Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վերջերս

Ապրիլ 17,2001 00:00

ԻՆՔՆԱԳՈՀՈՒԹՅԱՆ ՄՈԼՈՒՑՔՈՎ Վերջերս մամուլում հրապարակվեց հարցազրույց Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանի հետ, որում սեւով սպիտակի վրա կարդում ենք. «Գրադարանը մենք ժառանգեցինք ուղղակի քայքայված վիճակում։ Պատճառը՝ խորհրդային շրջանում գրադարաններին «երես չտալու» կենսակերպը, ոչ խորհրդայինում՝ 10 տարիների ալան-թալանը»։ Անտեղյակ, բայց եւ՝ նորմալ երկրի ընթերցողը կարող է մտածել, որ «թալանչիները» վաղուց ի վեր բանտում են։ Մեզանում, ցավոք, սոսկ բարոյական նորմերը չեն արժեզրկվել, նաեւ՝ թալան, կաշառակերություն բառերը, որոնք չափից ավելի պատեհ ու անպատեհ գործածվելուց՝ գրեթե փաղաքշական երանգ են ստացել։ Անտեղյակ ընթերցողին տեղեկացնեմ, որ 10 տարիների ընթացքում գրադարանը երկու տնօրեն է ունեցել, հետեւաբար, ըստ Դավիթ Սարգսյանի, գոնե առաջին չորս տարիների «ալան-թալանի» պատասխանատվությունը կրում է երջանկահիշատակ Ռաֆայել Իշխանյանը (կարծում եմ, մեկնաբանություններն ավելորդ են)։ Իսկ նրա տեղակալը՝ ձեր խոնարհ ծառան, շատ ավելի մեղմ որակումների համար ստիպված է եղել երեք տարի շարունակ «նեղություն պատճառել» իրավապահ մարմիններին՝ հարկադրելով զանցանքներ գտնելու անպտուղ ջանքեր գործադրել։ Մի տարի առաջ շարունակ խոսվում էր գրքերի կորուստների մասին, այսօր, պարզվում է, գրքերի կորուստ չկա, բայց վերելակներից ինչ-որ կարմիր մետաղ են թռցրել։ Վաղը մի ուրիշ բան կպարզվի։ Ինձ շլացնում են վերոհիշյալ պաշտոնյայի ոչ այնքան քրեաիրավական, որքան գրադարանային գիտելիքները։ Մի կողմ թողնենք, որ գրադարանի նոր մասնաշենքը բնավ չէր կարող շահագործվել Զորի Բալայանի «Այստեղ մեռնում են գրքերը» հոդվածից հետո՝ այն պարզ պատճառով, որ այն կառուցման ընթացքի մեջ էր։ Սա դեռ ոչինչ, պարզվում է նաեւ, որ գրապալատը, իր բուն գործունեությունը Ազգային գրադարանին հանձնելով, կարող է զբաղվել հրատարակիչներին գիրք հրատարակելու իրավունք շնորհելու աշխատանքներով։ Այսքանից հետո զարմանալու առիթ չէ արդեն, որ պրն Սարգսյանը միանգամայն ավելորդ է համարում գրահրատարակչության վարչության գոյությունը՝ դրա գործունեությունը հավասարեցնելով առնվազն երեք հոգու ծանրաբեռնվածության։ Նույն տրամաբանությամբ է, հավանաբար, առաջնորդվել նա՝ իր նշանակվելուց հետո փոխտնօրենների թիվը երկուսից հասցնելով չորսի։ Հայ գրքի մերօրյա նվիրյալը մեծ ամոթ է համարում այն իրողությունը, որ 16-17-րդ դարերում տպագրված գրքերի հավաքածուն գրադարանում ամբողջական չէ, եւ բոլորովին չի ամաչում, որ գրադարանում բացակայում է մեր օրերում լույս տեսնող, ասենք, 98-99թթ. հայ տպագրության տարեգիրը, էլ չենք խոսում մնացած հրատարակությունների մասին։ Գրադարանի թամանյանական մասնաշենքի մեծ մասը տրվել է վարձակալության՝ Տերյան 72-ը այլեւս դարձնելով շեյփինգի, գթության քույրերի քոլեջի, նվագախմբի կամ արեւելյան աղանդերի խանութի հասցե։ Համաձայնեք, աշխարհում չես գտնի մի երկրորդ Ազգային գրադարան, որն իր գլխավոր շենքը այսպես շռայլորեն տրամադրի հայրենակից ձեռներեցներին։ Դժվար է կռահել, թե ինչ նկատի ունի պրն Սարգսյանը՝ «գրադարանների միավորումներ» ասելով, բայց մի բան գոնե իր համար հստակ է. «Ավելի լավ է մենք ունենանք քիչ, բայց հարուստ, լավ գրադարաններ»։ Սա արդեն, էլ ինչ սենսացիա, իսկական աղետ է։ Այս սահմռկեցնող օգտապաշտության մեջ, սակայն, լուսավոր կետ էլ կա, երազանք՝ հայ գրքի թանգարան։ Այսպես շարունակելու դեպքում կհասնենք նրան, որ հայ գիրքն էլ, գրադարաններն էլ լոկ թանգարանային առարկա կդառնան։ ԱՆԱՀԻՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել