Լրահոս
Օրվա լրահոսը

«Հոկտեմբերի 27»-ի գործի դատաքննությանը երեկ ներգրավվեց Ռուսաստանից հրավիրված փաստաբան Ա. Յանոշեւը, ո

Ապրիլ 18,2001 00:00

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒԺԵՂԱՑՎՈՒՄ Է «Հոկտեմբերի 27»-ի գործի դատաքննությանը երեկ ներգրավվեց Ռուսաստանից հրավիրված փաստաբան Ա. Յանոշեւը, որը օրվա երկրորդ կեսին պաշտոնապես դատարանին հանձնեց իր լիազորագիրը։ Վերջինս Մարինա եւ Տիգրան Ջանոյանների հետ միաժամանակ կներկայացնի Սարգսյան ընտանիքի շահերը։ Նշենք, որ ռուս փաստաբանը բացարկ չուներ ո՛չ դատավորի եւ ո՛չ մեղադրողների նկատմամբ։ Ամբաստանյալ Միսակ Մկրտչյանը հանդես եկավ միջնորդությամբ, ըստ որի 1998 թ. նոյեմբերի 8-ից իրեն բերման են ենթարկել «Հոկտեմբերի 27»-ի գործով։ «Ինձ բերման են ենթարկել ԱԱՆ քննչական մեկուսարան, որտեղ որպես վկա եմ հարցաքննվել։ Ի պատասխան քննիչի հարցին, կամովին հայտնել եմ, որ իմ տանը ունեմ որսորդական հրազենի փամփուշտներ»։ Ամբաստանյալ Մ. Մկրտչյանը գտնում էր, որ իրեն «վերագրված» հանցագործությունը կապ չունի Ն. Հունանյանի եւ մյուսների կատարած հանցագործությունների հետ։ «Իմ տանը փամփուշտներ պահելու փաստի առթիվ քրեական գործ հարուցված չի եղել, հետեւաբար օրինական չէր ինձ ձերբակալելու, որպես մեղադրյալ ներգրավվելու, կալանավորելու, եւ այդ քննչական, դատավարական գործողությունները»,- ասվում էր միջնորդության մեջ։ Մ. Մկրտչյանը միջնորդեց սույն քրեական գործից անջատել իրեն վերաբերող նյութերը, այն ուղարկել գլխավոր դատախազություն։ Ամբաստանյալը պահանջում էր նաեւ իր նկատմամբ բռնություն կիրառողներին պատասխանատվության ենթարկել։ Քրեական գործից անհետացե՞լ են Երեկ ժ. 16.15-ին մեղադրողներն ավարտեցին Նաիրի Հունանյանի նախաքննական ցուցմունքների հրապարակումը։ Ամբաստանյալն ասաց, որ «որոշ ցուցմունքներ» չհրապարակվեցին։ Դատավոր Սամվել Ուզունյանը հարցրեց, թե առերես հարցաքննության ժամանակ արված ցուցմունքների՞ մասին է խոսքը։ Ամբաստանյալն ասաց, որ խոսքը հունիսին ՀԿԳ քննիչ (գլխավոր դատախազության) Ջոն Ֆարխոյանին տրված իր երկու ցուցմունքների մասին է։ «Այդ ցուցմունքները,- շարունակեց ամբաստանյալը,- ընդհանրապես քրեական գործի մեջ ես չեմ տեսել։ Ցուցմունքները եղել են նախաքննության ընթացքում բռնություններ, խոշտանգումներ կիրառելու եւ այնտեղ ամենայն մանրամասնությամբ ցուցմունքներ կան, թե ինչպես են ծնվել այն ցուցմունքները, որոնցից կազմված է քրեական գործը»։ – Այսինքն, Ձեր նկատմամբ կիրառված բռնությունների՞ վերաբերյալ,- հարցրեց դատավոր Ս. Ուզունյանը։ – Բռնությունների ու նաեւ այն կոնկրետ ցուցմունքների, որոնք ընթերցվեցին, այդ ցուցմունքների ծագման վերաբերյալ։ Ես սպասում էի՝ այն ցուցմունքն էլ հրապարակվի եւ այդ ցուցմունքից հետո ցուցմունք էի ուզում տալ դրանց հետ կապված,- ասաց ամբաստանյալը, որը միջնորդեց, որ վերոնշյալ ցուցմունքը հրապարակվեր։ Ն. Հունանյանը հայտնեց նաեւ, որ այդ ցուցմունքներից բացի «քրեական գործի մեջ բազմաթիվ նյութեր բացակայում են, դիմումներ եւ այլ փաստաթղթեր, որոնք ես ուղղել եմ քննչական խմբին, զինդատախազին»։ Մեղադրող Ա. Հարությունյանը փորձեց հարցուպատասխանի միջոցով ճշտել, թե ամբաստանյալն ի՞նչ է պահանջում իրականում։ Սույն հատվածը ներկայացնում եմ առանց մեկնաբանությունների. Մեղադրող Ա. Հարությունյան. – Ինչի՞ կապակցությամբ է կատարվել այդ հարցաքննությունը, ինչպես ասում եք, Ջոն Ֆարխոյանի կողմից։ Քրեական գործի նյութերը բոլորը ուսումնասիրեցինք եւ ինչքան գործի նյութերում ցուցմունքներ կար, բոլորը հրապարակեցինք։ Այդ ցուցմունքներն ինչի՞ կապակցությամբ էր, միգուցե դիմումի՞, հայտարարությա՞ն… Ամբաստանյալ Ն. Հունանյան. – 2000 թ. մայիսի 24-ին ես դիմում էի գրել հանրապետության նախագահին եւ գլխավոր դատախազին։ Ես խնդրել էի, ինձ ընդունել հայտարարություն անելու համար։ Մայիսի 30-ին ինձ հետ հանդիպել է գլխավոր դատախազը, ՆԳ նախարարը եւ ԱԱ նախարարը, եւ ինձ ասացին, որ իրենք հանդիպում են հանրապետության նախագահի հանձնարարությամբ։ Մայիսի 30-ին ես մանրամասն ցուցմունք եմ գրել, որը ձեւակերպվեց որպես հայտարարություն։ Ըստ էության, դա ցուցմունք էր, որը նույնպես չի հրապարակվել եւ, որը քրեական գործերի մեջ նույնպես չեմ տեսել։ Այնտեղ պատմել եմ բռնությունների, խոշտանգումների մասին, ովքե՞ր են արել, ի՞նչ նպատակներ են հետապնդել, ուրիշ ի՞նչ անձանց մասին են ցուցմունքներ ուզեցել կորզել եւ այլն, որից հետո (այդ ցուցմունքից) Ջոն Ֆարխոյանը լրացուցիչ ցուցմունք է ինձնից վերցրել, որից հետո արվել են բազմաթիվ քննչական գործողություններ, առերեսումներ։ Առերեսումներ այն մարդկանց հետ, ովքեր մասնակցել են խոշտանգումներին, ովքեր խոշտանգողներն են եղել անմիջապես, ովքեր ցուցում են տվել, եւ այդ բոլոր փաստաթղթերը քրգործի նյութերում բացակայում են։ Դատավոր Ս. Ուզունյան. – Այսինքն, դուք պնդում եք, որ այս գործից այն ցուցմունքները, որ նշում եք, չկան։ Ամբաստանյալ Ն. Հունանյան. – Ես չեմ տեսել։ Փաստաբան Ռուբեն Սահակյանը միանում է ամբաստանյալի միջնորդությանը՝ միաժամանակ հարցնելով, թե ո՞ւր է Ալիկ Հարությունյանի դիմումը, ո՞ւր է Մարսել Մաթեւոսյանին ուղղված դիմումը։ Դեմիրճյանների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Աշոտ Սարգսյանը գտնում է, որ Ն. Հունանյանը դատարանում թող ասի այդ ցուցմունքը, որի մասին նշում էր, այդ պահին ակնհայտորեն չկողմնորոշվելով, որ խոսքը քրեական գործից անհետացած փաստաթղթերի մասին է… Մեղադրող կողմը ժամանակ խնդրեց (2 օր) եւ դատական նիստն այդ կապակցությամբ ընդմիջվեց։ Այսօր կշարունակվի դատաքննությունը։ Հնարավոր է՝ Նաիրի Հունանյանը հանդես գա դատաքննական ցուցմունքներով։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել