ՍԱԴՈՅԱՆՆ ԱԺԿ-ՈՒՄ ԷԼ ՉՄՆԱՑ Նա կստեղծի նոր քաղաքական ուժ՝ թերեւս «Ազգային ժողովրդավարներ» անվանումով, որն, ըստ Արշակ Սադոյանի ծրագրի, կլինի դաշինքատիպ կուսակցություն։ Հետաքրքիր իրավիճակում է հայտնվել Արշակ Սադոյանը, որին, ըստ որոշ հարցումների, շարքային քաղաքացիները համարում են ամենաանկեղծ քաղաքական գործիչը եւ ամենաշատը վստահում հենց նրան։ Սադոյանն այժմ դադարեցրել է իր գործունեությունն ԱԺՄ խորհրդարանական խմբակցությունում, բայց շարունակում է մնալ ԱԺՄ անդամ։ ԱԺԿ նախաձեռնող խմբի անդամ է, բայց մյուսների հետ ունեցած սկզբունքային անհաղթահարելի տարաձայնությունները պատճառ դարձան, որ շուրջ երկու շաբաթվա քննարկումներից հետո Շավարշ Քոչարյանը, Վարդան Պողոսյանը եւ այլք, ի վերջո, նրան առաջարկեն առանձնանալ եւ իր համախոհների հետ ստեղծել նոր կուսակցություն։ «Ես երկար ժամանակ հույս ունեի, որ հնարավոր կլինի հարթել տարաձայնությունները, փորձում էի ամեն գնով համատեղ գործելու հնարավորություն գտնել, բայց շաբաթ օրը՝ ակտիվի վերջին հավաքի ժամանակ, հստակ ասվեց, թե փոխզիջումներ այլեւս հնարավոր չեն։ Փաստորեն, պարտադրվեց բաժանվելը»,- պատմեց մեզ պրն Սադոյանը եւ ներկայացրեց, թե որոնք են այդ լուրջ տարաձայնությունները։ Ի տարբերություն ԱԺՄ-ի, որից հեռանալիս այնտեղ մնացած իր գործընկերներին պրն Սադոյանը մեղադրեց հարմարվողականության ու դավաճանության մեջ, այս անգամ վեճը զուտ գաղափարական է։ «Տարաձայնություններից առաջինը եւ ամենակարեւորը վերաբերում է իշխանական համակարգը նպատակային գործունեություն դարձնելու հարցին եւ, այսպես ասած, ծրագրային պետություն կառուցելու խնդրին»,- ասաց պրն Սադոյանը։ Այս խնդիրը ներառում է հետեւյալ դրույթները, որ ԱԺ-ն պիտի ընտրություններից հետո իրագործի գործունեության 4-ամյա ծրագիր։ ԱԺ-ն պիտի ընտրի վարչապետ եւ կառավարություն. «Սրա վերաբերյալ կային որոշ առարկություններ, որ սա ռեալ չէ, կուսակցությունները չեն կարող եւ այլն։ Բայց ես համարում եմ փրկության, փոսից դուրս գալու միակ ճանապարհը»։ Ըստ Սադոյանի, երկրորդ տարաձայնությունն այս է՝ հանրապետության նախագահը պիտի ընտրվի ժողովրդի՞, թե՞ խորհրդարանի կողմից։ Բացի այդ, վիճահարույց էր, թե արդյոք օրենսդիր մարմնին գերլիազորություններով օժտելու պարագայում անհրաժեշտություն չի՞ առաջանա խորհրդարանին եւս հակակշիռ ձեւավորելու. «Եթե այն կազմելու է կառավարություն եւ ընտրելու հանրապետության նախագահ, ապա բացի հանրաքվեով ԱԺ-ն լուծարելու խնդիրը լուծելուց՝ խորհրդարանական մեծամասնությանը հակակշիռ ստեղծելու որեւիցե այլ ձեւ չկա։ Կարծում եմ, արդյունավետության տեսակետից էլ դա ճիշտ չէ։ Եվ լավ կլինի, որ ստեղծվի իշխանության մարմին, որը կհետեւի վիճակագրական տվյալների արժանահավատությանը ու նաեւ, թե արդյոք կատարվո՞ւմ են ԱԺ ընտրությունների ընթացքում ժողովրդին տրված խոստումները։ Եվ, եթե 1 տարվա ընթացքում կառավարությունը չի կատարում իր ծրագիրը, ապա միայն այդ դեպքում նախագահը կարող է լուծարել ԱԺ-ն»։ Եվ վերջապես, երրորդ կարեւոր տարաձայնությունն է. «Դեպի հեռանկա՞րն ուղղված կուսակցություն, թե առաջիկա անմիջական, «ձեռները քշտած» գործունեության մեջ մտնող կուսակցություն։ Ես առաջարկում էի, որ ԱԺԿ-ն լինի «բաց դռների» կուսակցություն, որ կհամագործակցի համախոհների հետ, կլինի դաշինքատիպ կամ շարժումատիպ եւ կծավալի զանգվածային գործունեություն»։ Վերոթվարկյալ հարցերի շուրջ ԱԺԿ-ում միասնական հայտարարի չգալով՝ Արշակ Սադոյանը ստիպված է ստեղծել նոր կուսակցություն, քանզի վստահ է, որ առանց քաղաքական ուժի՝ գործնականում անհնար է լուրջ գործունեություն ծավալելը։ ԱԺՄ-ից ԱԺԿ հեռացածները 150 հոգի էին։ Մեր հարցին, թե այդքանից որքա՞նն այժմ իր ետեւից կգան «Ազգային ժողովրդավարներ», քանի՞սն են, այսպես ասած, իրենը, պրն Սադոյանը պատասխանեց. «Խնդիրն իմ-ը կամ Շավարշինը չէ, այլ, թե որքան մարդիկ կան, որոնք կցանկանան «բաց դռներով» կուսակցության գաղափարները պաշտպանել։ ԱԺՄ-ից շատերն են հակված այն տիպի գործունեության, որ առաջարկում ենք մենք»։ Թվաքանակի եւ մյուս հարցերը կստանան իրենց պատասխանները մայիսի սկզբին, երբ, ըստ ամենայնի, կգումարվի «Ազգային ժողովրդավարների» հիմնադիր համագումարը։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ