիվ փուլում է։ Դատարանի մոտ հավաքվածներից շատերի կարծիքով, ճիշտ կլիներ, որ Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրը այստեղ շատ ավելի մարդաշատ լիներ։ Ոմանք պնդում էին, որ Պանթեոնում հավաքվածները երթ պետք է կազմակերպեին դեպի դատարան։ Թերեւս այդպիսով կընդգծվեր, որ ժողովուրդը, երկրի կառավարությունը, օրենսդիր մարմինը «27»-ի պահանջատերն են։ ԱԺ խոսնակ Արմեն Խաչատրյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց. «27»-ի դատավարությունը ամենօրյա ուշադրության կենտրոնում պետք է պահենք, հետեւողական պետք է լինենք եւ հոգով ու սրտով տեր լինենք»։ Դատավարության ընթացքը, Արմեն Խաչատրյանի գնահատմամբ, նորմալ ընթացք է։ Իսկ գո՞հ է խոսնակը նախաքննության աշխատանքից. «Վերջում կբացահայտվի, թե ինչպես է աշխատել նախաքննությունը», թեպետ ինքը ներքին վստահություն ունի, թե արդարությունը կհաղթանակի։ ԱԺ պատգամավոր Էմմա Խուդաբաշյանի կարծիքը հետեւյալն է. «Մարդասպանները եւ նրանց կազմակերպողները ճակատագրական սխալ են թույլ տվել։ Նրանք սկզբից պետք է Դեմիրճյանի անունը սպանեին։ Տեսեք, ինչքան մարդ է Կարեն Դեմիրճյանի կորուստը իր անձնական վիշտը համարում, ինչքան մարդ է կանգնել եւ պահանջում է. «27»-ի արդար բացահայտում, կազմակերպիչների բացահայտում։ Տեսեք, թե Դեմիրճյանի անունը որքան մարդ է հավաքել իր շուրջը։ «27»-ի կազմակերպիչները Դեմիրճյանին ֆիզիկապես են սպանել, բայց անզոր եղան նրա հիշատակը, նրա անունը ոչնչացնել։ Վստահ եմ, որ սա կլինի կազմակերպիչների վերջին ոսկորը, որ կմնա նրանց կոկորդում»։ Ֆադեյ Սարգսյանը «Հոկտեմբերի 27»-ի դատավարության մասին չուզեց կարծիք հայտնել, բայց ասաց հետեւյալը. «Դատավարության մասին թող կարծիք հայտնեն իրավաբանները»։ ԱԺ պատգամավոր Գրիգոր Հարությունյանին խնդրեցինք մի քանի դրվագ հիշել Կարեն Դեմիրճյանի՝ Մեղրի կատարած այցերից։ Պրն Հարությունյանը ասաց. «Քանի կա Մեղրիի լեռնանցքը, քանի կան մեղրեցիները, դա նշանակում է Կարեն Դեմիրճյանը նրանց մեջ ապրում է, որովհետեւ, դեռ տարիներ առաջ, Կարեն Դեմիրճյանն ինքը կառուցեց Մեղրիի լեռնանցքը եւ լուծեց Մեղրիի փրկության հարցը։ Մեղրիի հարցը, ճանապարհների հարցը նոր չի առաջացել։ Հարցը կար դեռեւս խորհրդային տարիներին։ Եվ Կարեն Դեմիրճյանն էր, որ ասաց. «Իմ դիակի վրայով կկառուցվի Բաքու-Մեղրի ճանապարհը»։ ԱԺ պատգամավոր Ստեփան Զաքարյանի կարծիքով եւս, առայժմ իմաստ չունի հավաքվել, քանի որ էական հարց չի քննարկվում, իսկ գլխավոր ամբաստանյալի ցուցմունքների եւ դրանց հրապարակման մասին պրն Զաքարյանն ասաց. «Ինչ վերաբերում է այն ցուցմունքներին, որոնցում շոշափում են կոնկրետ անձանց անուններ, վստահ եմ, ժողովուրդը կկարողանա թացը չորից զանազանել»։ Վերջում՝ վերնագրի մասին. դրանք Կարեն Դեմիրճյանի խոսքերն են. իրոք մեր ժողովուրդն այնքան միամիտ է, որ հավատում է, թե «Հոկտեմբերի 27» է բացահայտվելու։ Մի առիթով Հրանտ Մաթեւոսյանն ասել է՝ «Դուք ո՞վ եք, որ «Հոկտեմբերի 27» բացահայտեք։ Դուք միայն «Հոկտեմբերի 27» կարող եք կազմակերպել»։ Ու ես համամիտ եմ նրա հետ։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ