Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Երեւանի Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնի մեներգչուհի Վարդուհի Խաչատրյանի անունը այսօր հա

Ապրիլ 17,2001 00:00

Վարդուհին հավասարը չունեցավ Երեւանի Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնի մեներգչուհի Վարդուհի Խաչատրյանի անունը այսօր հայտնի է ոչ միայն հայաստանյան երաժշտասերներին։ Վերջին տարիներին հաջողությամբ հանդես գալով Գերմանիայի, Բելգիայի, Իսպանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի բեմահարթակներում, հայ երգչուհին պատվով է ներկայացրել մեր կատարողական արվեստը եւ արժանացել այդ երկրների թե մասնագետների եւ թե երաժշտության երկրպագուների բարձր գնահատականին։ Վարդուհի Խաչատրյանը (մեցցո-սոպրանո) ավարտել է կոնսերվատորիան՝ Մարիաննա Հարությունյանի եւ Գոհար Գասպարյանի դասարաններում։ Ուսումնարանում Վարդուհու ձայնը մշակում էր Վլադիմիր Խաչատրյանը։ Իսկ նրա վոկալի առաջին ուսուցիչն էր հայրը՝ Ալբերտ Խաչատրյանը, որը նույնպես հայտնի երգիչ է եւ առայսօր շարունակում է երգել Հայաստանի պետական ակադեմիական կապելլայում։ Վերջերս Վարդուհին հաղթանակով վերադարձավ Աթենքում կայացած Մարիա Կալասի անվան մրցույթից։ Այդ մրցույթի համար երգչուհին կոնցերտմայստեր Աննա Մանդալյանի հետ նախապատրաստել էր 20 գործ՝ տարբեր ոճերի եւ ժամանակների օպերային արիաներ ու երգեր։ Բացի այդ հսկայածավալ երկացանկից, մրցույթի «պարտադիր ծրագրի» մեջ էր մտնում որեւէ դասական օպերայի ամբողջական դերերգը, երգչուհին ընտրեց Ազուչենայի դերերգը Վերդիի «Տրուբադուրից», որով մեծ հաջողությամբ հանդես է գալիս Երեւանի օպերայի եւ բալետի պետական թատրոնում։ Այդ դժվարին ծրագրի կատարողների շարքում հայաստանցի երգչուհին հավասարը չունեցավ, եւ առաջին տեղի բացակայության պայմաններում Վարդուհին գրավեց երկրորդը։ Աթենքից առաջ Վարդուհի Խաչատրյանը դարձել էր նաեւ մի շարք այլ մրցույթների դափնեկիր՝ Բելգիայում «Վերվյե», Իսպանիայում՝ Ջ. Գայարի անվան, Իտալիայում՝ Բելինիի անվան միջազգային մրցույթներում։ Երգչուհու խոսքերով, իր մասնակցած բոլոր մրցույթներում ժյուրիի կազմը շատ հեղինակավոր էր՝ կազմված համաշխարհային վոկալ երաժշտության առաջին կարգի աստղերից եւ ամենաառաջատար օպերային թատրոնների տնօրեններից։ Իսկ պահանջները չափազանց խիստ են. վիրտուոզ տեխնիկական վարպետության կողքին անհրաժեշտ է խորապես թափանցել կոմպոզիտորի մտահղացման, երաժշտության եւ բառերի իմաստի մեջ։ Վստահաբար կարելի է ասել, որ հենց այդ հատկություններն են Վարդուհու մեջ գնահատում Ջոան Սազերլենդը, Գունդուլա Յանովիչը, Լուիջի Ալվան, ժամանակակից վոկալ արվեստի այլ նշանավոր վարպետներ։ …Իսկ ստեղծագործական ծրագրերը շատ են. Ադալջիզա՝ Բելինիի «Նորմայում», Ամներիս՝ «Աիդայում», Կարմեն։ Մայիսին Վարդուհին նորից բեմ կբարձրանա մենահամերգով՝ Կամերային երաժշտության տանը հնչելու է իսպանական երաժշտություն։ Լ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել