Տեսչությունը կպարտադրի օրենքի պահանջը Հարցազրույց ՀՀ կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչության պետ Լեւոն Գալստյանի հետ 1993թ. ապրիլին Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը ընդունեց լեզվի մասին օրենքը, որով սահմանվեցին հանրապետության լեզվական քաղաքականության դրույթները, կարգավորվեց լեզվավիճակը Հայաստանում։ Օրենքի կիրառման համար ստեղծվեց լեզվի պետական տեսչությունը, որը կառավարական նոր կառույց էր Հայաստանի պատմության մեջ։ Լեւոն Գալստյանին խնդրեցիք մեկնաբանել օրենքը եւ գնահատել այն տարիների հեռվից։ – Մեր Երկրորդ Հանրապետությունն այն ժամանակ ընդունեց Հայաստանի պատմության մեջ եզակի, պատմական նշանակություն ունեցող օրենքը լեզվի մասին։ Մեր երկրում առաջին անգամ հայոց լեզուն, ի լրումն Սահմանադրության, օրենքով էլ սահմանվեց միակ պետական լեզուն, եւ գրական հայերենը՝ պաշտոնական լեզուն՝ Հայաստանի ողջ տարածքում։ Թեեւ Խորհրդային Հայաստանի Սահմանադրությամբ նույնպես հայերենը համարվում էր Հայաստանի պետական լեզուն, բայց իրականում ստեղծվել էր երկլեզվյան մի վիճակ։ Լեզվի մասին օրենքը ուրվագծեց Հայաստանի լեզվական քաղաքականությունը ինչպես Հայաստանի տարածքում, այնպես էլ՝ հայրենիքից դուրս ապրող ողջ հայության համար։ Ամրագրվեց նաեւ ուղղագրության միասնականացման դրույթը։ Այստեղ հարկ է նշել, որ մեր գրական լեզվի երկու ճյուղերը՝ արեւելահայերենն ու արեւմտահայերենը, հնարավորինս մերձեցնելու խնդիրը զուտ գիտական է, ցանկությունը՝ համազգային, եւ պետք է համազգային ջանքերով եւ գիտական հիմնավորումներով լուծել այն, այլ ոչ՝ վարչական միջոցներով։ Օրենքի դրույթներից կարեւորությամբ առանձնանում են կրթության համակարգի լեզվական խնդիրները։ Գրական հայերենը, համաձայն օրենքի, համարվում է Հայաստանի կրթական եւ ուսումնական համակարգում դասավանդման եւ դաստիարակության լեզուն։ Այն «փաստարկները», թե մենք աշխարհի առջեւ դուռ ենք փակում, լեզվական պատնեշ ենք ստեղծում մեզ համար, մեղմ ասած, սխալ են, անհիմն։ Մեր գերատեսչությունը մտահոգված է նաեւ այլ լեզուների՝ ե՛ւ ազգային փոքրամասնությունների, ե՛ւ այլ օտար լեզուների խնդիրներով (ի դեպ, Հայաստանը այն եզակի երկրներից է, որ օրենքով («ՀՀ լեզվի մասին օրենքի» հոդված 2-ը) հովանավորում է այլազգիների կրթությունը)։ Բայց այս ամենը պետք է ճիշտ հիմքի վրա դնել։ Օտար լեզուները պետք է տիրապետել մայրենիի հիմքով եւ ո՛չ՝ ի հաշիվ նրա։ Ռուսական դպրոցների փակումը, չնայած առաջ բերած ցնցումներին, այսօրվա բարձունքից ըստ պատշաճի գնահատվում է որպես պատմականորեն հասունացած խնդրի ճիշտ լուծում։ Օրենքում սահմանված են նաեւ Հայաստանի քաղաքացիների լեզվական պարտականությունները։ Սա մեզանում նոր հասկացություն է, եւ առայսօր ո՛չ բոլորն են խորապես ընկալում այն։ Շատերի համար լեզվական վարքագիծը դիտվում է որպես անձի անձեռնմխելի իրավունք։ Հաճախ այդպիսին է համարվում նաեւ ցուցանակների, գովազդի լեզուն՝ մոռանալով, որ այն, մեր քաղաքի արտաքին՝ ճարտարապետական տեսքի մշակութային բաղադրիչը լինելուց զատ, ունի կրթադաստիարակչական նշանակություն, իսկ, որ ամենակարեւորն է, ազգային պետության մայրաքաղաքը, պատկերավոր ասած, պետք է խոսի պետական լեզվով։ Լեզվի պետական տեսչությունը՝ որպես լեզվաքաղաքականություն մշակող, իրականացնող եւ վերահսկող մարմին, իր գլխավոր խնդիրն է համարում քաղաքացուն, պետական պաշտոնյային, ձեռներեցին պարտադրել օրենքի պահանջը։ Պատրաստեց ԵՐԱԶԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ Լեզվի պետական տեսչության լր. բաժին