ՕՐԵՆՔՈՎ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ՝ ՄԵՐ ԿՈՂՔԻՆ Այսուհետ կարող ենք արձանագրել, որ օրենքով գողերի կողքին ունենք նաեւ օրենքով ոստիկաններ։ Մինչեւ երեկ ոստիկաններն իրենց գործով էին զբաղվում «օրենքից դուրս», եւ երբեմն պարզ չէր, թե ո՞վ է ոստիկանը եւ ինչո՞վ է զբաղված։ ԱԺ-ն երեկ երկրորդ ընթերցմամբ ընդունեց ՀՀ օրենքը ոստիկանության մասին, որը սահմանում է. «Ոստիկանությունը կոչված է հանցավոր եւ հակաիրավական ոտնձգություններից պաշտպանել մարդու կյանքն ու առողջությունը, ինչպես նաեւ այլ իրավունքներն ու ազատությունները, սեփականությունը, հասարակության ու պետության շահերը»։ ՆԳ նախարար Հայկ Հարությունյանի կարծիքով՝ օրենքի հիմնական նպատակը ոստիկանության գործունեությունը կանոնակարգելն է, այդ գործունեության իրավական հիմքերի եւ սկզբունքների հստակեցումը, ինչպես նաեւ՝ ոստիկանության պարտականությունների եւ իրավունքների ամրագրումը։ Առաջին ընթերցումից հետո վեց ամիս անց, ՆԳ նախարարի պնդմամբ, հնարավոր է եղել որոշակի բարելավել եղած տարբերակը։ Օրենքի կիրառվելուց առաջ հարկ կլինի ստեղծել եւս մի քանի օրենսդրական ակտեր։ Խորհրդային տարիներին գործել են գերատեսչական ակտեր եւ խորհրդային միլիցիայի մասին կանոնադրությունը. «Այսօր, մենք փորձ ենք անում կանոնակարգել ոստիկանության ամբողջ գործունեությունը»։ Ըստ ՆԳ նախարարի, օրենքի նախագծի քննարկումների արդյունքում հնարավոր է եղել գտնել այն միջնակետը, որում չեն ոտնահարվի հասարակության շահերը եւ չեն անտեսվի պետական շահերը։ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ ներկայացված օրենքի նախագիծը երեկ հավաքելով 95 ձայն, ընդունվեց միաձայն։ Պատգամավորներից մեկն էր ձեռնպահ մնացել։ Քվեարկության առիթով ԱԺ խոսնակ Արմեն Խաչատրյանն առիթը բաց չթողեց ասել՝ «Եթե քվեարկությանը մասնակցեն միայն հեղինակները, օրենքը կանցնի»։ Ի դեպ, հեղինակներից մեկը՝ Մյասնիկ Մալխասյանը, իր ասելով՝ այնքան էլ չի կարեւորում օրենքի ընդունումը: Կոմունիստ Խորեն Սարգսյանը բոլորովին դեմ է, թե խորհրդային ժամանակ օրենք չի եղել. «Քանի որ էս ընկերները Խորհրդային Միության օրենքից հրաժարվել էին, իրենք էլ օրենք չունեին, մնացել էին անօրինականության մեջ»։ Խորեն Թռչունիչի պնդմամբ՝ «Ոստիկանության մասին» օրենքում «համարյա ամեն ինչ վերցված է խորհրդայինից, շատ քիչ բան է փոփոխված, համարյա չի փոխված»։ Կոմունիստ պատգամավորը օրենքում կարեւորում է այն, որ ՆԳ համակարգի աշխատողներին հնարավորություն է տրվում «մեկուսացած վիճակից դուրս բերել։ Իրոք ՆԳ աշխատողը կարողանա աշխատել, կարողանա այս երկրի ունեցվածքին տեր կանգնել»։ ՆԳ նախարարի խորհրդական, իրավական ապահովման վարչության պետ Միքայել Գրիգորյանի պնդմամբ. «Ոստիկանները միշտ էլ օրենսդրական դաշտում են աշխատել»։ Խ. Սարգսյանի պնդմանը, թե շատ բան վերցված է խորհրդային օրենքից, ՆԳ նախարարի խորհրդական Միքայել Գրիգորյանը համաձայն չէ. «Որեւէ բանից արտատպված չէ, դա որակապես միանգամայն նոր օրենք է, պարզապես չի կարելի իրավահաջորդության գաղափարն ամբողջությամբ ժխտել։ Այն, ինչ օգտակար է եղել, մենք տարբեր տեղերից զետեղել ենք նաեւ օրենքի մեջ»։ Ներկայացնենք օրենքի մի քանի առավել ինքնատիպ կետեր։ Ըստ օրենքի՝ ոստիկանն ունի հատուկ միջոցներ գործադրելու իրավունք, օրինակ՝ ռետինե մահակ, արտասվաբեր գազ, ձեռնաշղթա, ուշադրությունը շեղող լուսաձայնային միջոց, արգելանքներ քանդելու միջոց, հատուկ ներկող նյութեր, ծառայողական շներ եւ էլի մի քանի նման օրիգինալ միջոցներ։ Ոստիկանն իրավունք ունի «անհատույց օգտագործել պետությանը պատկանող զանգվածային լրատվության միջոցները՝ հանցագործություն կամ այլ իրավախախտում կատարած անձանց՝ հետաքննությունից, նախաքննությունից, դատաքննությունից խուսափող եւ անհայտ կորած անձանց հայտնաբերելու համար»։ Ըստ օրենքի՝ ոստիկանության պարտականությունները ներկայացված են ըստ համապատասխան ոլորտների։ Այսպես, օրինակ, ոստիկանը պարտավոր է պահպանել մարդու անվտանգությունը, իրավունքներն ու ազատությունները։ Պարտավորություններ ունի նաեւ հանցագործությունների եւ այլ իրավախախտումների դեմ պայքարում, հասարակական կարգը պահպանելիս, ճանապարհային երթեւեկության անվտանգությունն ապահովելիս, զենքի պահպանման եւ օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս եւ այլն։ Ի դեպ, զենքի մասին. ՆԳ նախարար Հայկ Հարությունյանն այս տարվա անցած ամիսները գնահատում է որպես ընդհանուր հանցագործության քանակի նվազման ժամանակահատված։ Նախարարի պնդմամբ, նվազում է նկատվում նաեւ հատկապես ծանր հանցագործության թվաքանակում, իսկ բացահայտման ցուցանիշները չեն վատացել։ «Ելնելով այսօրվա քրեածին իրավիճակից, դուք չե՞ք գտնում, որ հանրապետության բնակչությանը թեկուզ տանը պահելու զենք տրամադրելը վտանգավոր է» հարցին ՆԳ նախարարը ժխտողական պատասխան տվեց։ Նախարարն այդպես չի մտածում, քանի որ «Զենքի մասին» օրենքը չի նախատեսում մարտական զենք կրել, այլ ընդամենը կանոնակարգում է քաղաքացիական եւ ծառայողական զենքի շրջանակը։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ