Լրահոս
Օրվա լրահոսը

Զատիկը հինավուրց ժամանակներից եկած- մեզ հասած հայոց բազմախորհուրդ, իմաստուն ու գեղեցիկ տոներից է։

Ապրիլ 14,2001 00:00

ԶԱՏԻԿԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ Զատիկը հինավուրց ժամանակներից եկած- մեզ հասած հայոց բազմախորհուրդ, իմաստուն ու գեղեցիկ տոներից է։ Անվանումը կապվում է զատ(վել) բառի հետ (այն, իր հերթին, կազմված է զ նախդիրից եւ հատ արմատից) եւ նշանակում է ինչ-որ անորոշության, համր ընդհանրության տարրորոշում, հատավորում, նրանում բազմազանության, պես-պեսության, ներքին զատվածության երեւան գալ։ «Ուղղամիտ էին աստվածները հին,- գրում է Պ. Սեւակը,- ուղղամիտ էին՝ պարզ դերձակի պես՝ իրենց հավատի հանդերձը նրանք միշտ ձեւում էին ճիշտ կյանքի վրա»։ Այդ ուղղամտության մասին է վկայում Զատկի ինչպես անվանումը, այնպես էլ խորհուրդը։ Զատիկը ավանդաբար տոնվում է գարնան գիշերահավասարից՝ մարտի 21-ից (որը բուն հայոց տոմարով նոր տարվա սկիզբն է) հետո, լիալուսնին հաջորդող կիրակի օրը, ունի 35-օրյա շարժականություն եւ կարող է կատարվել մարտի 22-ից ապրիլի 25-ը ընկած ժամանակահատվածում։ Զատիկը հաջորդում է մարդկանց պասի շրջանին։ Ի՞նչ է պասը։ Ոմանք այն կապում են այս կամ այն դավանանքի հետ։ Սակայն այն միանգամայն բնական երեւույթ է։ Պասը կամ ինքնազսպումը որոշակի մոգարգելքներ է ենթադրում (սննդի, վարք ու բարքի՝ սեռական կյանքի, արտաքինի, աշխատանքի եւ այլնի հետ կապված), որոնք համապատասխանելով մարդու եւ բնության կյանքի ռիթմերի, մարդու սոցիալական ու կենցաղային հանգամանքների հետ, նպաստում են նրա կյանքի առողջացմանը, նրանում ինչ-ինչ որակների բորբոքմանն ու բարելավմանը։ Զատկի պարագայում նրան նախորդում են մսեղեն, ձու չուտելու, սեռական ժուժկալության մոգարգելքները։ Մսեղեն եւ ձու (որոնք, ինչպես հայտնի է, «ծանր» կերակրատեսակներ են) չուտելու զրկանքը բխում է համեմատաբար պասիվ վիճակում (երկրագործական բուռն աշխատանքները սկսվում են Զատկից հետո միայն) գտնվող օրգանիզմը բեռնաթափելու, նրա ներքին եռանդը ավելի նուրբ գործերի նպատակամղելու եւ, ըստ այդմ, այն ավելի ամբողջական ու կենսալից դարձնելու անհրաժեշտությունից։ Բացի այդ, ինչպես հայտնի է, մինչզատկական շրջանը համընկնում է անասունների ծնի շրջանի հետ եւ այդ ընթացքում անասունի արյուն թափելը մեղք է համարվում եւ տնտեսապես ոչ շահեկան։ Իսկ սեռական մոգարգելքը բացատրվում է այդ ընթացքում օրգանիզմի համեմատաբար «սառած», նիրհուն, ոչ գրգռուն վիճակով, որի պարագայում բեղմնավորումը սերնդի «բուծմանը» նպաստող չէ։ Բացի այդ, մինչ Զատիկը հղիանալով, կինը զրկվում է ամառային եւ աշնանային բուռն աշխատանքներին ակտիվ մասնակցելու հնարավորությունից։ Այսպես, «աչքը շինելու փոխարեն, ունքն էլ չհանելու», պասին հաջորդող զատկական տոնի սրբության բարիքներին ըստ ամենայնի արժանանալու համար մեր նախնիները մինչեւ քրիստոնեությունն էլ ստեղծել են ինքնազսպումի նման ձեւեր, որոնք նաեւ կամքի դաստիարակության, ներքին ինչ-ինչ որակների մշակության, արգելվածի նկատմամբ կարոտի բորբոքման միջոցներ են։ Բուն Զատիկը սկսվում է կիրակի օրը։ Ինքնազսպումը լուծվում է զատկական հավկիթով, երբ «արեւը նոր դուրս է գալիս մոր ծոցից»՝ ելնում-նայում են արեւին, որպեսզի «արեւով ձուն ուտեն»։ Տոնակատարության կարեւոր առանձնահատկություններից մեկը ձու ներկելը եւ ձվախաղ՝ ձու կռվեցնելն ու ձու գլորելն է։ Ձուն կյանքի, բնության արթնացող ու վերածնվող ներուժի, նրա արբունքի, բեղմնավորումի, աճի ու պտղաբերության միտումի խորհրդանիշն է։ Ձվի գույնը, որը հիմնականում կարմիր է լինում, խորհրդանշում է արյան՝ մեծ զոհաբերությունների մշտական բաղադրիչ տարրի գույնը։ Զատկական խորհուրդների համակարգում կարեւորելի է նաեւ զոհաբերության (մատաղի) խորհուրդը։ Զատկի զոհաբերությունը ախառ է կոչվում (հնարավոր է՝ նշանակում է Աստծուն գրավել), որը տարվա ամենաթանկ զոհաբերությունն է համարվում։ Զոհաբերի՛ր, որ ստանաս, հավերժես. այս է զոհաբերության իմաստը։ Զատկի արարողակարգի պարտադիր տարրն է կազմում հարս ու փեսայի հարազատների կողմից հարսին ու փեսային «զատկափայ» տանելը։ Ի՜նչ լինելություն, զարթոնք, առանց նախնիների։ Ահա թե ինչու տոնի խորհուրդների մեջ կարեւորվում է նաեւ նախնյաց պաշտամունքը, որը դրսեւորվում է մահացած հարազատների, հոգեհարազատ մարդկանց, «մեծ մեռելների» գերեզմաններին այցելելու, «մեռելափայ» տանելու, այնտեղ խնջույքներ կազմակերպելու (նոր մեռել ունեցողներն իրենց զուսպ են պահում) սովորույթով։ Այսպես, ուրեմն, Զատիկը տոն է «հանուն սերմի՛ն», հանուն հայոց բար ու բանի՛ն, հանուն հայոց լինելությա՛ն։ Եվ հակազատկական այս օրերում ուզում ես հավատալ, որ մի ժամանակ հայոց աշխարհի բարձր լեռներին բույն դրած Հազարան հավքը՝ Զատկի խորհրդանիշ թռչունը այսօր էլ կա ու այսօր էլ բազմագույն ձվեր է ածում, որ դրանք շաղ տա հայոց աշխարհով մեկ, որ այն էլ բազմագույն պտուղներ տա ու նորոգվի։ Ս. Լ. ՄԱՆՈՒԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել