Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Անցյալ տարվա հուլիսի 20-ին նշվեց 1990-95թթ. Գերագույն խորհրդի 10-ամյակը։ Այս ապրիլի 14-ին «Գերագույն

Ապրիլ 17,2001 00:00

ԳԽ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ 75%-Ը ԳՈՐԾԱԶՈՒՐԿ Է Անցյալ տարվա հուլիսի 20-ին նշվեց 1990-95թթ. Գերագույն խորհրդի 10-ամյակը։ Այս ապրիլի 14-ին «Գերագույն խորուրդ-պատգամավորական ակումբ» հասարակական կազմակերպության հիմնադրման 5-ամյակը նշվեց, միաժամանակ՝ ակումբի անդրանիկ տեղեկագրի շնորհանդեսը։ Տեղեկացնեմ, որ ակումբի անդամներն են առայժմ 90 ԳԽ պատգամավորներ։ Ակումբի նախագահության որոշմամբ՝ մասնաճյուղեր են ստեղծվել Շիրակի, Տավուշի, Լոռու, Կոտայքի, Արմավիրի, Արագածոտնի… շրջաններում։ ԳԽ պատգամավորներից (271) կյանքից հեռացել են 21-ը։ Այսօր դատապարտվել եւ իրենց իրավունքներն են փորձում պաշտպանել Աշոտ Բլեյանն ու Գագիկ Ներսիսյանը։ Մեկ այլ պատգամավոր՝ Վանո Սիրադեղյանը գտնվում է հայրենիքից դուրս։ ԳԽ պատգամավորների 75%-ը չի աշխատում, աշխատանք չունի, մի մասն այնքան անվճարունակ է, որ «ԳԽ ակումբի» չնչին… 100 դրամ անդամավճարը չի կարողանում մուծել։ Այնուհանդերձ, ԳԽ պատգամավորներին 2 հարց եմ ուղղում. ի՞նչ ավանդույթներ ստեղծեց ԳԽ-ն իր ժամանակին, եւ ցավ չե՞ք զգում այն զգացումից, թե Ձեզ ուրացան, մոռացան, որ իզուր էին անցած 5 տարիները։ Անահիտ Գեւորգյան (թիվ 139 ընտրատարածք)- 5 տարի երկրի համար պայքարած մարդկանց համար դժվար է, որովհետեւ անկեղծորեն են նվիրվել։ Մենք սեւ ու սպիտակ գույներով իրար լրացրել ենք, միմյանց նկատմամբ երբեք չարություն չի եղել։ Ջեմմա Անանյան (թիվ 130 ընտրատարածք)- Իհարկե, պասիվ է վիճակս քաղաքական կյանքին մասնակցելու առումով։ Պետք է ասեմ, որ բարոյական մթնոլորտը այն ժամանակ բարձր էր, առավել բարոյական մեթոդներով էին ընտրված պատգամավորները, հակառակ կողմը, ինչպես տեսնում եք, այստեղ ներկայացված չէ։ Իրենք մաքրել են այս դաշտը իրենց չգոյությամբ։ Թամարա Ալոյան (թիվ 165 ընտրատարածք)- Այժմ օրենքներ են ընդունվում, որոնք պատգամավորների գերակշիռ մասը չի կարդացել։ Ցավի զգացումը կա, ափսոսում ես, որ այն ժամանակ շատ բաներ արվեցին ու հիմա ավերվում են։ Չգնահատված լինելը նույնպես կա։ Գարմեն Մխիթարյան (թիվ 232 ընտրատարածք)- 5 տարիների համար չեմ ափսոսում։ Մենք շատ օրենքներ ընդունեցինք։ Նորից պիտի ընտրվեինք, որ չմոռացվեինք… Եղիա Շամշյան (թիվ 19 ընտրատարածք)- Նրանք, ովքեր գտնվում են «ԳԽ ակումբում», այն պատգամավորներն են, ովքեր բավականին աշխատանք կատարեցին պետության կայացման, ժողովրդավարական սկզբունքների արմատավորման համար։ Տարիների ընթացքում դեֆորմացվեցին շատուշատ հարաբերություններ, եւ մեր ընկերները դուրս մնացին աշխատելու ոլորտից։ Մելս Սահակյան (թիվ 221 ընտրատարածք)- Ժողովրդավարություն փորձեցինք հաստատել, ազատականություն, որի իմաստն այս էր. գործիր այնքան, քանի չես խանգարում դիմացինիդ, եթե խանգարում ես, գործիր օրենքի համաձայն, բայց, ցավոք, այդ ավանդույթը չպահպանվեց։ Ցավի զգացո՞ւմ. սկզբից՝ այո, հետո մտածեցի, որ կյանքը շատ բազմազան է, որ անցյալով չի կարելի ապրել, անցյալը պետք է գնահատել ու նայել առաջ։ Չհասկացան, որ չպետք էր այդպես պատգամավորներին «բրախել»։ Վալերի Պողոսյան (թիվ 14 ընտրատարածք)- Երեւի ժամանակ է պետք, որ հասկացվի, թե ինչ ավանդույթներ ձեւավորվեցին։ Բայց ցանկալի կլիներ, որ իրենց մակարդակը (ԱԺ-ի) մեզանից (ԳԽ-ի) բարձր լիներ, ոչ թե ավելի վատ։ Նարինե Բալայան (թիվ 116 ընտրատարածք)- Ես հիմա մտածում եմ, որ եթե ունենք հիվանդ պատգամավորներ, փոքրիկ հիմնադրամի միջոցով փորձենք նրանց օգնել։ Ռուդիկ Հովհաննիսյան (թիվ 89 ընտրատարածք)- Ինչքան տարելիցներ նշենք, գոնե էս սեւ ցուցակի մեջ (կյանքից հեռացածների) առաջիկա 10 տարում չհայտնվենք։ Սամվել Շահինյան (թիվ 74 ընտրատարածք)- Այսօրվա պառլամենտը այն պառլամենտն է, որը ժողովրդին պետք է։ Այնպես որ, ես այնտեղ տեղ չունեմ։ Որովհետեւ ինձ ընտրող ժողովրդավարական մտածողությունն այս պահին գոյություն չունի։ Մի ավանդույթ չի փոխանցվել. դա գործի, օրենսդիր աշխատանքի նկատմամբ հարգալից վերաբերմունքն էր։ Մենք այն ժամանակ ուզում էինք ԳԽ-ԱԺ-ԱԺ շարունակաբար ինչ որ գիծ ստեղծել, որը, պարզվեց, անհնարին էր. յուրաքանչյուրը՝ 3 պառլամենտները իրենց էությամբ, ուղղվածությամբ եւ անելիքների ցանկով արմատապես տարբեր էին։ Մեր ստեղծած վերնաշենքից երեւի 20%-ն է պահպանվում։ Արամ Մայիլյան (թիվ 83 ընտրատարածք)- Իսկապես, մոռացության տարրեր կան, գաղափարների առումով, որ ԳԽ-ն բերեց, բավականին նահանջ գրանցվեց. ի՞նչ մնաց մեր դրած համակարգից, գաղափարախոսական սկզբունքներից։ Հիմնական ավանդույթը սա պետք է լիներ, որ պառլամենտը բախում է գաղափարախոսությունների, ոչ թե մանր-մունր շահերի։ Այ, սա չտեղափոխվեց։ Ռուբեն Թորոսյան (թիվ 11 ընտրատարածք, ակումբի նախագահ)- Մանրուքներ կան. կանոնակարգը, հարցապնդումները, պառլամենատարիզմի առաջին տարրերնն էին, որոնք մենք ենք ստեղծել… Բայց կարեւորը, ըստ իս, ընտրական իրավունքի պաշտպանությունն է։ Մենք բոլորս՝ գերակշռող մասը, ազնիվ ձեւով ենք պատգամավոր դարձնել։ Ափսոսանք չկա։ Ես լուրջ մտահոգություն ունեմ՝ այսօր ԳԽ-ի անդամների 75%-ը չի աշխատում։ Այսպես կոչված՝ եւ նախկինների, եւ ներկաների ժամանակ 75%-ը չի աշխատում։ Մարդիկ կան, որ 100 դրամ անդամավճարը չեն մուծում։ Սա խայտառակություն է, որ 3-րդ հանրապետության առաջին պառլամենտականներն այդ վիճակում են։ Իրավական իրավահաջորդների պատճառով մենք բարոյական պատասխանատվություն ենք կրում։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ 1990-95թթ. ԳԽ-ում հավատարմագրված լրագրող

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել