Լրահոս
Օրվա լրահոսը

1997թ. աշնանը Սահմանադրական իրավունքի կենտրոնի կազմակերպած միջազգային 2-րդ սեմինարին հրավիրված էր նա

Ապրիլ 14,2001 00:00

ՀՀ ՍԴ-Ի ԻՐԱՆՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻՑ 1997թ. աշնանը Սահմանադրական իրավունքի կենտրոնի կազմակերպած միջազգային 2-րդ սեմինարին հրավիրված էր նաեւ Իրանի Իսլամական Հանրապետության Պահապան խորհրդի պատվիրակությունը։ Այդ առիթը ՀՀ Սահմանադրական դատարանի եւ Պահապան խորհրդի համագործակցության սկիզբն էր։ Փոխադարձ այցի հրավերը ստացվեց, եւ նախագահ Գ. Հարությունյանի ղեկավարությամբ ՀՀ ՍԴ պատվիրակությունը (ՍԴ անդամներ Ռ. Պապայան, Ֆ. Թոխյան, աշխատակազմի ղեկավար Ա. Հակոբյան, մամուլի քարտուղար Հ. Պապիկյան) ապրիլի 10-12-ը պաշտոնական այցով եղավ Թեհրանում։ Երկխոսությունների տեսքով ներկայացնում ենք ԻԻՀ պաշտոնատար անձանց հետ մեր պատվիրակության հանդիպումների որոշ մանրամասներ։ Հանդիպում ԻԻՀ նախագահ Սեյեդ Մոհամմադ Խաթամիի հետ Խաթամի- Ես Ձեզ գիտեմ վաղուց, երբ Ձեր ղեկավարած հանձնաժողովին հաջողվեց լուրջ աշխատանքներ տանել՝ ի շահ մեր երկու երկրների համագործակցության։ Վկայություններից է առեւտրատնտեսական աշխույժ գործունեությունը՝ Արաքսի կամուրջի կառուցման փաստով։ Մենք համատեղ անելիքներ շատ ունենք հատկապես էներգետիկայի եւ տրանսպորտի պարագայում, ի մասնավորի՝ Արաքսի վրա կառուցվելիք հիդրոկայանը, գազատարը, Քաջարանի թունելը։ Մենք պատրաստ ենք այդ ձեռնարկումներն իրական դարձնել։ Գ. Հարությունյան- Հիրավի, մեր երկրների հարաբերությունները զարգացման բոլոր հնարավորություններն ունեցել են եւ ունեն, եւ շատ հետաքրքիր լուծումներ գտնվել են. սա պատմությամբ ապացուցված ճշմարտություն է։ Մենք քաղաքական, տնտեսական, տարածաշրջանային եւ միջազգային բնագավառներին վերաբերող բազմաթիվ հարցեր ունենք՝ դրանց լուծման բոլոր հնարավորություններով։ Մենք նաեւ բարձր ենք գնահատում Ձեր նախաձեռնությունը քաղաքակրթությունների մերձեցման ու երկխոսության ակտիվացման բնագավառում։ Խաթամի- Փորձով ապացուցված է, որ տարածաշրջանով հետաքրքրվող, բայց հեռու գտնվող երկրները չեն կարող այնքան սրտացավ լինել, որքան՝ անմիջական հարեւանները։ Տարածաշրջանային խնդիրներում մեր շահերը համընդհանուր են։ Վկայություններից մեկը՝ Հյուսիս-Հարավ միջանցքում Հայաստանը շատ կարեւոր դեր ունի։ Մենք նաեւ հնարավորություն ունենք մեր երկու երկրների միջեւ վերացնել անցագրային կարգը եւ ապրանքափոխանակության ճանապարհն ավելի հարթել։ Գ. Հարությունյան- Մեր շահերը համընկնում են, եւ մեր այս բոլոր ձեռնարկումների կողքին միջպետական մի քանի իրավական պայմանագրերի ստորագրման անհրաժեշտությունը եւս կա, որով քաղաքական երկխոսությունն ավելի ակտիվ կդառնա։ ԻԻՀ Իսլամական խորհրդի Մեջլիսի նախագահ Քյառուբիի հետ Գ. Հարությունյան- Մեզ համար ուրախալի է, որ Ձեր երկրում բարի վերաբերմունք եւ պետական ուշադրություն կա հայ համայնքի հանդեպ։ Դա երկուստեք շահեկան է, քանզի հայերը նման վերաբերմունք շահում են իրենց պահվածքով, գործարարությամբ ու հավատարմությամբ։ Եվ պատահական չէ, որ Մեջլիսում երկու հայ պատգամավոր կա։ Այս այցելությամբ մենք գնահատում ենք Ձեր կողմից ցուցաբերվող այս վերաբերմունքը եւ նաեւ Մեջլիսի աշխատանքներին, հատկապես Մեջլիս-Պահապան խորհուրդ համագործակցությանը ծանոթանալու ցանկություն ունենք։ Քյառուբի- Հայաստանի հետ մեր հարաբերությունները գտնվում են ամենաբարվոք վիճակում եւ զարգացման միտումներ ունեն։ Եվ ընդհանրապես, Իրանում հատուկ վերաբերմունք կա հայերի հանդեպ, որոնք իրանցիների հետ հավասար մասնակցել ու մասնակցում են մեր երկրի բարգավաճման գործին։ ՀՀ-ի հետ քաղաքական, տնտեսական, տարածաշրջանային եւ միջազգային բնագավառներում հարաբերություններն ամրապնդելու համար Իրանում հատուկ վերաբերմունք կա։ Հանդիպում Պահապան խորհրդում ԻԻՀ Պահապան խորհուրդն ունի 12 անդամ, որից 6-ը բարձրաստիճան հոգեւորական է եւ ընտրվում է Իսլամական հեղափոխության առաջնորդի կողմից, մյուս 6-ը իրավաբան է, ընտրվում է Մեջլիսի կողմից։ ՊԽ անդամներն ընտրվում են 6 տարի ժամկետով, սակայն առաջին շրջանում յուրաքանչյուր խմբի անդամների կեսը վիճակահանությամբ փոխվում է։ Վերջիններիս փոխարինում են նորանշանակ անդամներ։ Պահապան խորհուրդն ուսումնասիրում է Մեջլիսի ընդունած օրենքների համապատասխանությունը նախ՝ Իսլամի պատգամներին եւ ապա՝ երկրի Սահմանադրությանը։ ՊԽ-ի անմիջական պարտականությունների մեջ է մտնում նաեւ Սահմանադրության նորմերի մեկնաբանումը։ ՊԽ-ն նաեւ վերահսկողություն է իրականացնում երկրում տեղի ունեցող ցանկացած ընտրությունների եւ հանրաքվեների վրա։ ԻԻՀ Պահապան խորհրդում ՀՀ ՍԴ պատվիրակության հանդիպումը առաջին հերթին իրավական ոլորտում համագործակցության հիմնահարցերի եւ հայ-իրանական երկկողմ հարաբերությունների ողջ համալիրի գործնական քննարկումն էր։ Դա նաեւ երկու ինստիտուտների համագործակցությունը մի նոր, առավել ակտիվ վիճակի մեջ բերելու առիթ էր։ Իրանցի կոլեգաներին հետաքրքրում էր մեր երկրում տարվող սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության եւ դրա իրականացման մեխանիզմների խնդիրը։ Պրն Հարությունյանի կողմից ներկայացվեցին այդ անհրաժեշտության հիմնական ուղղություններից մի քանիսը՝ մարդու սահմանադրական իրավունքների երաշխիքների ուժեղացում, իշխանությունների տարանջատման հստակություն, դատական իշխանության անկախության երաշխիքներ եւ այլն։ Այցը փորձի փոխանակման, երկու երկրներում տարվող իրավական խնդիրների լուծման ուղիներին ծանոթանալու եւ համագործակցության նոր եղանակներ գտնելու հիանալի առիթ տվեց։ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՊԻԿՅԱՆ Հատուկ «Առավոտի» համար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել