Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ արդարադատության նախարար Դ. Հարությունյանին

Ապրիլ 14,2001 00:00

Վճռի մասին տեղեկացվել է 6 ամիս հետո ՀՀ արդարադատության նախարար Դ. Հարությունյանին Ահա արդեն շուրջ երկու տարի է, ինչ կռիվ եմ տալիս մեր երկրի անիրավ իրավապահների հետ։ Բազմիցս գրված բողոքներս մնում են, մեղմ ասած՝ անպատասխան: Որոշեցի դիմել թերթի օգնությանը, հույս ունենալով՝ հրապարակայնությունը կօգնի ինձ օրենքի լիակատար կայացմանը (քանզի առողջական վիճակիս պատճառով այլ բան հնարավոր չէ)։ Սակայն մի քանի բողոք-նամակներս «Առավոտի» միջոցով ուղղված կոնկրետ պաշտոնատար անձանց՝ նույնպես մնացին անհետեւանք։ 1999թ. հունիսի 10-ին Երեւանի Ավան եւ Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանը (դատավոր՝ Ն. Մարգարյան) կայացրել է կեղծ վճիռ (որի մասին տեղեկացել եմ միայն 6 ամիս հետո)՝ կարճելով նախօրոք դատախազությունում ընթացք տված գործը։ Այդ ապօրինի, կեղծ վճիռը զենք է դարձել նշված համայնքի իրավապահների ձեռքին, որոնք էլ իրենց հերթին խարդախություն կատարած չորս անձանց ծածկում են, դեմ տալով ինձ այդ կեղծ, չարաբաստիկ վճիռը, ասելով. «Դատարանը կարճել է, ինչ գիտեք՝ արեք, բարեկամներ եք»։ (Մոռանալով, որ ինչ դուրս գա՝ բարեկամից դուրս կգա)։ Հրավիրում եմ ձեր ուշադրությունն այս գործի վրա, թե ինչո՞ւ է դատավոր Ն. Մարգարյանն իմ անունից մեքենագրված կեղծ երկտող դրել գործի մեջ, ներքեւում էլ ձեռագրված իմ անունից, երբ ես իմ ձեռագրով ունեմ դիմում իրեն ուղղված, ըստ որի, պահանջել եմ գործը ետ ուղարկել դատախազություն՝ ընթացք տալու համար, որ չորսն էլ ստանան համապատասխան պատիժ, ներքեւում էլ իմ ստորագրությունը դրված (քանզի զգացի, ինչպես ՆԳ բաժնում, այնպես էլ դատարանում պաշտպանում են հանցագործների շահերը)։ Իսկ կեղծ վճիռը հիմնավորելով իրենց իսկ հորինած հեքիաթով, իբրեւ ես եմ խնդրել մեր հարցերը լուծել օրենքի սահմաններից դուրս։ Խնդրում եմ անձամբ ձեր հսկողությունն այս գործին եւ ուշադրությունը դատավորի անաչառության, աշխատաձեւի, գործելակերպի վերաբերյալ (քանզի ի պաշտոնե ձեր կոչումն է այդ)։ Բազմաթիվ գանգատներս ուղարկել եմ նաեւ ձեր նախարարություն, որոնք նույնպես արժանացել են արհամարհանքի։ Պարոն Հարությունյան, նորից դիմում եմ «Առավոտ» թերթի օգնությանը, այս անգամ կոնկրետ ձեզ եմ ուղղում խնդրանքս, որ չեղյալ համարեք այդ կեղծ, ապօրինի վճիռը, որն ինձ խոչընդոտում է օրենքի կայացման գործում, իսկ օրենքը խախտած անձանց՝ թեւեր տալիս։ Իմ ձեռքի տակ է գտնվում այդ չարաբաստիկ վճիռը (պատրաստ եմ ձեզ տրամարդելու այն)։ Պետությունից երբեւէ չեմ ստացել որեւէ օգնություն՝ հասկանալով երկրի ծանր տնտեսական վիճակը, այժմ ձեր աջակցությունն եմ խնդրում օրենքի վերահաստատման գործում եւ կոնկրետ՝ ձեր վճռականությունը։ Այլապես երեւի պետք է դիմեմ Մարդու իրավունքների Եվրոպական դատարան՝ իրավունքներս վերականգնելու արդար պահանջով, քանզի իմ հայրենիքում արդեն սպառել եմ բոլոր իրավական հնարավորությունները։ ԳԱՅԱՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել