Լրահոս
Օրվա լրահոսը

2000-ի մայիսի 30-ին Նաիրի Հունանյանի ձեռքով գրված 24 էջանոց այս ցուցմունքի որոշ հատվածները թույլ են

Ապրիլ 17,2001 00:00

«Գրավոր փաստեր չկան» 2000-ի մայիսի 30-ին Նաիրի Հունանյանի ձեռքով գրված 24 էջանոց այս ցուցմունքի որոշ հատվածները թույլ են տալիս կասկածել բռնարարքների վերաբերյալ նրա հայտարարությունների իսկությանը եւ արժանահավատությանը։ -Նշեցիք, որ իբր Ձեր եղբորը, քեռուն եւ Էդիկին ու մյուսներին ծեծելու, խոշտանգելու մասին իմացել եք հենց ծեծողներից, ինչպե՞ս դա հասկանալ՝ ծեծողները եկել եւ Ձեզ «զեկուցել» են այդ մասին։ – Ես նշեցի, որ նրանք ինձ ասել են այդ մասին, նպատակ ունենալով լրացուցիչ ազդել ինձ վրա։ – Բժշկի դիմե՞լ եւ բուժ. օգնություն ստացե՞լ եք, թե ոչ, եթե այո, ապա ե՞րբ, որտե՞ղ եւ ո՞վ է հետազոտել Ձեզ։ Այդ առթիվ բժշկական փաստաթղթեր, ամբուլատոր քարտ կամ հիվանդության պատմության նկարագիր լրացվե՞լ է, թե՞ ոչ։ – Մեկուսարանում (ԱԱՆ) ինձ պարբերաբար սրտի կաթիլներ են տվել, իսկ թիվ 1 մեկուսարանում մազ ոտքերիս համար։ Դրանք թղթերով չեն ֆիքսվել։ Խոշտանգումների կապակցությամբ բժշկական ստուգում չեմ անցել եւ որեւէ փաստաթուղթ, բնականաբար, չի լրացվել։ – Ո՞ւմ եք հայտնել Ձեր նկատմամբ կիրառված եւ կիրառվող բռնությունների, խոշտանգումների մասին։ – Հայտնել եմ զինվորական դատախազին, քննչական խմբի պետին, քննիչներին։ – Դա արել եք գրավո՞ր, թե՞ բանավոր, անվանական կարող եք նշել, որ քննիչին կամ քննիչներին եք արդյոք ասել, թե ում կողմից են կիրառվում խոշտանգումները։ – Հայտնել եմ բանավոր։ Նրանք բոլորն էլ տեղյակ են եղել, թե ովքեր են Նաիրիի խոշտանգողները։ – Նշեցիք, որ Ձեզ խոշտանգողների թվում եղել են նաեւ քննիչները։ Ինչպես հասկանալ. քննիչներին հայտնել եք «իրենց իսկ կատարածի մասին»։ – Քննիչները տեղյակ են եղել այդ ամենին եւս, խոշտանգումները եղել են նրանց գիտությամբ։ Ես նրանց ուղղակի խնդրել եմ դադարեցնել բռնությունները։ – Ձեր դիմումում նշել եք, որ խոշտանգումները դադարեցնելու խնդրանքով դիմել եք զինդատախազին, քննչական խմբի ղեկավարին, դրանք եղել են բանավո՞ր, թե՞ գրավոր։ Եթե գրավոր, ապա ինչո՞ւ չկան փաստաթղթային հիմքեր։ – Դիմել եմ բանավոր եւ հետեւաբար գրավոր փաստեր չկան։ – ՀՀ գլխավոր դատախազի հետ տեսակցելու Ձեր պահանջները եղել են գրավո՞ր, թե՞ ոչ, ե՞րբ եւ ո՞ւմ եք այն ներկայացրել։ – Զինվորական դատախազին եւ քննիչների խմբի պետին դիմել եմ գլխավոր դատախազին եւ նախագահին հանդիպելու բանավոր խնդրանքով։ Դիմել եմ նոյեմբերին, դեկտեմբերին 1999 թվականի։ – ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված 24.05.2000 թ. Ձեր դիմումում միաժամանակ նշել եք, որ փորձել եք բոլոր հնարավոր ճանապարհներով տեղյակ պահել նրան, քննության ոչ օբյեկտիվ (ինչպես ինքներդ եք նշել. անմարդկային եւ բռնի) ընթացքի մասին։ Այդ ի՞նչ ճանապարհների մասին է խոսքը։ – Ես այդ մասին փորձել եմ տեղյակ պահել ՀՀ նախագահին, թե ինձ հետ նույն խցերում կալանավորների արտաքին աշխարհի հետ ունեցած կապերն եմ օգտագործել, թե Պ. Հայրիկյանին եմ ասել եւ այլն։ Դիմումի մեջ այս մասին նշելով, ես նկատի եմ ունեցել ՀՀ նախագահին, այլ ոչ թե դատախազին։ – Ձեր ինքնախոստովանական ցուցմունքները, որոնցում նշել եք կոնկրետ անձանց (Ա. Հարությունյանի եւ մյուսների) անուններն ու նրանց գործողությունները, տվել եք Ձեր պաշտպանի մասնակցությամբ, մի՞թե բռնությունները կիրառվել են Ձեր պաշտպանի ներկայությամբ։ – Ո՛չ, իմ պաշտպանը բռնությունների ժամանակ ներկա չի եղել եւ դրանք արվել են նրա բացակայությամբ։ – Ձեր ցուցմունքներում ներկայացրել եք հանգամանքներ, անուններ, որոնց մասին օպերատիվ-քննչական խմբի անդամները մինչ այդ չեն իմացել ու եթե Դուք չասեիք, չէին էլ կարող իմանալ, իսկ ի՞նչ կասեք այդ առթիվ։ – Դետալներ կան, որոնք ճնշման տակ ես եմ հորինել, սակայն անունները ես չէ, որ հորինել եմ։ Ավելի մանրամասն ես կներկայացնեմ առանձին ցուցմունքով, հետագայում, եւ կպարզաբանեմ բոլոր ցուցմունքների ծագման հանգամանքները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել