Լրահոս
Օրվա լրահոսը

«ԾԱՌ ԿԱ՞, ՈՐ ԿՏՐԵՆՔ»

Ապրիլ 14,2001 00:00

«ԾԱՌ ԿԱ՞, ՈՐ ԿՏՐԵՆՔ» Մեզ հայտնեցին, որ Ազգային գրադարանի դիմացի այգում ծառեր են կտրվում։ Իսկ այդ ծառահատված տարածքում կառուցվելու է Արմեն Խոստիկյանի թատրոն-սրճարանը։ Այցելեցինք վերը նշված այգին։ Հողից հանվում էին ոչ թե կանաչ ծառերը, այլ նախկինում կտրված ծառերի կոճղերը։ Արմեն Մարությանը եւ նախագծի հեղինակ Արմեն Խոստիկյանը ցույց տվեցին ճարտարապետական վարչության կողմից հաստատված կառույցի նախագիծը եւ Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի կողմից հաստատված՝ 2001թ. մարտի 7-ի թատրոն-սրճարանի համար 100 քմ տարածք տրամադրման որոշումը։ Համաձայն հաստատված նախագծի, այդ տարածքում եղել են միայն չորացած ծառեր եւ բազմաթիվ կոճղեր։ Նրանց հավաստմամբ, ամեն ինչ օրինական է, իսկ բողոքողը «հավանաբար բնակիչ է եղել, որը կամ գործից բան չի հասկացել, կամ, պարզապես, վատություն է ցանկացել անել»,- ասաց Ա. Մարությանը։ Վերջինս ասաց, որ նույնիսկ հողից հանված ամեն կոճղի փոխարեն թատրոն-սրճարանի մոտակայքում ծառեր ու ծաղիկներ է տնկելու։ Ապակեպատ թեթեւ կոնստրուկցիան ըստ էության, լինելու է «Փյունիկ» թատրոնի համար փորձասրահ, բեմահարթակ եւ մոտավորապես 60 նստելատեղ, որտեղ «հաճախորդը կարող է եւ դիտել դերասանների փորձը, եւ սուրճ ըմպել։ Իսկ երբ փորձերը վերջանան, կարող են տոմս գնել եւ նայել ամբողջ բեմադրությունը»։ Կառույցը պատրաստ կլինի 40 օրից, սակայն պաշտոնական բացումը կկատարվի սեպտեմբերին։ ՆՈՆԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել