Լրահոս
Օրվա լրահոսը

«Սրտա»բաց

Ապրիլ 17,2001 00:00

Ահա՛ նա «Սրտա»բաց նամակ ՆԳ ներկայիս նախարար Հայկ Հարությունյանին Հայտնում եմ Ձեզ այն մասին, որ ես ապրիլի 14-ին գնացի Կինոտան ետեւի բաց առեւտրատեղին՝ հանդիպելու վարպետ Գարիկին, որը խոստացել էր շրջանակ պատրաստել տանը տարիներ ի վեր անշրջանակ ընկած իմ մի նկարի համար։ Պայմանավորված ժամին (ժ. 15-ին), սակայն, վարպետ Գարիկը չկար եւ սպասելու փոխարեն սկսեցի շրջել վերնիսաժով։ Որքան մեծ եղավ զարմանքս, երբ իմ ծանոթ մեդալավաճառը ամերիկացի ինչ-որ քաղաքացու վաճառելով «Կովկասի պաշտպանության համար» մեդալը, համոզում էր նրան, թե դա օրերս «շնորհազրկված» գեներալ Սամվել Բաբայանի անձնական պարգեւներից է։ Սակայն չերկարացնեմ եւ անցնեմ բուն իրադարձությանը։ Ժամը 15.25, երբ ես մոտեցել էի փայտե իրերի վաճառատեղիին, նկատեցի մեկին, որը բարձր-բարձր խոսում էր բջջային հեռախոսով։ Սկզբում ուշադրություն չդարձրի այդ մեկին։ Սակայն, երբ նկատեցի կողքին անվրդով կանգնած մեր հանրապետության նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, չգիտես ինչու, շուռ եկա։ Բջջային հեռախոսով խոսողը Վանո Սիրադեղյանն էր։ Նա հագել էր սպիտակ կոստյում, սպիտակ շալվար, կապույտ վերնաշապիկ եւ կապել էր կարմիր փողկապ։ Ձեռքին (աջ) բջջային հեռախոսն էր պահել, ձեռքին (ձախ) պահել էր անորոշ արտադրության սիգարետ։ Որքան ես տեղյակ եմ (հասարակությունն էր այդպես ասում), Վանո Սիրադեղյանը գտնվում է հետախուզման մեջ Ձեր կառույցի եւ Ինտերպոլի կողմից։ Չնայած օրեր առաջ նախագահի մերձավորագույն շրջանակներում ասում էին, թե Սիրադեղյանը Քի Ուեսթում նախագահի առջեւ եռագույնը թափահարողներից մեկն է եղել, ոմանք էլ պնդում էին, թե նա գտնվում է «Ասեղի հրվանդան» կոչվող տարածքում։ Կային քաղաքացիներ, որոնք Սիրադեղյանին հանդիպում են օրումեջ Աբովյան փողոցի սրճարաններից մեկում՝ սուրճ խմելիս։ Սակայն ես իմ տեսածն եմ պնդում։ Նա շարունակում էր խոսել, առանց ուշադրություն դարձնելու իր շուրջը խմբվածների վրա։ Երկար մտածելուց հետո որոշեցի իմ քաղաքացիական պարտքը կատարել եւ, որպեսզի հետագայում ինձ չմեղադրեն իմանալ-չհայտնելու մեջ, պրն Հարությունյան, անկեղծորեն պատմեցի այն, ինչ տեսա։ Ճիշտն ասած, հեռանալիս պայուսակիցս հանեցի ձայնագրիչս, մոտեցա նրան, ու երբ ասացի, թե լրագրող եմ, ուզում եմ մի քանի հարց տալ իրեն, Սիրադեղյանը տեղում արձանացավ։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել