Լրահոս
Օրվա լրահոսը

Բաց նամակ Ռոբերտ Քոչարյանին

Ապրիլ 14,2001 00:00

Ապացույցների օրինական հիմքի վրա Բաց նամակ Ռոբերտ Քոչարյանին Մեզ համար պատիվ էր հանդիպել ձեզ անցյալ տարի եւ քննարկել մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանում։ Ես գրում եմ՝ փոխանցելու Մարդու իրավունքների Միջազգային Հելսինկյան ընկերակցության մտահոգությունը լուսավորության նախկին նախարար, 1998թ. նախագահական ընտրությունների թեկնածու, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի գործի մասին։ Նա կալանավորված է 1999թ. մայիսի 15-ից։ 2000թ. դեկտեմբերին նա ուղարկվել է մեկուսարան՝ դատապարտվելով 7 տարի ազատազրկման, խիստ ռեժիմով։ Մենք կարծում ենք, որ հիմքեր կան եզրակացնելու, որ պրն Բլեյանը միջազգային չափանիշներին համապատասխան արդար դատավճիռ չի ստացել։ Դատախազը չի կարողացել ապահովել որեւէ ապացույց, որը կհիմնավորի իշխանության չարաշահման եւ յուրացման մեղադրանքը։ Բլեյանը ամբողջ դատական պրոցեսի ընթացքում գտնվել է վանդակում, որը սովորաբար օգտագործվում է վտանգավոր հանցագործների համար։ Մեր ստացած տվյալների համաձայն, նրա դեմ ցուցմունքները կորզվել են ճնշման տակ, որոնց մի մասից հետագայում հրաժարվել են։ Դատախազի ավարտական ճառը տեղի է ունեցել փակ դռների հետեւում՝ Բլեյանի կամ նրա ներկայացուցչի բացակայության պայմաններում։ Բացի այդ, մենք կարծում ենք, որ կան հիմնավոր ապացույցներ այն մասին, որ Բլեյանը կարող է դիտվել որպես քաղաքական բանտարկյալ։ Նա այն դիրքորոշման ներկայացուցիչն է, որը հակասում է կառավարության վարած քաղաքականությանը եւ միաժամանակ նա բարձրացրել է ձեր՝ որպես նախագահի թեկնածու, սահմանադրականության հարցը, ինչը Սահմանադրական դատարանը մերժել է քննարկել։ Այս դեպքը մտահոգություն է պատճառում Հայաստանի դատական իշխանության անկախության առումով, որը խոչընդոտում է այլընտրանքային քաղաքական տեսակետների եւ դիրքորոշումների արտահայտմանը։ Քանի որ վերոնշյալ գործը վերաքննվում է, մենք խնդրում ենք, որ դուք երաշխավորեք, որ ոչ մի քաղաքական ճնշում չի գործադրվի եւ այն կգնահատվի բացառապես իրավական հողի եւ դատարանում հնչող ապացույցների օրինական հիմքի վրա։ Ես շնորհակալ եմ մեր մտահոգության հանդեպ ձեր ուշադրության համար։ ԱՀԱՐՈՆ ՌՈԴԵՍ Հելսինկյան միջազգային ֆեդերացիայի նախագահՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել