«ԱՆՀՈՒՅՍ ԼՈՏՈ» Ի գիտություն հեռուստալոտոների կազմակերպիչների՝ տեղեկացնենք, որ այդ խաղերի ցուցադրման ժամանակ Վանաձորում բավականին անակնկալներ կարող են տեղի ունենալ. վերահաղորդիչ կայանի անբարեխիղճ աշխատանքի պատճառով հաղորդումը կարող է խանգարվել հենց խաղի «բուն» պահին (եւ ոչ թե առնվազն կես ժամ առաջ կամ հետո)։ Այդ հանգամանքը, բնականաբար, հեռուստալոտոների տոմս գնողների համար լրացուցիչ դժվարություն է ստեղծում։ Վերջիններս ստիպված են հաջորդ օրը վազվզել կրպակից կրպակ եւ հետաքրքրվել խաղի արդյունքներով։ Անշուշտ, ոչ բոլորը այս դեպքում տրամադրություն եւ ժամանակ կունենան, ուստի հնարավոր է, որ շատերը շահած լինեն եւ չիմանան այդ մասին։ Քանի որ այդ տարբերակը միգուցե ձեռնտու կլինի խաղի կազմակերպիչներին՝ ենթադրություններ կան, թե այդ հարցում նրանք կկիսեն վերահաղորդիչ կայանի «մասնավոր կարծիքը»՝ հեռուստալոտոների մասին։ Հակառակ պարագայում, ենթադրվում է, թե խանգարողներն այդ խաղերից «հաշիվ չունեն», ուստի խանգարում են։ Արդյունքում՝ ոտնահարվում է գնորդի իրավունքը։ Խրախուսելի չէ նաեւ, որ հեռուստալոտոյի կայացման օրվա մասին տոմսի վրա այլ ժամ է նշվում, իսկ հեռուստատեսային ծրագրերում՝ այլ։ Գ. ՀՈՎՍԵՓՅԱՆ