Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԴԿ-ի

Ապրիլ 17,2001 00:00

«ԻՆՉԸ ՈՐ ԳԻՆ ՈՒՆԻ՝ ՊԵՏՔ Է ՎԱՃԱՌՎԻ» ՀԴԿ-ի նախագահ Արամ Սարգսյանի կարծիքով, այս բանաձեւով ուղղորդվում են ներկա իշխանավորներից շատ-շատերը։ Ինչպես երեւում է՝ էներգետիկ բաշխիչ ցանցերի սեփականաշնորհման հարցն ամենից շատ մտահոգում է Հայաստանում գործող կուսակցություններին, որոնք, այս էլ որերորդ անգամ, այդ խնդրի վերաբերյալ ասուլիս են հրավիրում։ Երեկ ԳԱԱ-ում ՀԴԿ նախագահ Ա. Սարգսյանի գլխավորությամբ տեղի ունեցավ հերթական կլոր սեղանը, որին մասնակցում էին մի շարք կուսակցությունների անդամներ։ Ըստ պրն Սարգսյանի՝ հրավիրված էին նաեւ ԱԺ-ի ներկայացուցիչներ եւ պատգամավորներ (Տիգրան Թորոսյան, Գալուստ Սահակյան, Գագիկ Մինասյան), որոնք, սակայն, չէին ներկայացել. «Լինելով այդ գործարքի ջատագովներ, ես հուսով էի, որ նրանք կարձագանքեն հրավերին։ Նրանց չներկայանալու պատճառները երեք տարբերակ ունեն. կամ ոչինչ չունեն մեզ ասելու, մեզ հետ քննարկելու, համարում են, որ հարցը լուծված է եւ բանավեճը կխանգարի միայն հարցի լուծմանը եւ երրորդ՝ խոսքն ուղղակի գնում է փաստերի բացակայությանը»,- ասաց պրն Սարգսյանը։ Նրա կարծիքով, այսօրվա էներգետիկ համակարգի արդյունավետ գործելու համար «առանձնակի լուրջ ներդրումներ չեն պահանջվում»։ Ըստ պրն Սարգսյանի, շնորհիվ Համաշխարհային բանկի հետեւողական աշխատանքի, վերջին տարիներին էներգահամակարգը այն մակարդակի է հասել, որ աշխատել է անխափան։ Վերջինիս կարծիքով, Համաշխարհային բանկի կողմից այդ հետեւողականությունը հետապնդել է մի նպատակ, որպեսզի այդ անխափան աշխատող համակարգը վաճառվի։ «Եթե այդ անեին 1993-95թթ.-ին, երբ որ համակարգը քայքայված էր եւ այդ ներդրումները արվեին դրսից, այլ ոչ թե մեր պարտքերի հաշվին, միգուցե հասկանայի դա»,- ասաց Ա. Սարգսյանը։ Ըստ նրա, իրենք գործ ունեն մի պարզունակ, պրիմիտիվ ձեւակերպման հետ, որը կոչվում է ազատականության փիլիսոփայություն՝ «ինչը որ գին ունի՝ պետք է վաճառվի»։ «Բայց մի՞թե կարելի է վաճառել այն, ինչը աշխատում է,- զարմանում է պրն Սարգսյանը։- Մենք գտնում ենք, որ այն համակարգը, որն այսօր արդեն գործող է, որի հնարավորությունները տարեկան կարելի է ավելացնել 4-5 մլրդ կվտ ժամ էլեկտրաէներգիայով, չի կարելի վաճառել»։ Ապրիլի 19-ին ավարտվում է հայտարարված մրցույթի ժամկետը, եւ 20-ին հայտնի կլինի թե ով է հաղթել այդ մրցույթում։ Ըստ Ա. Սարգսյանի, իսպանական ընկերության ներկայությունը այսօր անօրինական է, որովհետեւ մարտի 28-ին նրանք պարտավոր էին ներկայացնել որեւէ առաջարկ. «Ստացվում է, որ այսօր մրցույթին մասնակցում է միայն ամերիկյան ընկերությունը, որը, ի դեպ, շատ լուրջ պայմաններ է դրել Հայաստանի առաջ,- ասաց պրն Սարգսյանը։- Մեր բոլոր կանխատեսումները արդարացան։ Նրանք ոչ միայն ուզում են ԲՑ-ները, այն, ինչն իսկապես շահավետ է, այլեւ Հյուսիսային եւ Երեւանի էլեկտրացանցերը։ Նրանց այլեւս չի հետաքրքրում ոչ Հարավայինը, ոչ էլ Կենտրոնը, որովհետեւ Երեւանում է կուտակվում հիմնական գումարը, իսկ Հյուսիսայինը ապահովում է երկրից էլեկտրաէներգիայի արտահանումը»։ ՍԻՄ-ի նախագահ Հրանտ Խաչատրյանի կարծիքով, ԲՑ-ների սեփականաշնորհման գործարքը տնտեսական գործարք չէ եւ ոչ մի տնտեսական հիմնավորում չունի. «Դա քաղաքացիական գործարք է եւ չունի ոչ ռազմավարական եւ ոչ էլ մարտավարական հիմնավորումներ»։ ԱԺ պատգամավոր Խորեն Սարգսյանն էլ իր հերթին ԲՑ-ների սեփականաշնորհման գործարքը համեմատեց մի ընտանիքի հետ, որի ղեկավարը հարբեցող է, մորֆինիստ եւ ամեն կերպ աշխատում է տան եղածը վաճառել, որպեսզի բավարարի իր հաճույքը։ Նա կոչ արեց ժողովրդին դուրս գալ՝ իր ունեցվածքին տեր կանգնելու համար։ Խոսք հասավ նաեւ Արշակ Սադոյանին։ Ըստ նրա, այնքան հանցավոր է այս գործարքը, որ գործարքի պաշտպանները վախեցան ներկայանալ։ Ա. Սադոյանի կարծիքով, այսպիսի իշխանություն ունեցող երկիրը որեւէ խնդիր լուծելու համար պետք է փորձի կռվան դարձնել զանգվածներին՝ մարդկանց. «Այս գործարքը ահավոր է ոչ միայն երկրի ապագայի տեսակետից, ֆինանսական հաշվարկների տեսակետից, այլեւ ուղղակի անօրինական է»։ Վեջնական քայլը ապրիլի 19-ին կայանալիք հանրահավաքն է, որը, ըստ ներկաների, կարող է որոշիչ դեր ունենալ։ ՀԱՍՄԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել