Կորուստ Կյանքից հեռացավ Դմիտրի Կեսայանցը։ Կյանքից հեռացավ հայ ականավոր կինոռեժիսոր, արվեստի վաստակավոր գործիչ Դմիտրի Կեսայանցը։ Ծնվել է 1931 թվականին։ Ավարտելով Համամիութենական կինոինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը (Գր. Կոզինցեւի արվեստանոց), ընդունվել է աշխատանքի «Հայֆիլմ» կինոստուդիա, որտեղ եւ իր բեմադրած ֆիլմերով գրավել է առաջնակարգ դիրքեր։ «Տերն ու ծառան» (1962թ.) կարճամետրաժ ֆիլմը եւ, հատկապես, «Ավդոյի ավտոմեքենան» (1967թ.) արժանացան հանդիսատեսի եւ մասնագետների ուշադրությանը։ Հաջողությամբ պսակվեցին նաեւ «Մարդը Օլիմպոսից» (1975թ.), «Զինվորը եւ փիղը» (1978թ.) ֆիլմերի բեմադրությունը։ 90-ականների սկզբին Դմ. Կեսայանցը անդրադարձավ նաեւ մեր ազգին վիճակված ծանր փորձություններին («Անիծվածներ» (1991թ.) եւ «Աղետ» (1993թ.)։ Դմ. Կեսայանցը վերջին տարիներին դասավանդում էր Հայկական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում եւ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում՝ դաստիարակելով կինոբեմադրիչների նոր սերունդ։ Նա վառ անհատականություն էր եւ որպես արվեստագետ, ստեղծագործող, մշտապես որոնող, եւ որպես անձնավորություն, որին հատուկ էր սկզբունքայնություն, շիտակություն եւ համեստություն։ Դմ. Կեսայանց տաղանդավոր արվեստագետի եւ ազնիվ մարդու կերպարը միշտ վառ կմնա մեր սրտերում։ ՀՀ մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարություն ՀՀ կինեմատոգրաֆիստների միություն «Հայֆիլմ» կինոստուդիա Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ