Լրահոս
Օրվա լրահոսը

Այսպես

Ապրիլ 18,2001 00:00

«ՍԱ ԱԿԱՆ Է» Այսպես գնահատեց Շավարշ Քոչարյանը «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու կարգի մասին» օրինագիծը, այն խիստ վտանգավոր համարելով ժողովրդավարության ճանապարհը բռնած պետության համար։ Երեկ խորհրդարանական քննարկումների ընթացքում «ժողովրդավարության դեմ ոտնձգություն», «մտահոգիչ», «անհարիր իրավական պետություն կառուցող երկրին» անվանված այս օրինագծի ճակատագիրը կվճռվի այսօր, երբ այն կդրվի քվեարկության։ Եթե մինչ այդ պահը պատգամավորների զգալի մասը հաղթահարեն բուն օրենսդրական աշխատանքի հանդեպ իրենց զզվանքը եւ կարդան այս նախագիծը, բավական զվարճալի եւ հետաքրքիր դրույթներ կհայտնաբերեն։ Բայց նախ լուրջը եւ ամենակարեւորը. թեեւ այս օրինագծում Սահմանադրությանն արված բազմակի հղումներին՝ այսպիսով հնարավորություն է տրվում սահմանափակել խաղաղ հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու քաղաքացիների սահմանադրական իրավունքը։ Այն կարող է ոտնահարվել եւ հանրահավաք անցկացնելու դիմումը կարող է մերժվել, եթե նախապես չի նշվել անցկացման նպատակը, ձեւը, միջոցառման սկզբի եւ ավարտի ժամանակը (ի դեպ, եթե հետո միջոցառման համար սահմանված ժամկետը սպառվում է՝ այն պիտի դադարեցվի), մասնակիցների նախատեսվող մոտավոր թվաքանակը, միջոցառման անցկացման համար պատասխանատու քաղաքացու (քաղաքացիների) բոլոր տվյալները, «ինչպես նաեւ նրա (նրանց) համաձայնությունը՝ հաստատված նոտարական կարգով»։ Իսկ եթե դիմողը կազմակերպություն է, ապա ի շարս այլ փաստաթղթերի՝ պիտի ներկայացվի նաեւ «կազմակերպության գրանցման վկայականի կամ որոշման պատճենը»։ Վերընթերցեք այս ցանկը եւ այդ հենքի վրա ընկալեք Դավիթ Հարությունյանի այն հայտարարությունը, թե ներկա կարգը (այն է՝ 1988-ի հուլիսի 29-ին ՀՍՍՀ Գերագույն սովետի նախագահության հրամանագիրը) ամբողջատիրական ժամանակների ծնունդ է։ Եվ եթե այն ուժը չկորցնի՝ ԱԺ-ն պիտի պատասխանատվություն ստանձնի։ Թերեւս առավել համոզմամբ կարելի էր պատասխանատվության մասին պնդել, եթե այս օրինագիծն իր ներկա տեսքով անցնի։ Դավիթ Հարությունյանը երեկ պնդում էր, թե նախնական համաձայնության գործընթացը պարտադիր է միայն նրա համար, որ իշխանությունները կարողանան ապահովել հրապարակային միջոցառման խաղաղ բնույթը։ Այդ դեպքում անհասկանալի է, թե ինչու պիտի դիմումում նախապես նշվի, ասենք, միջոցառման անցկացման նպատակը։ Բացի այդ, ինչ արժեն միայն ապօրինի, այսինքն, առանց համաձայնության անցկացված միջոցառման կազմակերպիչների համար սահմանվելիք քրեական կամ վարչական պատժաչափերը։ Երեկ քննարկվեցին նաեւ համապատասխան օրենսգրքերում նախատեսվող փոփոխությունները։ Առանց թույլտվության հանրահավաք անցկացնողներին սպառնում է մինչեւ 15 օր վարչական կալանքը։ Եթե նման հանրահավաքի ընթացքում հանկարծ մեկին վնաս պատճառվի՝ միջոցառման կազմակերպչին երկու տարով կազատազրկեն։ Իսկ եթե մասնակիցներից մեկը մահանա՝ հանրահավաքի համար պատասխանատուին 3-10 տարով կուղարկեն ոչ այնքան հեռավոր վայրեր։ Նմանօրինակ դրույթները երեկ պատգամավորների տարակուսանքն էին հարուցել։ «Ենթադրենք մի երկու տականք հանրահավաքում դիտավորյալ սադրանք են կազմակերպում, ինչո՞ւ պիտի պատասխանատվություն կրի հանրահավաք նախաձեռնողը»,- զարմացել էր Արթուր Բաղդասարյանը։ «Սա հայտնագործություն է իրավաբանության մեջ, որ պատճառական կապ չլինի, բայց անձը ենթարկվի պատասխանատվության՝ անկախ իր մեղքից»,- պնդեց Կիմ Բալայանը։ Իսկ այժմ նախագծի զավեշտալից դրույթները։ Այս օրինագծով արգելվում է հրապարակային միջոցառումների ընթացքում «անցկացնել զանգվածային հիպնոսի սեանսներ»։ Սա մեր պատասխանը Կաշպիրովսկուն։ Սահմանվում է, թե նման միջոցառումներ կազմակերպելու կամ դրանց մասնակցելու իրավունք չունեն «նախնական կալանքի կամ ազատազրկման վայրերում գտնվող քաղաքացիները»։ Ըստ արդարադատության նախարարի բացատրության, այս սահմանափակման դիմել են, քանի որ կալանավորների վրա էլ է տարածվում հանրահավաքներ անցկացնելու նույն սահմանադրական իրավունքը։ Տես է, իսկ մեզ նման փաստ հայտնի չէր, որ օրինակ, Կոշի գաղութի «բնակիչները» փափագում են լքել իրենց կացարանը, ասենք, ԲԷՑ-երի մասնավորեցման դեմ բողոքի գործողությանը մասնակցելու համար։ Եվ միայն այս օրինագծի ընդունմամբ է հնարավոր զսպել նրանց այդ ցանկությունը։ Բացի այդ, օրենքի այս նախագծով արգելվում է ժողովներ, հանրահավաքներ եւ ցույցեր անցկացնել «ՀՀ կառավարության կողմից սահմանված պետական հատուկ նշանակության օբյեկտների տարածքներում»։ Այս դրույթն ընթերցելիս հիշողության գիրկն ընկա, թե ինչպես էին «ամբողջատիրական ժամանակներում» նման օբյեկտներից մեկի՝ հեռուստառադիոպետվարչության շենքի դիմաց «Ամոթ մամուլին» վանկարկում։ Կամ, ինչպես էր տարիներ անց նույն շենքի դիմաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արտաշես Շահբազյանը գոռում. «Ամոթ քեզ, Ռոբերտ Մավիսակալյան, տղամարդ եղիր»։ Այ, գործեր այն ժամանակ նման օրենք՝ այդպիսի անհարկի կոչեր չէին հնչի։ … ԱԺ պետաիրավական հանձնաժողովը 20-ից ավելի առաջարկներ է արել այս օրինագծի վերաբերյալ։ Օրենքի հեղինակները խոստացել են, թե դրանց զգալի մասն ընդունվելու են։ Մնում է միայն զարմանալ, թե ի՞նչն էր խանգարում, որ օրենքը ետ տարվեր ու լրամշակված եւ ոչ թե նման հում տեսքով ներկայացվեր իր առաջին քվեարկությանը։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել