Լրահոս
Օրվա լրահոսը

Ապրիլ 14,2001 00:00

ՊԱՐՏՎԱԾ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ Ստանձնելով ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման պատասխանատվությունը,Քոչարյանը հանդես եկավ առանց նախապայմանների փաթեթային լուծման դիրքորոշմամբ: Դա հանգեցրեց ԼՂՀ-ի ինքնորոշման իրավունքից հրաժարման՝ հօգուտ Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ սահմանների անխախտելիության սկզբունքի ճանաչման: Բանակցային բուն գործընթացը Քոչարյան-Ալիեւ երկկողմ հանդիպումներով փոխարինելու ինքնանպատակ մարտավարության հետեւանքով ԼՂՀ հակամարտությունը վերածեց Հայաստան-Ադրբեջան տարածքային վեճի առարկայի. հակամարտության կարգավորման գործընթացը սահուն կերպով դարձավ Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքների փոխանակման շուրջ բանակցություն: Դա ավելի վատ է, քան հանցագործությունը, դա սխալ է: Անտուան Բուլե դե լա Մերթ Ասպարեզ եկավ չարագույժ «Մեղրիի տարբերակը»: 1999-ի նոյեմբերին ստորագրվելու էր տարածքների փոխանակման սկզբունքի հիման վրա մշակված կարգավորման ծրագիրը, եթե «հոկտեմբերի 27-ին» հաջորդած ներքաղաքական ալեբախումները առժամանակ չհետաձգեին այն: Քոչարյանը հասցրեց ստորագրել Ստամբուլի խարտիան եւ անվերապահորեն ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը: 99-ը Քոչարյանն ավարտեց գործադիր իշխանության եւ խորհրդարանի նկատմամբ վերահսկողության գրեթե ամբողջական կորստի պայմաններում: 99-ի մայիսի խորհրդարանական ընտրություններից հետո ներքաղաքական կյանքում Քոչարյանի ազդեցության կտրուկ նվազումը եւ փաստական վարչապետական կառավարման հաստատումը Վազգեն Սարգսյանի, իսկ նրա սպանությունից հետո՝ Արամ Սարգսյանի գլխավորությամբ, ամենեւին խոչընդոտ չհանդիսացան արտաքին քաղաքականության բնագավառում Քոչարյանի կողմից բախտորոշ որոշումներ ընդունելու ճանապարհին: Թվացյալ նոմինալ կառավարման շրջանում Քոչարյանը ռեալ իշխանություն էր բանեցնում ղարաբաղյան ուղղությամբ: Դա չափազանց ուշ նկատեցին Սարգսյան եղբայրները: Քոչարյան-Ալիեւ պայմանավորվածությունների հիման վրա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ներկայացնում են նոր առաջարկներ 99-ի դեկտեմբերի 11-ին միջազգային ֆինանսական հաստատությունների մեծաթիվ պատվիրակության ուղեկցությամբ տարածաշրջան են ժամանում ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահները: Սա Ադրբեջանի կողմից «ընդհանուր պետություն» փաթեթի մերժումից հետո համանախագահների առաջին համատեղ այցն էր: Նորույթն այն էր, որ կարգավորման գործընթացին ներգրավվում էին ֆինանսական հաստատությունները, եւ դա ինքնին վկայում էր, որ բարեհաջող ավարտվել է պայմանավորվածությունների ձեռք բերման փուլը, եւ քննարկվում են հետկարգավորման տնտեսական զարգացման հարցերը: Պատվիրակության անդամներն ու համանախագահները Երեւանում հանդիպում են Քոչարյանի, Օսկանյանի, ԱԺ նախագահի, փոխնախագահների, հանձնաժողովների նախագահների հետ: Այդ հանդիպումների բուն նպատակը պաշտոնական Երեւանը փորձում է թաքցնել. անդրադառնալով ԱԺ-ում հանդիպումներին, ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունն իր դեկտեմբերի 14-ի հաղորդագրության մեջ նշում է. «Ըստ ԱՄՆ ներկայացուցիչ պարոն Քավանոյի՝ ներկա այցի հիմնական նպատակներն են նոր առաջարկությունների ներկայացումը, տարածաշրջանում տնտեսական զարգացման ուղիների նախանշումը» («ՀՀ»,14.12.99): Սակայն Օսկանյանը նույն օրը հերքում է այն՝ հայտարարելով, թե այցը զուտ խորհրդատվական բնույթ էր կրում, եւ համանախագահները նոր առաջարկությամբ հանդես են գալու առաջիկայում: Օրենսդրի եւ գործադրի միջեւ եղած անհամաձայնությունների արանքից սպրդում է բուն ճշմարտությունը՝ համանախագահներն, իրոք, բերել էին նոր առաջարկներ եւ խոստացել փող: Օսկանյանը մտահոգ կրկնում է ծեծված ճշմարտություններ եւ փորձում նախապատրաստել հասարակությանը. «Այնուամենայնիվ, Ղարաբաղի կարգավորման հարցը մնում է դեռեւս մեր երկրի արտաքին քաղաքականության առանցքը: Ամեն ինչ կապված է վերջինիս հետ՝ ցանկացած ուղղությամբ, ցանկացած գործընթաց: Դա, անկախ մեր կամքից, միջազգային հանրության թելադրանքով պայմանավորված օբյեկտիվ իրավիճակ է: Այն արդեն կաշկանդիչ գործոն է, ուստի հատկապես տարածաշրջանում ակտիվ գործունեություն ծավալելով, ցանկանում ենք դուրս գալ վերջինիս պարտադրանքի տակից» (նույն տեղում,15.12.99): Նկատվում է, որ հայկական կողմը դժգոհ է առաջարկներից եւ դանդաղում է: Իսկ Ալիեւն ակնհայտորեն ավելի քան բավարարված է առաջարկներով եւ չի քողարկում իր ոգեւորությունը. նա հայտարարում է, որ արդեն երեւում են «խաղաղության հորիզոնները» («Ազգ»,16.12.99): Միջնորդները պակաս զգացմունքային են եւ տրամադրված են գործնական: Դա պարզ երեւում է ԵԱՀԿ գործող նախագահ Կ.Վոլոբեկի հայտարարություններից: Մեկ օրվա տարբերությամբ համանախագահներից հետո լինելով Երեւանում եւ Բաքվում, նա պահանջում է համանախագահներից արագացնել հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը: Քոչարյանն օգտվում է համանախագահ երկրների մրցակցությունից եւ ձգձգում կարգավորումը Երրորդ հազարամյակի շեմին տարածաշրջանը, առավելապես Հայաստանը, շարունակում է մնալ աշխարհաքաղաքական շահերի բախման կիզակետ եւ հակամարտության կարգավորման մեջ ներգրավված երկրների հակասությունների պատճառով բանակցությունները Քոչարյան-Ալիեւ հանդիպումների ֆորմատից ԵԱՀԿ ՄԽ-ի ֆորմատ վերադարձնելու գործը դանդաղում է: Շիկանում է ապագա աշխարհակարգի, կովկասյան անվտանգության համակարգի, ինչպես նաեւ կարգավորմանը մասնակից եւ դրանում շահագրգիռ հարեւան երկրների շուրջ բանավեճը: ՌԴ նախագահ Բ.Ելցինը համառորեն դիմադրում է՝ չհաշտվելով երկբեւեռ աշխարհի կործանման մտքի հետ, նա իր երկրի վրդովմունքն է արտահայտում ԱՄՆ-ի քաղաքականության առթիվ. «Համապարփակ համաշխարհային քաղաքականությունը թելադրելու է ոչ թե ԱՄՆ-ը, այլ աշխարհի մեծ տերությունները, եւ աշխարհի բազմաբեւեռությունը պահպանվելու է» («ՀՀ»,10.12.99): Բազմաբեւեռ աշխարհի մյուս ջատագով Ֆրանսիան դեկտեմբերի 15-ին հյուրընկալում է Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների նախագահներին: Նրանք Սենատի նախագահ Ք.Պոնսլեի հովանավորությամբ Վերսալում ստորագրում են հռչակագիր: Եվրոպայի, առանձնապես Ֆրանսիայի դերը կարեւորելու նպատակով Պոնսլեն ընդգծում է, որ Վերսալը խորհրդանշական է այստեղ ընդունված բազմաթիվ քաղաքական որոշումներով: 2000-ին հակամարտության առթիվ Ալիեւի առաջին հայտարարությունը վերաբերում է Թուրքիայի դերին. «Հակամարտության կարգավորման գործում Թուրքիան պետք է մասնակցություն ունենա ոչ միայն որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ. առանց նրա մասնակցության անհնար է լիովին լուծել այդ խնդիրները»: Ավելի որոշակի են հնչում Ադրբեջանի պաշտպանության նախարար Ս.Աբիեւի խոսքերն այն մասին, որ Ադրբեջանն իր ապագան տեսնում է Արեւմուտքի հետ ինտեգրացման եւ ԱՄՆ-ի հետ մերձեցման մեջ՝ ձգտելով ընդլայնել ՆԱՏՕ-ի հետ շփումները: Այսպիսով, Ադրբեջանը վստահեցնում էր, որ պահպանում է կարգավորման գործընթացում Թուրքիայի ակտիվ մասնակցության եւ միաժամանակ ԱՄՆ միջնորդական դերի նկատմամբ հավատարմությունը: Հունվարին տարածաշրջանային այցով Երեւանում գտնվող Ս. Սեստանովիչը շտապում է. «Բոլոր միջազգային կազմակերպությունները համամիտ են, որ ղարաբաղյան հակամարտությունը լուծելու հարմար պահ է ներկայացել եւ չպիտի բաց թողնվի»: Դժվար չէ կռահել, որ հակամարտությունը լուծելու բարենպաստ իրավիճակը պայմանավորված էր ոչ այնքան Ադրբեջանի կողմնորոշմամբ, որքան տարածքների փոխանակման հարցում Հայաստանի դիմադրության նվազմամբ. «հոկտեմբերի 27-ի» ահաբեկչության արդյունքում զոհվել էին այդ գաղափարի գլխավոր հակառակորդները: Ուշագրավ է, որ Սեստանովիչը շրջանցում է Ստեփանակերտը, անգամ չի այցելում Երեւանում ԼՂՀ ներկայացուցչություն եւ մեկնում է Բաքու: Հակամարտության լուծման «ներկայացած պահին» (եւ ընդմիշտ) ԱՄՆ-ը Ղարաբաղը չի տեսնում բանակցության սեղանի շուրջ: ԱՊՀ հունվարյան գագաթաժողովի ժամանակ Մոսկվայում տեղի ունեցած Քոչարյան-Ալիեւ հանդիպման 40-րդ րոպեին նրանց միանում է ՌԴ նախագահի պաշտոնակատար Վ.Պուտինը: Եռակողմ հանդիպումն ամփոփող հայտարարության մեջ արտահայտված է կարգավորման գործընթացում եւ առհասարակ տարածաշրջանում ակտիվ քաղաքականություն վարելու Ռուսաստանի մտադրությունը. «Բանակցությունների բարեհաջող ելքի դեպքում Ռուսաստանը պատրաստ է ստանձնել ձեռք բերված համաձայնությունների երաշխավորի դերակատարությունը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի ակտիվ ներկայացուցիչ: Հայաստանի եւ Ադրբեջանի հետ ավանդական բարեկամությունը Ռուսաստանին թույլ է տալիս աջակցել կարգավորման գործընթացին. վկա՝ այսօր երեք երկրների ղեկավարների միջեւ անկեղծ ու ծավալուն զրույցը»: Տարածաշրջանում իր շահերը չզիջելու Ռուսաստանի հաստատակամությունն առավել ակնառու է 3+1 կովկասյան անվտանգության համակարգ ստեղծելու շահագրգռությամբ: Մոսկվայում տեղի է ունենում նաեւ «Կովկասյան քառյակի» հանդիպում, որի ավարտին Պուտինի համակրանքը բացահայտորեն Ադրբեջանի կողմն է. «Քառյակի մասնակիցները կգործեն միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա, որոնց թվում էականներից մեկը ինքնիշխան պետության տարածքային ամբողջականության բացարձակ ճանաչումն է»: Հակամարտությունների կարգավորման խնդրում տարածքային ամբողջականության սկզբունքին գերապատվություն է տալիս ոչ միայն Ռուսաստանը, այլեւ մյուս միջնորդները՝ ԱՄՆ-ը, Ֆրանսիան, ավելին՝ այդ սկզբունքն ընդունել է նաեւ Քոչարյանը՝ Հայաստանի անունից ստորագրելով Ստամբուլի խարտիան: Այդուհանդերձ, Քոչարյանը նախընտրում է հարավկովկասյան անվտանգության ամերիկյան «3+3+2» տարբերակը (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան+Ռուսաստան, Թուրքիա, Իրան+ԱՄՆ, Եվրամիություն): Մոսկվայից վերադառնալուն պես Քոչարյանը «Զվարթնոց» օդանավակայանում բացատրում է, թե տարածքային ամբողջականության մասին Պուտինի խոսքերը վերաբերում էին Չեչնիային, եւ ավելացնում՝ Ղարաբաղի հարցում որոշիչն ինքնորոշման սկզբունքը պետք է լինի: Ռուսաստանի քայլերին հակադրվելու մոլուցքով տարված Քոչարյանը ակամա բացահայտում է իր նպատակը՝ ձգձգել հարցի լուծումը, եւ խորհուրդ տալիս չափազանցված հույսեր չունենալ ԼՂ հիմնախնդիրը մի հարվածով կարգավորելու հարցում («Ազգ»,27.1.2000): Քոչարյանը հույս ունի Ռուսաստան-ԱՄՆ մրցակցության սրման հաշվին հարցի լուծումը հետաձգել մինչեւ «երբեք»: Հենց այդ դիտավորությամբ է նա ավելի ու ավելի հակվում դեպի ԱՄՆ-ի հատուկ դերի ու «3+3+2» անվտանգության համակարգի կարեւորումը: ԱՄՆ-ի հատուկ դերն անխուսափելիորեն ենթադրում էր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարածքների փոխանակում, որի հետեւանքով, ի հաշիվ Ռուսաստանի, տարածաշրջանում կամրապնդվեն ԱՄՆ շահերը եւ կսրվեն ԱՄՆ-Ռուսաստան հակասությունները՝ կարգավորման գործընթացը վերածելով կովկասյան անվտանգության համակարգում իրենց դիրքն ամրագրելու Ռուսաստան-ԱՄՆ մրցակցության: Լուծման ձգձգումը ակտիվացնում է տարածքների փոխանակման քայլերը Քոչարյանին մշտապես ուղղորդող «լուծման ձգձգում» գերնպատակը դրսեւորվում է ԱՄՆ-ի նախաձեռնումների առնչությամբ Քոչարյանի հանկարծահաս «կառուցողականությամբ»: Դրա վառ ապացույցն է մոսկովյան հանդիպման 7 օրը չբոլորած՝ Քոչարյան-Ալիեւ-Օլբրայթ հանդիպումը Դավոսում, հունվարի 29-ին: Այդ մասին ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցչի հայտարարության մեջ ասված է. «Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներն իրենց անկեղծ երկխոսության մեջ դուրս են եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկությունների շրջանակներից եւ ձգտում են ղարաբաղյան խնդրի լուծման ավելի նորարարական եւ համարձակ լուծում գտնել»: Նոր լուծումների մասին է ակնարկում նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանը. «Մենք ակնկալում ենք, որ մոտակա ամիսներին կլսենք նոր հայտարարություն, որը կխթանի կարգավորումը»: Ռուսաստանին ոչինչ չէր մնում, բացի Հայաստանի նկատմամբ սանկցիաների կիրառումից. փետրվարի 1-ին առժամանակ դադարեցվում է ռուսական գազի մատակարարումը Հայաստան, Թուրքմենստանի նախագահ Նազարբաեւի առողջական վիճակի պատրվակով հետաձգվում է Քոչարյանի այցը Թուքմենստան: Քոչարյանն իր խոսնակի միջոցով փորձում է մեղմել Մոսկվայի ճնշումները եւ, հերքելով ԱՄՆ պետդեպարտամենտի վերը նշված գնահատականը, հայտարարում, որ դավոսյան հանդիպման ժամանակ դրական տեղաշարժ չի եղել եւ Քոչարյանի առաջարկած երկու գաղափարները չեն ստացել փաստաթղթային ձեւակերպում: Իսկ Անանի խոսքերը որակում է որպես ողջունելի լավատեսություն: Այդուհանդերձ, Դավոսից մի քանի օր անց երկարատեւ այցով ԱՄՆ էր մեկնել Հայաստանի մի շարք կուսակցությունների, ոչ կառավարական կազմակերպությունների եւ մամուլի ներկայացուցիչներից կազմված պատվիրակությունը: Հանդիպումների շարքում ուշադրություն էր գրավում նրանց հանդիպումը Պոլ Գոբլի հետ: Քոչարյանի խոսնակի հերքումից հետո էլ Դավոսում տեղի ունեցած հանդիպումների արդյունավետության մասին հայտարարությունները չեն ընդհատվում: Փետրվարի կեսերին Ալիեւը Քլինթոնի հետ հանդիպմանը վստահություն է հայտնում, որ դավոսյան քննարկումները «լրացուցիչ խթան կհանդիսանան խնդրի վերջնական լուծմանը հասնելու համար» (նույն տեղում,17.2.2000): Արդյունավետությունը հաստատվում է նաեւ այդ օրերին Ժնեւում տեղի ունեցող Մինսկի խմբի համանախագահների հանդիպմամբ, որի ընթացքում միջնորդները նախապատրաստական աշխատանք են տանում՝ սպասելով Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների բանակցությունների վերջնական արդյունքներին: Հայտարարությունները եզրափակում է Ադրբեջանի արտգործնախարար Գուլիեւը, որը բացահայտում է «ավելի նորարարական եւ համարձակ» լուծումների էությունը. «Լաչինի միջանցքի դիմաց Ադրբեջանը Նախիջեւանին կապող միջանցք ստանալը մեծ հաջողություն կլիներ» (նույն տեղում,24.2.2000): Այսպիսով, մեծանում է «հոկտեմբերի 27-ին» հաջորդած ներքաղաքական պատճառներով հետաձգված ծրագրի իրականացման հավանականությունը: Լուծման ձգձգումը հանգեցնում է գրավյալ տարածքներն առանց նախապայմանների Ադրբեջանին վերադարձնելու պահանջին Ռուսաստանի բացահայտ ճնշումները, որոնք սպառնում են վիժեցնել տարածքների փոխանակման ծրագիրը, մտահոգում են Թուրքիային, եւ նա դիմում է երկդիմի քայլերի: Մի կողմից՝ նա Ռուսաստանի գլխի տակ փափուկ բարձ դնելու, իսկ մյուս կողմից՝ Ռուսաստան-Հայաստան հարաբերություններն ավելի սրելու նպատակով ձեռնարկում է Ռուսաստանի հետ հարաբերությունները սերտացնելու առերեւույթ քայլեր: Կովկասյան անվտանգության համակարգի մասին Պուտին-Դեմիրել խորհրդակցությունները փետրվարի վերջին ավարտվում են Դեմիրելի նախաձեռնությանը Պուտինի պատասխան նամակով: Ռուսաստանն, այնուամենայնիվ, փորձում է մինչեւ վերջ չփչացնել Հայաստանի հետ հարաբերությունները եւ մարտի 18-ին Մոսկվայում Հայաստանի եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարների միջեւ ստորագրվում է երեք համաձայնագիր: Քոչարյանի՝ դրան հաջորդած հրամանագիրը «Արտաքին քաղաքականության վարման գործում ՀՀ գործադիր իշխանությունների գործունեությունը համակարգելու» մասին, թերեւս, նպատակ ուներ չեզոքացնել հայ-ռուսական դաշնակցությունը ռազմական եւ այլ ոլորտներում ամրապնդելու ջատագովները հանդիսացող վարչապետ Ա.Սարգսյանի, պաշտպանության նախարար Վ.Հարությունյանի եւ այդ թիմի մյուս անդամների գործողությունները: Այսպիսով, Քոչարյանը չի դավաճանում Ռուսաստանի ակտիվանալու փորձերին անզուգաչափ հարվածներով պատասխանելու իրեն բնորոշ գործելակերպին: 2000թ. գարնանն ակտիվանում է նաեւ Եվրամիությունը, որը հանձին Ֆրանսիայի փորձում է Արեւմուտքի ձեռքում պահել հակամարտության կարգավորման լծակները: Մարտի կեսերին Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մ.Լեգրան, անդրադառնալով կովկասյան անվտանգության համակարգի հարցերին, գերապատվությունը տալիս է ԵԱՀԿ-ին՝ չթաքցնելով «3+1» ֆորմատի նկատմամբ անվստահությունը: Հակամարտության կարգավորման գործում Ֆրանսիայի դերը դեսպանը հիմնավորում է հետեւյալ կերպ. «Հարավսլավիայում եւ Պաղեստինում արդեն առկա փորձի օրինակով իրականում միշտ հատուցում կամ վճարում է Եվրոպական ընկերակցությունը: Վճարում է ոչ լրիվ, սակայն անհամեմատ մեծ մասը: Այդպիսով Ֆրանսիան Եվրոպական ընկերակցության գծով իր գործընկերների հետ բանակցելու եւ նրանց համոզելու պարտավորություն ունի»: Ապրիլի վերջին Հայաստան ժամանած Ֆրանսիայի բարձրաստիճան պատվիրակությունը հաստատում է դեսպանի նշած խնդիրներում իր երկրի շահագրգռությունը: Ապրիլ ամսվա ընթացքում շարունակվում է տարածքների փոխանակումը վերահաստատող նոր հայտարարությունների հրապարակումը: Ինտերնետով տարածած նամակում Ք.Քոքսը գրում էր, որ Հայաստանի իշխանությունները մեծ զիջումների են գնում եւ պատրաստվում են հանձնել Հայաստանի հարավային հողերը: Բարոնուհին զգուշացնում է. «Եթե դեպքերի ներկա ընթացքը չդադարեցվի, Երեւանում ձեր ղեկավարությունը ճակատագրականորեն թուլացած է լինելու եւ դավաճանած երկրին»: Տարածքների փոխանակման շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններն է հաստատում նաեւ գերմանական «Շպիգելը»: Տեղեկատվության արտահոսքը ստիպում է Օսկանյանին խոստովանել, որ Դավոսում Քոչարյանն ու Ալիեւը Մեղրիի ու Ղարաբաղի շրջակա տարածքների փոխանակմամբ ԼՂ հակամարտության կարգավորման առաջարկ շոշափել են, սակայն դա չի ընդունվել որպես սեղանի առաջարկ (նույն տեղում, 13.4. 2000): Իսկ դեպքերի հետագա ընթացքն այլ բան է հուշում: Քոչարյանը կտրուկ վերջ է դնում երկիշխանությանը՝ պաշտոնանկ անելով վարչապետին եւ պաշտպանության նախարարին: ԱՄՆ-ը անմիջապես ողջունում է նրա այդ քայլը, քանի որ ասպարեզից Վազգեն Սարգսյանի հետեւորդների հեռացումով ճանապարհ է բացվում տարածքների փոխանակման կողմնակիցների համար: «Հայաստանում եւ Ադրբեջանում առկա իրավիճակը նպաստում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շարունակմանն ու խորացմանը, եւ ԱՄՆ-ը պատրաստ է ակտիվացնել իր ջանքերն այդ ուղղությամբ արդյունքների հասնելու համար» (նույն տեղում,7.5.2000). սա Քավանոյի խոսքերն են: Նույն տրամադրություններն են գերիշխում մայիսի 18-ին Ժնեւում ԵԱՀԿ համանախագահների հանդիպմանը, որտեղ քննարկվում է հակամարտության շուրջ «առավել լավատեսական կլիմա» ստեղծելու հարցը: Միջնորդները որոնում են լուծումները, որոնք «հնարավոր կդարձնեն ոչ միայն Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդներին, այլեւ երկու պետությունների հասարակությանը ստիպելու փոխզիջումներ կատարել»: Սակայն, երբ քննարկման ընթացքում Քավանոն կրկին ընդգծում է նպաստավոր իրավիճակի մասին, Ռուսաստանի համանախագահը պատասխանում է, որ բանակցային գործընթացում «ինչ-որ նոր բան» կարելի է սպասել ամռանից ոչ շուտ, երբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կհանդիպեն Մոսկվայում: Ակնհայտ էր, որ Ռուսաստանը պատրաստվում էր կյանքի կոչել Քոչարյան-Ալիեւ-Պուտին մոսկովյան հանդիպման հռչակագրի դրույթները: Թեեւ Ալիեւը շահագրգիռ էր Ռուսաստանի ազդեցությունը կանխելու հարցում, սակայն, ի տարբերություն Քոչարյանի բացահայտ ցուցադրումների, դրսեւորում է դիվանագիտական ճկունություն եւ հայտարարում է, որ Ռուսաստանը կարող է եւ պետք է կարեւոր դեր խաղա հակամարտության կարգավորման գործում եւ խնդրի լուծումից է կախված Բաքվի ու Մոսկվայի հարաբերությունների հետագա ամրապնդումը (նույն տեղում,14.6.2000): Հունիսի վերջին ԱՊՀ մոսկովյան գագաթաժողովում տեղի է ունենում Քոչարյան-Ալիեւ հանդիպում, որի ժամանակ վարպետորեն տապալվում է կարգավորման գործընթացում ակտիվ դեր ստանձնելու Ռուսաստանի փորձը: Դատելով Պուտինի հետ հանդիպմանն Ալիեւի արած հայտարարությունից՝ դժվար չէ նկատել, թե հատկապես որ հարցի շուրջ չէին մերձեցել կողմերի դիրքորոշումները: Ալիեւը տառացիորեն ասում է, որ Բաքուն կընդունի միայն «ադրբեջանական տարածքների վերջնական եւ առանց նախապայմանների ազատման տարբերակը» (նույն տեղում, 21.6.2000): Ադրբեջանի նախագահի դիվանագիտական հմտությունը թերագնահատած կլինեինք, եթե չնշեինք, որ նա ներկայացրել է դա նաեւ որպես Ռուսաստանի հատուկ դերը ճանաչելու նախապայման: Այսպիսով, լուծումը ձգձգելուն միտված Քոչարյանի քաղաքականությունը, որը մոտավոր եզրեր չուներ Օսկանյանի կողմից թմբկահարվող կոմպլիմենտարիզմի սկզբունքի հետ, իրողություն է դարձնում գրավյալ տարածքներն առանց նախապայմանների ազատելու Ադրբեջանի պահանջը: Նախորդ բոլոր պայմանները Քոչարյանն ընդունել էր: Ինչ վերաբերում է Քոչարյան-Պուտին հանդիպմանը, ապա պետք է հիշեցնել, որ դրան հաջորդեցին Քոչարյան-Քլինթոն (հունիսի 27) եւ Քոչարյան-Շիրակ (հունիսի 30) հանդիպումները: Ըստ վերլուծաբանների, Վաշինգթոնում Քոչարյանին դժվար հանդիպում էր սպասվում, որը, սակայն, ավելի դժվար կլիներ, եթե Քոչարյանի եւ Ալիեւի համատեղ ջանքերով չկանխվեր բանակցություններում Ռուսաստանի առանձնահատուկ դեր ստանձնելու փորձը: Փարիզի հանդիպումը նշանակում էր, որ տվյալ փուլում ԱՄՆ հովանու ներքո հակամարտության կարգավորման բանալին ժամանակավորապես հանձնվում է Ֆրանսիային: Ի դեմս Ռուսաստանի՝ Հայաստանը կորցնում է իր ռազմավարական դաշնակցին ԵԱՀԿ ՄԽ-ի շրջանակներում ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը շարունակում է մնալ 1998-ի հունվարին ստեղծված փակուղում: Ադրբեջանի համար կարգավորման գործընթացում շահեկան հենակետ ստեղծելուց հետո, Քոչարյան-Ալիեւ մոտ մեկ տասնյակ հանդիպումները նույնպես մտան փակուղի: Երկկողմ բանակցությունները փակուղուց դուրս բերելու նպատակով Ֆրանսիան դիմում է շոյելու քաղաքականության՝ հատկապես կորուստներ կրած կողմի հանդեպ: Հունիսի 30-ին Քոչարյանի հետ հանդիպումից հետո Շիրակը տեղեկացնում է, որ ընդունել է Հայաստան այցելելու հրավերը, եւ մտադիր է դա անել առաջիկա 2001-ին՝ Քոչարյանի Ֆրանսիա կատարելիք պետական այցից հետո: Հուլիսի 5-ին համանախագահների տարածաշրջան այցի ժամանակ Գրիբկովը նշում է, որ բոլոր 3 առաջարկությունները սեղանի վրա են, ինչին Օսկանյանը հակադարձում է, թե սեղանին չկա այնպիսի առաջարկ, որը կարող է հույս ներշնչել մոտալուտ կարգավորման առումով: Բացի այդ, Քոչարյան-Ալիեւ հանդիպումները եզրափակվում են զուտ արարողակարգային հայտարարություններով, մասնավորապես՝ Յալթայում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթաժողովի ժամանակ տեղի ունեցած Քոչարյան-Ալիեւ հանդիպման ավարտին (օգոստոսի 17) կողմերն ընդամենը հավաստիացնում են հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու իրենց պատրաստակամությունը: Տեսակետների մերձեցում չի արձանագրում նաեւ Նյու Յորքում ՄԱԿ-ի հազարամյակի գագաթաժողովի օրերին տեղի ունեցած Քոչարյան-Ալիեւ հերթական հանդիպումը (սեպտեմբերի 7): Ռուսաստանը փորձում է գործադրել «Հանուն Հարավային Կովկասի երկրների հետ իրավահավասար, փոխշահավետ կապերի համակողմանի զարգացման կովկասյան մարտավարությունը»: Իր ողջ մերկությամբ ի հայտ է գալիս, որ Ռուսաստանն ու Հայաստանն այլեւս կապված չեն դաշնակցային հարաբերություններով: Անպտուղ է ավարտվում Քոչարյանի պաշտոնական այցը Մոսկվա՝ սեպտեմբերի 24-26-ին: Երկու երկրների պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպմանը ռուսական կողմից չեն մասնակցում վարչապետը, փոխվարչապետը եւ պաշտպանության նախարարը: Հաջորդ օրը վարչապետ Կասյանովի հետ հանդիպմանը Քոչարյանից պահանջվում է էներգակիրների համար 113 մլն ԱՄՆ դոլար պարտքը, իսկ Պուտինը բացառում է պարտքի վերակառուցումը. «Բոլոր այն երկրները, որոնք ձեւավորվել են նախկին ԽՍՀՄ տարածքում, միայն մեկ բանի կարիք են զգում՝ արդար աշխարհակարգ, իրավահավասար փոխհարաբերություններ» (նույն տեղում, 27.9.2000): Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա նա կրկին հեռատես է գտնվում՝ Թուրքիայի օրինակով ջերմացնելով Ռուսաստանի հետ հարաբերությունները: Դրա վառ ապացույցը Ռուսաստան-Ադրբեջան 10-ամյա հարաբերությունների պատմության մեջ առաջին անգամ Ադրբեջանի ԱԳ նախարարի հոկտեմբերի 14-ի պաշտոնական այցն է Մոսկվա: Վ.Գուլիեւը հանդիպում է փոխվարչապետի, Վերին եւ Ստորին պալատների խոսնակների, արտգործնախարարի, Մոսկվայի քաղաքապետի հետ: Ի.Իվանովի հետ բանակցելուց հետո նա վստահ հայտարարում է. «Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ չկան այնպիսի կնճռոտ խնդիրներ, որոնք հնարավոր չլինի լուծել բանակցությունների սեղանի շուրջ»: Իվանովն իր հերթին հավաստիացնում է, որ Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունները թեւակոխել են ռազմավարական գործընկերության ամենաբարձր փուլ եւ, հատկապես նշում Կասպից ծովի կարգավիճակի հարցում տեսակետների մերձեցման եւ ղարաբաղյան հարցը տարածքների ամբողջականության սկզբունքի հիման վրա լուծելու մասին: Ադրբեջան-Ռուսաստան ռազմավարական գործընկերության ամենաբարձր փուլի հարաբերությունների համատեքստում Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ ընդգծված քամահրական վերաբերմունքն ինքնին վկայում էր, որ Հայաստանն, ի դեմս Ռուսաստանի, կորցրել է իր ռազմավարական դաշնակցին եւ լիովին մեկուսացվել: Այրելով դեպի Ռուսաստան ետդարձի կամուրջները, Քոչարյանը հետագայում պարտադրված էր անվերապահորեն կատարել ԱՄՆ-ի պահանջները: Իրական է դառնում Հայաստանի տարածքային ամբողջականության սպառնալիքը Հայաստանի վերջնական մեկուսացումից հետո ԱՄՆ-ն վերստին ակտիվանում է՝ խախտելով Քոչարյան-Շիրակ հունիսյան հանդիպմամբ սկսված երեւութական չեզոքությունը: Նոյեմբերի 1-ին Քավանոյի ուղեկցությամբ տարածաշրջան է ժամանում Սեստանովիչը, որն անդրադառնալով տարածքների փոխանակման տարբերակին, կարծիք է հայտնում, թե «կարելի է քննարկել բոլոր առաջարկները, որպեսզի հնարավոր լինի գտնել մի որոշակի տարբերակ»: Տարածքների փոխանակման շուրջ քննարկումների հեռանկարը բավարար է լինում, որ հաղթահարվի երկկողմ բանակցություններում պահպանվող սառնությունը: ԱՊՀ Մինսկի գագաթաժողովի ժամանակ տեղի է ունենում Քոչարյան-Ալիեւ հանդիպում (նոյեմբերի 30), որում կողմերը պայմանավորվում են ավելի հաճախ հանդիպել: Քոչարյանը հայտարարում է. «Մենք կուզեինք, որ 2001թ. որոշիչ լիներ որոշումներ ընդունելու առումով» եւ ընդգծում, որ 2003թ. Հայաստանի եւ Ադրբեջանի նախընտրական կրքերը կարող են խանգարել լուծումներ գտնելուն (նույն տեղում,1.12.2000): Այսպիսով, Քոչարյանը հաստատում էր, որ վերագտել է իր կառուցողականությունը՝ միշտ պատրաստ քննարկելու տարածքների փոխանակման հարցը: Կողմերին փակուղուց դուրս բերելու գործում իր լուման ներդնելուց հետո ԱՄՆ-ը նոր ավյունով սկսում է տարածքների փոխանակման տարբերակի քարոզչական աջակցությունը: ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների դեկտեմբերի 9-ի տարածաշրջանային այցի երթուղին տարբերվում է նախորդներից՝ Թուրքիա-Նախիջեւան-Հայաստան-Ադրբեջան: Այդ առթիվ Քավանոն Երեւանում նշում է, թե Ադրբեջան-Թուրքիա ճանապարհը տրանսպորտային կապ է ամբողջ տարածաշրջանի համար եւ այն անհրաժեշտ է զարգացնել: Նա նաեւ «հայտնագործում» է, որ Իրանը Հայաստանին կապող ամենակարճ ճանապարհն անցնում է Նախիջեւանով եւ Իրանի հետ Մեղրիով կատարվող ապրանքափոխանակությունն ավելի թանկ է նստում: Այցի նպատակի մասին Քավանոն Բաքվում ասում է. «Այն դերի վրա ուշադրություն հրավիրելն է, որը Թուրքիան կարող է կատարել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում» (նույն տեղում,13.12.2000): Նոր թափ է ստանում հաղորդակցության ուղիներ ստեղծելու ծրագիրը: Հետագայում պարզվելու է, որ ծրագիրը ներառում է ոչ միայն Մեղրիի, այլեւ Հայաստանի տարածքով անցնող այլ միջանցքներ: Այդ միջանցքների վրա ապահովվելու է միջազգային հսկողություն, որն, ըստ էության, տարածքային անհավասար փոխանակություն է եւ իր տարածքի վրա Հայաստանի ինքնիշխանության սահմանափակում: Այսպիսով, իրական է դառնում Հայաստանի տարածքների ամբողջականության սպառնալիքը: Ադրբեջանը պատերազմ վերսկսելու սպառնալիքով Հայաստանից պահանջում է առանց նախապայմանների վերադարձնել գրավյալ տարածքները Խաղից դուրս վիճակում հայտնված Ռուսաստանի նախագահը 2001թ. հունվարի սկզբին պաշտոնական այցով գալիս է Բաքու: Իսկ պաշտոնական Ադրբեջանի հանդգնությունը այն աստիճանի է հասել, որ Պուտինի այցի օրը արտգործնախարար Գուլիեւը խոսում է կարգավորման գործընթացում Թուրքիայի դերի մասին, նշելով, թե համանախագահների վերջին երթուղին վկայում է, որ եկել է Թուրքիայի ակտիվ ներգրավման ժամանակը: Տարածքների փոխանակման տարբերակը կրկին բանակցությունների սեղանին դնելուն միակ քիչ թե շատ խանգարողը մնում է Ֆրանսիան, ուստի կարգավորման գործընթացում Ֆրանսիայի դերը նվազեցնելու նպատակով հունվարի 15-ին Երեւան է ժամանում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ջ.Ռոբերթսոնը: Վերջինս Քոչարյանի հետ հանդիպումից հետո խոստովանում է. «Ես խորհուրդ տվեցի, որ ԼՂ հարցի լուծման գործում պահպանի առավելագույն խիզախություն» (նույն տեղում, 16.1.2001): Նույն նպատակով երկու օր անց Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռ.Ռիլսոնը Ալիեւի հետ հանդիպմանը շեշտում է «Կովկասում ԱՄՆ-ի հատուկ շահերի մասին» պետքարտուղար Ք.Փաուելի դիրքորոշումը: ԱՄՆ-ի ցուցումներն իրականացնելու գործում Քոչարյանն առավել ջանադիր է, քան Ալիեւը: Հունվարի 25-ին Փարիզում Քոչարյան-Ալիեւ հանդիպումից հետո, ի տարբերություն Ալիեւի զուսպ պահվածքի, Քոչարյանը խիզախում է. «Ադրբեջանն իր մեջ պետք է ուժ գտնի հարգելու կայացած Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը» (նույն տեղում, 26.1.2001): Ուշագրավ է, որ երեք տարվա ընթացքում Քոչարյանը Ղարաբաղի ինքնորոշման մասին հիշատակում է երկրորդ անգամ (առաջին անգամ՝ Մոսկվայում, 26 հունվարի, 2000 թ.): Փետրվարի 6-ին դեսպան Ռիլսոնը հանդես է գալիս հետեւյալ հայտարարությամբ. «Վաշինգթոնը առանձնակի ակտիվություն է ցուցաբերում հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործում, եւ երկու շաբաթ անց դուք կկարողանաք տեսնել այդ ակտիվությունը» (նույն տեղում,7.1.2001): Դժվար չէր նկատել, որ երկշաբաթյա ժամկետում ԱՄՆ-ը բարեհոգաբար հնարավորություն էր տվել Քոչարյանին իրականացնելու իր հնգօրյա պետական այցը Ֆրանսիա: Քոչարյանի վերադարձից անմիջապես հետո ադրբեջանական մամուլը հրապարակում է հակամարտության կարգավորման նախկինում ներկայացված 3 տարբերակները, որոնք մինչ այդ գաղտնի էին պահվում: Այնուհետեւ կազմակերպվում են կարգավորման շուրջ խորհրդարանական լսումներ, որոնց ընթացքում ելույթ ունեցողները, այդ թվում Ալիեւը, հանդես են գալիս պատերազմը վերսկսելու կոչերով: Կան մի քանի փաստեր, որոնց օգնությամբ ապացուցվում է, որ ռազմաշունչ կոչերի հիմքում այն իրողությունն էր, որ Հայաստանն այլեւս դաշնակիցներ չուներ: Բանն այն է, որ մինչեւ Ռուսաստանի հետ Հայաստանի ռազմավարական դաշնակցության անէացումը Ալիեւը մշտապես բացառում էր պատերազմի վերսկսումը: Մասնավորապես, 1999-ի նոյեմբերի 25-ին, անհեռանկարային համարելով հայ-ադրբեջանական հակամարտության լուծման ռազմական ուղին, Ալիեւը նշում էր, որ այն կողմը, որը կփորձի այս հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով, անխուսափելիորեն կդատապարտվի համաշխարհային հանրության, դիցուք, ԵԱՀԿ-ի կողմից: Այնուհետեւ, 2000թ. մարտի 22-ին Ա.Ղուկասյանի դեմ մահափորձից հետո, շեշտելով ստեղծված իրավիճակից օգուտ քաղելու ցանկություն չունենալու մասին, նա հավաստիացնում էր, որ խնդրի խաղաղ կարգավորման կողմնակից է: Մայիսի 20-ին Ալիեւը ավելի պատկերավոր է արտահայտվել. «Ղարաբաղյան ճակատում ռազմական գործողությունների վերսկսումը խենթություն կլիներ»: Գիտակցելով, որ պատերազմի վերսկսումը դաշնակիցներ չունենալու պայմաններում նշանակում է պարտություն, որը կթաղեր հակամարտության լուծումը ձգձգելու իր գերնպատակը, Քոչարյանն Ալիեւի մարտաշունչ ելույթից հետո հայտարարում է, որ արտառոց ոչինչ չի պատահել եւ բավարարվում է փաստաթուղթ չստորագրելու հայտարարությամբ: Հաշվի առնելով, որ հակամարտության կարգավորման 3 տարբերակները հրապարակվել էին նաեւ հայկական մամուլում, պարտվողական քաղաքականություն վարելու մեղադրանքից խուսափելու նպատակով Քոչարյանն ավելացնում է. «Առնվազն մեկ ու կես տարի մենք այդ տարբերակների շուրջ որեւէ քննարկումներ չենք ունեցել» (նույն տեղում, 23.2.2001): Նախ, ճշմարտությունն այն է, որ այդ տարբերակները չեն քննարկվել ոչ թե մեկուկես, այլ երկուսուկես տարի, այսինքն՝ 98-ի նոյեմբերից սկսած, երբ Քոչարյանը ընդունեց, իսկ Ալիեւը մերժեց «ընդհանուր պետության» ծրագիրը: Այդուհանդերձ, թեկուզ իր նշած մեկուկես տարում ի՞նչ էր քննարկում Քոչարյանը Ալիեւի հետ իրենց 14 հանդիպումներում: Ի՞նչ էին նախապատրաստում-համաձայնեցնում համանախագահները: Ի՞նչ էին ստորագրելու, եթե չլիներ «հոկտեմբերի 27-ը»: Պատասխանը մեկն է՝ տարածքների փոխանակման հարցը, որը հայ հասարակությանը հայտնի է «Մեղրիի տարբերակ» անունով: Փարիզյան հանդիպման ժամկետի մոտեցմանը զուգընթաց, կտրուկ բարձրանում է Կովկասում ԱՄՆ-ի հատուկ շահերը ընդգծող ամերիկյան պաշտոնյաների աստիճանը. Ալիեւին ուղերձ է հղում ԱՄՆ նախագահ Ջ. Բուշը եւ վստահեցնում. «Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը ԱՄՆ նոր վարչակազմի գերակայություններից մեկն է» (նույն տեղում, 28.2.2001): Սա առնվազն նշանակում է, որ փարիզյան նախաձեռնությամբ ամեն ինչ չի ավարտվելու՝ գալու է «ամերիկյան շրջանը»: Զավեշտական էր, որ ուղերձին իր խոսնակի միջոցով առաջինն արձագանքում է Քոչարյանը եւ արդարանում, թե ինքն ու Ալիեւը «չեն բանակցում խնդրի կարգավորման մանրամասների շուրջ, այլ փորձում են փոխադարձաբար ընդունելի սկզբունքներ գտնել» (նույն տեղում,28.2.2001): Այսպիսով, ի տարբերություն տարածքների փոխանակման տարբերակի, երբ նախքան «հոկտեմբերի 27-ը» Քոչարյանը հավաստում էր բանակցային գործընթացը վերսկսելուն չափազանց մոտ լինելու, իսկ Ալիեւը՝ ճեղքման հասնելու մասին, փարիզյան հանդիպումից առաջ Հայաստանը շեշտում է սկզբունքային տարբերությունները: Այս իրավիճակում խիստ օրինաչափ էր, որ Քոչարյան-Ալիեւ-Շիրակ մարտի 5-ի փարիզյան հանդիպումից հետո, Շիրակը հայտարարում է, թե քննարկվել են երկու երկրների տարաձայնությունները (նույն տեղում, 6.3.2001): Ալիեւը կրկին ավելի բաց է, քան Քոչարյանը. նա հաջորդ օրն իսկ ներկայացնում է իրենց տարաձայնությունների առարկան. «Քոչարյանը Ղարաբաղի համար անկախություն է ուզում, առաջարկում է նախ որոշել ԼՂ կարգավիճակը, ապա նոր զորքերը տարածքներից ետ քաշել» (նույն տեղում,8.3.2001): Ակնհայտ էր, որ Ադրբեջանը մնում է հավատարիմ գրավյալ տարածքներն առանց նախապայմանների հանձնելու պահանջին: Քոչարյանը Ղարաբաղի համար ընդունելի է համարում այն լուծումը, որը կընդունի ինքը 2001-ի վաղ գարնանը ԱՄՆ-ը կրկին հատուկ դեր է ստանձնում հակամարտության կարգավորման գործընթացում. պետքարտուղար Պաուելը հաղորդակցության միջանցքների շուրջ բանակցելու նպատակով Քոչարյանին եւ Ալիեւին հրավիրում է Ֆլորիդայի նահանգի Քի Ուեսթ քաղաք: Ալիեւի համոզմամբ, եկել է Թուրքիային ներգրավելու ժամանակը, ուստի միասնական քայլերի շուրջ պայմանավորվելու նպատակով նա իսկույն մեկնում է Անկարա: Այստեղ արված հայտարարություններն ինքնին խոսուն են: Ալիեւը հայտարարում է, որ Ադրբեջանը եւ Թուրքիան պետք է «միասնաբար ազատագրեն զավթած հողերը»: Նա միաժամանակ կարեւորում է ԱՄՆ-ի դերը՝ հույս հայտնելով, թե Քի Ուեսթի հանդիպումների արդյունքում Հայաստանի զորքերը դուրս կբերվեն «բռնատիրված տարածքներից»: Թուրքիայի նախագահ Ա.Սեզերն այդ հարցում իր պատրաստակամությունն է հավաստում. «Թուրքիան պատրաստ է պաշտպանել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման այն բանաձեւը, որը ընդունելի է բարեկամ եւ եղբայր Ադրբեջանի ժողովրդի համար» (նույն տեղում, 14.3. 2001): Ուշագրավ է, որ, ի տարբերություն նախորդ՝ ֆրանսիական փուլի, կարգավորման գործընթացին Թուրքիայի մասնակցության մասին արդեն խոսվում է ԱՄՆ-ի ռազմական բարձրաստիճան ղեկավարության մակարդակով: Եվրոպայում ԱՄՆ-ի զորքերի գլխավոր հրամանատարի տեղակալ Ք.Ֆուլֆորդը տարածաշրջանային այցի ժամանակ Երեւանում կարգավորման շուրջ բանակցություններին Թուրքիայի մասնակցության նպատակահարմարությունը հիմնավորում է նրանով, «…որ ղարաբաղյան խնդիրը առնչվում է այս երկրի ազգային շահերին»: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա, նրա կարծիքով, իր երկիրը շարունակելու է հակամարտության կարգավորման ուղիներ փնտրել թուրքական եւ հայկական ռազմական իշխանությունների հետ: Իսկ Բաքվում Ֆուլֆորդը առաջ է գնում. «Կովկասում ՆԱՏՕ-ի զորքերի տեղակայումը գրավիչ է եւ արժե դրա մասին մտածել» (նույն տեղում,27.3. 2001): Գրավյալ տարածքներն առանց նախապայմանների հանձնելու մասին ուղղակի կամ անուղղակի հայտարարությունները ստիպում են Ղարաբաղին փորձելու վերականգնել հակամարտության կարգավորման բանակցություններում վերջին երեք տարում կորցրած սեփական դիրքերը: Այդ նպատակով մարտի վերջերին ԼՂՀ ԱԺ քննարկումների ժամանակ Ա.Ղուկասյանը հիշեցնում է. «Ղարաբաղը դե ֆակտո կայացած պետություն է: Մենք ունենք մեր դիրքերը եւ միանշանակ պաշտպանելու ենք դրանք: Սա այն հարցը չէ, որ որեւէ քաղաքական կուսակցության լուծելու մենաշնորհը դառնա» (նույն տեղում,24.3.2001): Ղուկասյանը, ըստ ամենայնի, նկատի ունի Քոչարյանի քաղաքական հենարանը հանդիսացող դաշնակցությանը: Քի Ուեսթ մեկնելու նախորդ օրը Քոչարյանը ուղղակիորեն հասկացնում է, որ չի պատրաստվում հաշվի նստել Ղարաբաղի ընտրված իշխանությունների հետ: Ընդգծելով նախորդ իշխանությունների դիրքորոշման հանդեպ իր անհամաձայնությունը, ըստ որի, Հայաստանը կընդունի ցանկացած լուծումը, որն ընդունելի է Ղարաբաղի համար, նա ավելացնում է. «Մենք այսօր ունենք սեփական դիրքորոշումը եւ պատրաստ ենք այն պաշտպանել: Իմ ընտրվելուց հետո ես այդպես էլ վարվել եմ»: Քոչարյանը բացահայտում է վերջին երեք տարում իր վարած քաղաքականության էությունը՝ Ղարաբաղը պետք է ընդունի այն դիրքորոշումը, որը կընդունի ինքը: Սեփական դիրքորոշումը Ղարաբաղի դիրքորոշումից վեր դասելով, Քոչարյանը հավելում է՝ «Մենք այսօր կարող ենք խոսել կարգավորման վերաբերյալ Հայաստանի եւ Ղարաբաղի միասնական դիրքորոշման մասին»: Այսպիսով, ե՛ւ8216 Ղարաբաղի, ե՛ւ Հայաստանի շահերը Քոչարյանի համար ստորադաս են իր անձնական դիրքորոշումից: ԼՂՀ-ի ինքնորոշման հարցը զոհաբերվում է տարածաշրջանային անվտանգության շահերին Ապրիլի 3-7-ը ԱՄՆ պետքարտուղար Ք.Փաուելի հովանավորությամբ եւ ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների մասնակցությամբ Քի Ուեսթում անցկացվում է հակամարտության կարգավորման հերթական ռաունդը: Քննարկումներին նախոդող ասուլիսում արվող հայտարարությունները բարենպաստ են Ադրբեջանի համար. Փաուելն ընդգծում է. «Այսօր Ադրբեջանի նշանակալի մասը Հայաստանի ձեռքում է գտնվում»: Սա վկայում է, որ գրավյալ տարածքները վերադարձնելու հարցը դրված է բանակցությունների օրակարգում: Ուշադրություն հրավիրելով լուծումը ձգձգելու Քոչարյանի քաղաքականության վրա՝ Ալիեւը փորձում է կանխել այդ ուղղությամբ նրա հնարավոր քայլերը եւ դժգոհում, որ 1999-ի հոկտեմբերին Քոչարյանն իր հետ համաձայնության էր եկել, իսկ հետագայում դրժել իր խոստումը: Այնուհետեւ Քոչարյանն ու Ալիեւը առանձնացվում են տարբեր սենյակներում, եւ բանակցությունները վարվում են համանախագահների միջոցով, որոնք տեղում արձանագրում են փոխհամաձայնությունները: Առաջին երկու օրերի աշխատանքի մասին նրանք նշում են Ղարաբաղի կարգավիճակի հարցի շուրջ չհաղթահարված տարաձայնությունները, հաջորդ օրերին՝ կարգավորման գործընթացում առկա առաջընթացը: Ակտիվանալու Ռուսաստանի ուշացած փորձերին ամերիկյան դիվանագիտությունը պատասխանում է երկու հուժկու պատասխան քայլով. նախ՝ շրջանառության մեջ է դրվում տարածաշրջանի տնտեսական զարգացման համար միջազգային ֆինանսական կազմակերպությունների աջակցության հավաստման մասին թեզը, ապա՝ ԱՄՆ-ի համար խորթ սիրաշահումները Իրանին: Առաջընթացը խորհդանշվում էր քարտեզի վրա աշխատող Քոչարյանի եւ Քավանոյի լուսանկարներով: Միացյալ Նահանգների նախագահը ակնհայտ գոհ է իր թիմի աշխատանքից եւ բարեհաճորեն հանդիպում է Քոչարյանին եւ Ալիեւին: Դրանից հետո Քոչարյանն իր մամուլի խոսնակի միջոցով հայտարարում է, որ առկա է երկու կողմերի դիրքորոշումների տարբերության կրճատում, իսկ Երեւանում արտաքին քաղաքականության հարցերով նրա խորհրդական Ա.Հարությունյանն ասում է, որ կարգավորումը պետք է «տարածաշրջանային համագործակցության երաշխիք դառնա»: Խորհրդականի խոսքերը մեր հիշողության մեջ թարմացնում են նրա շեֆի՝ 1999-ի օգոստոսի պարտվողական դիրքորոշման մոռացված խոսքերը. «ՀՀ ներկա իշխանությունները գտնում են, որ հանուն ինտեգրացիայի պետք է զիջել սեփական անկախության մի հատվածը»: Վերջին գործընթացների արդյունքում ԼՂՀ-ի ինքնորոշման իրավունքը զոհաբերվում է տարա?

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել