Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ապրիլի 11-15-ը Հայաստանում էր գտնվում Էստոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Թոմաս Հենդրիկ

Ապրիլ 17,2001 00:00

Կդառնա՞ Էստոնիայի ներկան մեզ ապագա Ապրիլի 11-15-ը Հայաստանում էր գտնվում Էստոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Թոմաս Հենդրիկ Իլվեսի գլխավորած պատվիրակությունը։ «Մենք ցանկանում ենք որոշակի տնտեսական շահերի հետամուտ լինել այս տարածաշրջանում։ Եվ հենց այդ է հիմնական պատճառը, որ ես այստեղ եմ»,- ասաց նախարարը։ Բացի մեր երկրի ղեկավարության հետ հանդիպումներից, Թ. Հ. Իլվեսը Հայաստանի Ամերիկյան համալսարանում հանդես եկավ դասախոսությամբ։ Նա ներկայացրեց Էստոնիայի ներկա տնտեսական վիճակը, զարգացման հեռանկարներն ու ընդհանրապես այն նպատակները, որոնց հետամուտ է իր պետությունը։ Արտգործնախարարի խոսքերով, համակարգչային ընդհանուր ցանցում ընդգրկված է իր երկրի կառավարման ամբողջ համակարգը։ Բանկերի ծառայությունների 85%-ը կատարվում է ինտերնետի միջոցով։ Երկրի բնակչության 25%-ը ունի էլեկտրոնային բանկային հաշիվ։ Թ. Հ. Իլվեսի հավաստմամբ, Էստոնիան տարբեր ոլորտների ձեռքբերումներով այսօր գերազանցում է Եվրամիության շատ երկրների ընդհանուր մակարդակը, եւ «պետության անդամակցումը Եվրամիությանը այնքան էլ հեռու չէ»։ Էստոնիայի արտգործնախարարը դասախոսության ժամանակ նշեց, որ 1915թ. Հայոց ցեղասպանության ընդունման հետ կապված «արտգործնախարարությունից պատվիրակությունը ստացել է մի ընթացիկ փաստաթուղթ, որը դեռ քննարկման փուլում է»։ Սակայն հաջորդ օրը Վարդան Օսկանյանի հետ հանդիպման ժամանակ ե՛ւ մեր արտգործնախարարը, ե՛ւ Թ. Հ. Իլվեսը հերքեցին դա, նշելով, որ այդպիսի փաստաթուղթ չի եղել, եւ «հավանաբար խոսքի թարգմանությունն է վատ հասկացվել»։ Էստոնիայի արտգործնախարարը ակնհայտորեն խուսափեց Եղեռնի ընդունման խնդրին անդրադառնալուց։ Թերեւս, հաշվի առնելով, որ իր պետությունը արդեն Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելու նախաշեմին է։ Փոխարենը Թ. Հ. Իլվեսը նշեց, որ Էստոնիայում 2000 հայ է բնակվում եւ «հայ համայնքը ամենահաջողված ազգային փոքրամասնություններից է՝ եւ կրթվածության առումով, եւ ընդհանրապես, ինտելեկտուալ բարձր մակարդակով։ Իսկ էստոնացիները ուղղակի հպարտանում են հայերով»։ էստոնաբնակ հայերի 50 տոկոսն այդ հանրապետության քաղաքացիներ են։ Վ. Օսկանյանն ու Թ. Հ. Իլվեսը ստորագրեցին Հայաստանի եւ Էստոնիայի միջեւ եկամուտների ու գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին կոնվենցիա։ Երկու երկրների արտգործնախարարները դա համարեցին առաջընթաց քայլ՝ փոխադարձ ներդրումներ կատարելու եւ առեւտրատնտեսական հարաբերություններ հաստատելու գործում։ Ի դեպ, նշենք, որ Էստոնիայի արտգործնախարարի հավաստմամբ՝ Էստոնիայում միջին աշխատավարձը մոտ 500 ամերիկյան դոլար է։ Իսկ տնտեսության մեջ հիմնական ներդրողները՝ Շվեդիան եւ Ֆինլանդիան։ Անշուշտ, Հայաստանի համար թե աշխատավարձի եւ թե ներդրումների առումով Էստոնիայի ներկան հեռավոր ու լուսավոր ապագա է։ Եվ այս պահին դժվար է ասել, թե Հայաստանը երբ կհասնի Էստոնիայի ներկայիս ցուցանիշին։ Վ. Օսկանյանը մասնավորապես նշեց, որ Հայաստանը առեւտրատնտեսական հարաբերությունների ու ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացման, ինչպես նաեւ Եվրամիությանը ինտեգրվելու առումով ընդօրինակելու շատ բան ունի Էստոնիայից։ Իսկ Թ. Հ. Իլվեսը վերջում հույս հայտնեց, որ Հայաստանն ու Էստոնիան կկարողանան ոչ միայն հաստատել երկկողմ տնտեսական հարաբերություններ, այլ նաեւ ապագայում դրանք լավագույնս զարգացնել։ Ս. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել