Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՈՐՔԱՆ ՀԵՌՈՒ՝ ԱՅՆՔԱՆ ՍԻՐԵԼԻ՞

Ապրիլ 17,2001 00:00

ՈՐՔԱՆ ՀԵՌՈՒ՝ ԱՅՆՔԱՆ ՍԻՐԵԼԻ՞ Հայ եկեղեցու տոնացույցում բոլոր տոներին հաջորդում է հանգուցյալների շիրիմներին այցի գնալու կարգը։ Մեռելոցին գերեզմաններ գնալու հինավուրց սովորությունից պահպանվել է միայն հանգուցյալի շիրիմին ծաղիկներ դնելը, խունկ ծխելը։ Ժողովուրդը վաղուց է դադարել թաղմանը, յոթնօրյակին, քառասունքին եւ տարելիցին գերեզմանօրհնեք կատարել քահանայի միջոցով։ Սուրբ Հարության տոնին հաջորդած մեռելոցին, երեկ, Շահումյանի գերեզմանատանը նմուշի համար մեկ քահանա էլ չկար, չէր հնչում հոգեհանգստին երգվող «Ի վերին Երուսաղեմը»։ Փոխարենը ծաղիկների առեւտուր էր եւ ծաղիկների հեղեղ շիրմաթմբերին։ Կոմունիստական վարչակարգը հաջողեց վերացնել քահանայի միջոցով գերեզմանն օրհնելու կարգը։ Հայ եկեղեցու սպասավորների, հայ թագավորների, զորավարների եւ իշխանների դամբարանները պարզ, տափարակ գերեզմանաքարեր են կամ հայկական անկրկնելի խաչքարեր։ Այլապես մենք այսօր չէինք ունենա Նորադուզի խաչքար-հրաշքը, կամ էլ Հին Ջուղայի գերեզմանատունը, որը խաչքարի արվեստի թանգարան է։ Իսկ մեր օրերում կռապաշտական դրսեւորումները հաճախ անճաշակ, ավելի ակնառու են։ Կենդանության օրոք մեծամասամբ այդքան սիրո ու ուշադրության չեն արժանանում, որքան մահից հետո։ Ինքնամխիթարման, հոգեբանորեն մարդկային պահանջից է, որ մեր սիրելի հանգուցյալներին այդքան մարմար (անհեթեթ գներով), արձան ու ծաղիկ ենք նվիրում։ Մոռանում ենք, որ երբ դեռ նա կենդանի էր, ժամանակ չէինք գտնում այցի գնալ, ծաղիկներ նվիրել եւ սիրել՝ անհիշաչար։ Գերեզմանատունը դարձել է մեր մեղքերը քավելու, չարածը, սիրելիի մահից հետո, տասնապատիկ փոխարինելու ցանկությունների անդաստան։ Այսօրվա մահարձանները հայ եկեղեցու դավանանքին անհարիր են եւ լավ կլիներ պարզություն մտցնել այդ խայտաբղետ արձանների մեջ։ ՇԱՔԵ Ա-ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել