Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՐՄԵՆՏԵԼՅԱՆ» ՍԱՆՁԱՐՁԱԿՈՒԹՅՈՒՆ

Ապրիլ 14,2001 00:00

«ԱՐՄԵՆՏԵԼՅԱՆ» ՍԱՆՁԱՐՁԱԿՈՒԹՅՈՒՆ Հանրապետության հրապարակում տարիներ շարունակ գործող Կենտրոնական միջքաղաքային հեռախոսացանցը այլեւս չի գործում։ Ներկայումս այնտեղ հիմնվել է ինչ-որ մասնավոր «խոսակցական կետ», որի տնօրինությունը հրաժարվեց «Առավոտին» պաշտոնական տեղեկություն տալ։ Մեզ հաջողվեց աշխատակիցներից որոշ ինֆորմացիա կորզել։ Վերջիններիս պատմածով, «ԱրմենՏելը» սահմանել էր հեռախոսային կապի այնպիսի բարձր արժեք, որին Կենտրոնական հեռախոսացանցը չէր համաձայնել։ «ԱրմենՏելը» հրաժարվել էր բանակցություն վարել եւ որեւիցե փոխզիջման գնալ։ Վերջինս էլ անջատել է ինչպես միջքաղաքային, այնպես էլ քաղաքային հեռախոսակապը, նույնիսկ արգելել է քաղաքային հեռախոսների ժետոնների վաճառքը։ Իսկ բջջային հեռախոսի քարտերը կարելի է գնել միայն Սարյան փողոցում գտնվող գլխավոր փոստից։ Սակայն այսքանով «ԱրմենՏելը» չի բավարարվել եւ «այնքան բզբզեց, մինչեւ «Կենտրոնական հեռախոսացանց» պետական բաժնետիրական ընկերությունը լուծարվեց»,- ասացին «խոսակցական կետի» աշխատակիցները։ Կատարվածի մասին տեղեկություն ստանալու նպատակով զանգահարեցինք «ԱրմենՏել»։ Հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հասմիկ Չատիլյանն ասաց, որ «ԱրմենՏելը» մի շարք կազմակերպությունների, այդ թվում՝ Կենտրոնական հեռախոսացանցի հետ դադարեցրել է երկկողմանի պայմանագիրը։ Պատճառը՝ պարզապես ցանկանում է պայմանագրի կետերը վերանայել։ Նշենք, որ պայմանագրի կետերի վերանայումը սկսվել է դեռ երկու ամիս առաջ։ Ի դեպ, օրեր առաջ մի օտարերկրացի ցանկանում էր զանգահարել Էջմիածին, սակայն դա նրան չհաջողվեց։ Դժվար է նկարագրել նրա «հիմարիկ» հայացքը, երբ փորձում էին հասկացնել, որ հեռախոսները կրում են դեկորատիվ բնույթ։ ՆՈՆԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել