Լրահոս
Օրվա լրահոսը

Վերջին մեկ տարվա ընթացքում ռուս-հայկական հարաբերությունները հետեւողականորեն վատթարանում են

Ապրիլ 14,2001 00:00

ԷՍ «ՍՀԱԹԸ» ՈՒՐԻՇ «ՍՀԱԹ» Է Վերջին մեկ տարվա ընթացքում ռուս-հայկական հարաբերությունները հետեւողականորեն վատթարանում են Ռուս-հայկական հարաբերությունները, որոնք գրեթե երկդարյա պատմություն ունեն, միայն վերջին 10 տարում են փոխել իրենց բովանդակությունը՝ Հայաստանի եւ Ռուսաստանի անկախացումից հետո վերածվելով միջպետական հարաբերությունների: Ռուսական կայսրության, ապա Խորհրդային միության կազմում հայերիս ենթարկվածությունը իշխող ազգին հայ հասարակական գիտակցության եւ հոգեբանության մեջ ձեւավորել է «Հավերժ ռուս ժողովրդի եւ Ռուսաստանի հետ» կարծր ստերեոտիպը: Այս մտայնությունը, ըստ էության, ծնունդ է տվել Ռուսաստանի նկատմամբ մի անհարգալից վերաբերմունքի, քանի որ այն ինքնաբերաբար պարտադրում է Ռուսաստանին պատասխանել «Հավերժ հայ ժողովրդի եւ Հայաստանի հետ» համարժեք սիրով: Սակայն ստերեոտիպերը (եւ սերերը), ինչպես հայտնի է, ձեւավորվում են գիտակցությունից, առավել եւս քաղաքական մտածողությունից դուրս ընկած ոլորտներում եւ ընդհանուր ոչինչ չունեն պարզ տրամաբանության, քաղաքական իրականության, պետական շահերի կամ արագ փոփոխվող հանգամանքների հետ: Հայկական կողմից տարփողվող այդ ստերեոտիպը (ընդ որում՝ միայն մեր, քանի որ ռուսական հասարակությունը վարակված չէ այդ ախտով), իրոք, անհարգալից վերաբերմունք է Ռուսաստանի դարավոր պետական ավանդույթների նկատմամբ, եւ դրա բացասական հետեւանքներն արդեն զգացվում են: Վերջին մեկ տարվա ընթացքում հայ-ռուսական հարաբերությունները շարունակաբար վատթարանում են, գործը հասել է փոխադարձ սանկցիաների, որոնք անհամատեղելի են ռազմավարական դաշնակցությանը: Այս պնդման ամենացցուն ապացույցը եղավ այն, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունվարի 9-10-ին այցելեց Բաքու՝ շրջանցելով Երեւանը: Ռոյթեր գործակալության ԱՊՀ երկրների ներկայացուցչության ղեկավար Մարտին Նեսիրկայի՝ «Պատրաստվու՞մ է Պուտինը այցելել Երեւան» հարցին Քոչարյանը պատասխանեց. «Այո՛, կա իմ հրավերը…8230 Ինչո՞ւ է նման հերթականություն ընտրված՝ հարցրեք Ռուսաստանի նախագահին: Ես այսպես կասեմ, հայ հասարակությունը առանձնակի հիացած չէ դրանից» (ՀՀ, 23.12.2000թ.): Իրենց առաջնորդի այս խոսքերը ընդունելով որպես բնաբան, իշխանությանը սպասարկող հասարակական գործիչները եւ լրատվամիջոցները հանդես եկան մի շարք անլուրջ ակցիաներով եւ հրապարակումներով, որոնք, իրենց պարզունակ պատկերացմամբ, ուղղված էին ոչ թե Ռուսաստանի, այլ Պուտինի դեմ: Քաղաքականությամբ դեպքից դեպք եւ սիրողական մակարդակում զբաղվող ստեղծագործական մտավորականության այս ներկայացուցիչները եւ նրանց երիտհետեւորդները այդպես էլ չհասկացան, որ լուրջ երկրի նախագահի բոլոր գործողությունները նպատակամղված են իր պետության մնայուն շահերի իրականացմանը, հետեւաբար նախագահ Պուտինի այցը Բաքու չէր կարող պատահական լինել: Դրա վկայությունն էր ՌԴ ԱԳՆ հայտարարությունն այն մասին, որ նախագահ Պուտինը նախագահ Ալիեւին ընդունելու է ընթացիկ տարվա աշնանը: Մտահոգիչ ահազանգ է նաեւ այն, որ վերջին մեկ տարվա ընթացքում միջազգային կազմակերպություններում Ռուսաստանը այլեւս չի պաշտպանում Հայաստանին: Գործը հասավ նրան, որ 2000 թ. դեկտեմբերին ՄԱԿ-ում Ռուսաստանը «կողմ» քվեարկեց Ադրբեջանի ներկայացրած բանաձեւին, որտեղ Ղարաբաղի հիմնահարցը որակավորված է որպես «Ադրբեջանական Հանրապետության Լեռնային Ղարաբաղի ռեգիոնի շուրջ հակամարտություն»: Ի դեպ, Հայաստանը հայտնվել էր կատարյալ մեկուսացման մեջ՝ բանաձեւն ընդունվել է 147 «կողմ» եւ մերոնց 1 «դեմ» ձայնով: Նույնն է վիճակը նաեւ միջազգային հումանիտար կազմակերպություններում: Բերենք միայն մեկ օրինակ, որը պետք է զգաստացնի թմբիրի մեջ ընկած իշխանությանը: Գերմանիան «ՍԵՍԱՄԵ» ծրագրի շրջանակներում ՅՈՒՆԵՍԿՕ-ի տնօրինությանն էր հանձնել շահագործումից հանված իր պրոտոնային արագացուցիչը, որը ստանալու ցանկություն էին հայտնել Հայաստանը, Հորդանանը, Եգիպտոսը եւ մի շարք այլ պետություններ: Եվ ահա, որոշիչ քվեարկության ժամանակ Ռուսաստանը չպաշտպանեց արագացուցիչը Հայաստանին նվիրելու առաջարկը: Հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման վկայությունն են նաեւ ՌԴ նախագահ Վ.Պուտինի (սեպտեմբեր, 2000 թ.) եւ պաշտպանության նախարար Ի.Սերգեեւի (դեկտեմբեր, 2000 թ.) հայտարարությունները: Պատշաճ չգնահատվեցին Պուտինի խոսքերը, որ Հայաստանը չպետք է մեզանից ակնկալի որեւէ առանձնահատուկ վերաբերմունք: Զինվորականին բնորոշ ուղղամտությամբ արտահայտվեց Սերգեեւը՝ ռուսական զենքը այլեւս չի օգտագործվի Ադրբեջանի դեմ: Ի պատիվ ռուսական կողմի պետք է նշել, որ նրանք մեր նկատմամբ բավականաչափ ազնիվ են: Դեսպան Ա.Դրյուկովը պարզորոշ ասել է, որ ռուսական ընկերությունները հետաքրքրություն են ունեցել Հայաստանի բաշխիչ ցանցերի սեփականաշնորհման նկատմամբ, սակայն նրանց թույլ չտվեցին մասնակցել միջազգային մրցույթին: «Արդյունքում այդ ոլորտում աշխատանքը դժվարացավ: Չեմ թաքցնում, որ ստեղծված վիճակը ազդում է էլեկտրաէներգետիկայի ոլորտում հայկական պարտքի մի մասը չեղյալ հայտարարելու պայմանով համատեղ ձեռնարկության ստեղծման գործընթացի վրա»: Ապա դեսպանը դաս է տալիս մերոնց. «Կապիտալին անհնար է ստիպել գալ այնտեղ, որտեղ չկա շահույթ, այնտեղ, որտեղ ներդրողի գնահատմամբ պայմաններն ավելի աննպաստ են, իսկ իր շահերը ավելի քիչ են պաշտպանված, քան այլ երկրներում» (նույն տեղում): Ավելի պարզ աներեւակայելի է բնորոշել Հայաստանում ստեղծված ներդրումային մթնոլորտը: Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք Ռուսաստանը այս լեզվով եւ այս թեմաների շուրջ մեզ հետ չէր բանավիճում: Ռուս-հայկական հարաբերությունների վատթարացման օբյեկտիվ պատճառները Մեր համոզմամբ, հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման օբյեկտիվ պատճառները գտնվում են աշխարհաքաղաքական այն համակարգային տեղաշարժերի հարթության վրա, որոնք ներազդում են Ռուսաստանի արտաքին քաղաքականության վրա: Դրանք գործընթացներ են, որոնք կատարվում են աշխարհում՝ Հայաստանի դերից ու նրա քաղաքական վերնախավի գործողություններից անկախ: Խորհրդային միության փլուզումից եւ ԽՍՀՄ-ԱՄՆ երկբեւեռ առանցքի վերացումից հետո աշխարհը ավելի ու ավելի է դառնում միաբեւեռ: Եվ քանի որ տնտեսական, տեխնոլոգիական, քաղաքական եւ այլ հիմնախնդիրների բեռի տակ կքված Ռուսաստանը միայնակ չի կարող ստանձնել առանձին բեւեռ լինելու դերը, նա, բնականաբար, ձգտում է Եվրամիության, Չինաստանի, Հնդկաստանի, միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների սերտացման: Ընտրվել է աշխարհի հետ ավելի սերտ ինտեգրացման ուղեգիծ, որն ինքնաբերաբար հանգեցնելու է ԱՊՀ անդամ պետությունների նկատմամբ Ռուսաստանի որդեգրած նախկին գերակայությունների վերաիմաստավորման: Առանց այդ էլ Ռուսաստանում նոր նախագահ Վլադիմիր Պուտինի ասպարեզ գալով որոշ շեշտադրումներ պետք է փոփոխվեին՝ պահպանելով, իհարկե, քաղաքականության ժառանգայնությունը: Այդ ամենը պաշտոնապես շարադրված է 2000 թ. հուլիսին ընդունված «ՌԴ արտաքին քաղաքականության հայեցակարգում»: Ըստ այդմ, Ռուսաստանը, նախեւառաջ, պայքարելու է միաբեւեռ աշխարհակարգ ստեղծելու ԱՄՆ-ի հավակնությունների դեմ եւ ամեն կերպ նպաստելու է բազմաբեւեռ աշխարհակարգի ստեղծմանը: Ռուսաստանը հայտարարում է նաեւ, որ միջազգային խաղաղության եւ անվտանգության պահպանման գործում կենտրոնական դերը պետք է պատկանի ՄԱԿ-ին եւ որեւէ խաղաղապահ ռազմական գործողություն չպետք է իրականացվի առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համաձայնության: Միաժամանակ Ռուսաստանը Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) անդամակցելու լուրջ հայտ է ներկայացրել: ԱՀԿ-ն, ինչպես հայտնի է, հետեւում է խաղի որոշակի կանոնների. մինչեւ ԱՀԿ-ին անդամակցելը Ռուսաստանը պետք է հիմնովին վերանայի այլ երկրների, հատկապես ԱՊՀ երկրների հետ իր փոխհարաբերությունները՝ դրանք փոխադրելով ազատ շուկայական հարաբերությունների ոլորտ: ԱՀԿ-ն երբեք թույլ չի տա, որ իր անդամներից որեւէ մեկը հատուկ պայմաններով կամ ինչ-որ արտոնյալ, մաքսազերծ գներով նավթ, գազ կամ այլ հումք վաճառի այլ երկրների: Ինչպես հայտնի է՝ Ռուսաստանը, ինչ-ինչ նպատակներից ելնելով, նման տնտեսական կապեր է պահպանում ԱՊՀ անդամ պետությունների հետ: Հենց դա նկատի ուներ նախագահ Պուտինը 2000թ. սեպտեմբերին, երբ ասում էր, որ Հայաստանը չպետք է մեզանից ակնկալի որեւէ առանձնահատուկ վերաբերմունք: Մյուս կողմից, հայեցակարգը սահմանում է, որ Ռուսաստանը միայն երկկողմ եւ պրագմատիկ հարաբերություններ է զարգացնելու ԱՊՀ երկրների հետ: Հետեւաբար իրատես քաղաքագետների համար անսպասելի չէր ՌԴ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Իվանովի հայտարարությունը Մյունխենում, փետրվարի սկզբին: Նա խոստովանեց, որ ԱՊՀ տնտեսական կառույցները չեն գործում, ուստի ԱՊՀ անդամ պետություններից յուրաքանչյուրի հետ Ռուսաստանը անցնում է երկկողմ եւ պրագմատիկ հարաբերությունների ֆորմատի: Իսկ պրագմատիզմի դիրքերից ավելի գրավիչ է Ադրբեջանը, քան Հայաստանը. Ադրբեջանի հետ Ռուսաստանի առեւտրի ծավալը 5 անգամ շատ է, քան Հայաստանի հետ: Միայն այն փաստը, որ, շնորհիվ Ադրբեջանում իր գլխավորած ընկերության գործունեության, Սեմյոն Վայնշտոկը («Տրանսնեֆտ») ԱՊՀ ազդեցիկ ձեռնարկատերերի շարքում հայտնվել է 2-րդ տեղում («Գազպրոմի» տիրակալ Ռեմ Վյախիրեւից հետո), ինքնին խոսուն է: Ի դեպ, «հայկական կողմը» ներկայացնող մեծահարուստ Արա Աբրահամյանի (15-րդ տեղ) տնտեսական գործունեությունը ոչ մի կերպ չի առնչվում Հայաստանի հետ (տվյալները քաղված են «ԽՏՎՎպՐրՈվՑ-ԹսՈրՑՖ» շաբաթաթերթից, թիվ 6, 13.2.2001): Ի վերջո, հայեցակարգում հստակ թվարկված է Ռուսաստանի ռազմավարական գործընկերների ցանկը, որտեղ Հայաստանը չկա: Ռուս-հայկական հարաբերությունների վատթարացման սուբյեկտիվ պատճառները Այժմ անդրադառնանք հայ-ռուսական հարաբերությունների բնագավառում թույլ տրված այն բացթողումներին, որոնք արդյունք են արտաքին քաղաքականության բնագավառում իշխանության կատարած սխալների: 1998 թ. իշխանափոխությունից հետո Քոչարյանը հայտարարեց, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում ինքը գլխավոր ուղղություն է համարում տնտեսականը: Սա, գուցե, կենսական է Հայաստանի համար, սակայն ոչ երբեք Ռուսաստանի: Ի՞նչ տնտեսական շահ կարող է ունենալ Ռուսաստանը գրեթե ամբողջական շրջափակման մեջ գտնվող թշվառ Հայաստանից, որի 2 միլիոն քաղաքացիները իր մոտ վաստակած միջոցների հաշվին պահում են Հայաստանում մնացած իրենց ազգականներին: Հայ-ռուսական երկդարյա բարեկամության մասին աջ ու ձախ խոսող իշխանության մեջ չգտնվեց մեկը, որ հուշեր՝ Հայաստանը կարեւոր է եղել Ռուսաստանի համար նախեւառաջ քաղաքական եւ ռազմական տեսանկյունից: Իր գլխավոր դաշնակցի հետ իրեն շաղկապող գլխավոր ուղղության անտեսումը կաթվածահարեց դիվանագիտական եւ քաղաքական աշխատանքները: Ներկա իշխանությունը չի հասկանում, որ երեք տարի անդադար քարկոծելով ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, հարվածում է մի գործչի, որը անձամբ է կնքել հայ-ռուսական «Մեծ» պայմանագիրը, մեր տարածքում ՌԴ ռազմակայանների տեղադրման եւ այլ կարեւորագույն համաձայնագրեր: Պետական ավանդույթները հարգող Ռուսաստանում չեն կարող ոգեւորվել հայ-ռուսական միջպետական քաղաքական, ռազմական, տնտեսական համագործակցության ակունքներում կանգնած նախկին գործընկերոջ հախուռն վարկաբեկմամբ: 1990 թվականի աշնանից, երբ ՀՀ Գերագույն խորհուրդը հռչակեց անկախության հաստատման ուղեգիծ եւ սկսեց հետեւողական քայլեր իրականացնել այդ ուղղությամբ, կարիք առաջացավ այդ ամենը բացատրել ռուսական ազատական-ժողովրդավարական ուժերին, պետական մարմիններին: Արտաքին գործերի նախարարության սաղմնային գոյության պայմաններում 1990-95 թթ. գումարման ՀՀ ԳԽ պատգամավորները հաջողությամբ իրականացրին այդ առաքելությունը՝ դնելով հայ-ռուսական միջխորհրդարանական հարաբերությունների հիմքերը: Հայաստանի Գերագույն խորհուրդը ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի վեց հիմնադիրներից մեկը եղավ: Այն տարիների Հայաստանի արտաքին քաղաքականությունը անհնար էր պատկերացնել առանց խորհրդարանի. ղարաբաղյան հակամարտության գոտում զինադադարի հաստատման մասին 1994-ի Բիշկեքի համաձայնագիրը ստորագրել է ՀՀ ԳԽ նախագահ Բաբկեն Արարքցյանը (ի դեպ, նրա պնդմամբ, զինադադարի համաձայնագրի տակ դրված է նաեւ ԼՂՀ ԳԽ նախագահ Կարեն Բաբուրյանի ստորագրությունը): Արտաքին քաղաքականության ոլորտում խորհրդարանականների ակտիվ գործունեությունը շարունակվեց մինչեւ 1998-ի իշխանափոխությունը, որից հետո այն սրընթաց մոտենում է զրոյի: Ներկա գումարման ԱԺ պատգամավորների ամենամեծ սխրանքը իրենց ճոխ տեսքով Ստրասբուրգի «նվաճումը» եղավ: Մինչեւ վերջերս միջազգային կազմակերպությունների շրջանակներում Հայաստանը եւ Ռուսաստանը վստահում եւ օժանդակում էին միմյանց: Միայն պրոֆեսիոնալները գիտեն, որքան արդյունավետ է եղել մեր միջնորդական դերը Ռուսաստանի եւ Մերձավոր ու Միջին Արեւելքի երկրների միջեւ, քանի անգամ ենք մենք հանդես եկել Ռուսաստանի արտաքին քաղաքական նախաձեռնությունների հնչեցմամբ կամ պաշտպանությամբ: Քոչարյանը դեմ արտահայտվեց տարածաշրջան ՆԱՏՕ-ի մուտք գործելուն: Ավելի մեծ խայտառակություն թույլ տվեց Քոչարյանը թուրք լրագրող Բիրանդի հետ հարցազրույցում՝ ասելով, որ ՄԱԿ-ում ունեցած ելույթը արտահայտում է իր անձնական կարծիքը ցեղասպանության մասին («Ազգ», 2.2.2001): Նրան ձայնակցում է փոխարտգործնախարար Լեւոն Մկրտչյանը, թե իր անձնական կարծիքով Ջավախքը հայկական հող է: Այս մարդիկ չգիտեն դասագրքային մի պարզ ճշմարտություն, որ պետական պաշտոնյաները ոչ թե իրենց անձնական կարծիքները, այլ պաշտոնական տեսակետները շարադրելու համար են: ՍՏԵՓԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ «Արմատ» հասարակական կազմակերպության խորհրդի անդամ Զեկուցումը կարդացվել է Աջ ուժերի միության սեմինարում՝ 2001 թվականի փետրվարի 8-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել