Լրահոս
Օրվա լրահոսը

Գիտեի, որ մանկատան նախկին սաներից Մհեր Արշակյանը եզակի է մերօրյա Հայաստանում, այն առումով, որ կարողա

Ապրիլ 14,2001 00:00

Մղձավանջ, որ միշտ քեզ հետ է Գիտեի, որ մանկատան նախկին սաներից Մհեր Արշակյանը եզակի է մերօրյա Հայաստանում, այն առումով, որ կարողացել է համալսարան ավարտել եւ դառնալ հեռուստալրագրող։ Բայց որ նա նաեւ գրքեր է հրապարակում, ինձ համար նորություն էր։ Կարդում եմ նրա վերջերս լույս ընծայած «Մանկատներ եւ երեխաներ» գրքույկը։ Առաջին իսկ էջերից ճնշողը ոչ թե բովանդակությունն էր, այլ անհարթ, չհղկված ոճը, որը վանում էր նրբաճաշակ ընթերցողիս։ Շուտով հասկացա, որ այս գիրքը ո՛չ հեղինակի, ո՛չ էլ ընթերցողի հաճույքի համար չէ գրված։ Նյութն այնքան ծանր է, որ ոչ մի ձեւի մեջ չի տեղավորվում։ Մհեր Արշակյանը փորձում է վերլուծել «հայաստանյան մանկատուն» երեւույթը, ընդհանրացումներ եւ եզրահանգումներ կատարել։ Դաժան են հեղինակի դիտարկումները, դաժան՝ ինչպես մանկատան կյանքը. «Մայրդ փչացած կին է»- ահա մոր մասին առաջին ինֆորմացիան, որ ստանում է երեխան մանկատանը (խոսքը, բնականաբար, մայրազուրկ երեխային չի ուղղված- Գ. Ա.)։ Ահա երեխային մոր այցելության պսակազերծ պատկերը. «Առաջինը, որ հետաքրքրում է երեխային, այն է՝ կնոջ ձեռքին տոպրակ կա՞, թե՞ ոչ։ Իր ձեռքի տոպրակով այդ կինն արդեն աշխարհայացք է, հեղափոխություն»։ Տոպրակի գերարժեքը գրքում բացահայտված է լիովին։ Իր գոյության արժեւորումը երեխան ստանում է ամեն տարի ծննդյան օրը՝ լսելով նույն մաղթանքը. «Ծնունդդ չորանա»։ Միակ պայծառ տոնի՝ Նոր տարվա հոգեմաշ սպասումը եւ «տոպրակի» վայելքը երկարաձգելու գերմարդկային ջանքերը տոնը դարձնում են հոգեկան տվայտանքների մի երկարատեւ փորձաշրջան։ Սիրուն փոխարինած խղճահարությունը՝ լավագույն դեպքում, եւ ավելի սովորական՝ քամահրանքը, ծեծը, անեծքը՝ դաստիարակների ու դայակների կողմից եւ սովածության մշտական զգացումը սփռում են ավերածություններ՝ սեփական ես-ի եւ սեռի աղճատված գիտակցում, հոգեկան զարգացման արգելակում, գողության անխուսափելիություն եւ բարոյական այլեւայլ կորուստներ։ Բազում են հարցերը, որոնց պատասխանը փնտրում, գտնում կամ չի գտնում հեղինակը։ Ինչպե՞ս եւ ո՞ւմ կողմից պետք է հաղթահարվի մանկատնից դուրս եկած երեխայի եւ հասարակության միջեւ առաջացած անջրպետը։ Ինչպե՞ս մանկատունը լքած 15-ամյա (մանկատանը պահում են 3-15 տարեկան երեխաների) աղջնակը, որը իր մտավոր եւ հոգեկան զարգացման աստիճանով դեռ երեխա է, խուսափի հաճախ իր ճամփին անխուսափելիորեն հայտնվող մեկից, որը նրա անիրազեկությունը իրական կյանքին՝ կվերածի անառակության։ Ինչպե՞ս նույն տարիքի պատանին հրաժարվի գոյապահպանման արդեն ծանոթ միջոցից՝ գողությունից, եւ գտնի արժանի կենսակերպը։ Կարծես թե պարզ է. եթե ընտանիքում մեծացած երեխան այսօր ապահովագրված չէ այս փորձություններից, ապա ի՞նչ սպասել անտեր երեխայից։ Հենց այս մտածելակերպից էլ փորձում է մեզ հեռու պահել Մհեր Արշակյանը։ Այս մտայնությամբ հասարակությունը իրեն ազատում է պատասխանատվությունից եւ հետո ցավով նկատում. «Որբը որբ է թողնում»։ Սթափ նայելով մեր իրականությանը, հեղինակը, համենայնդեպս, թույլ է տալիս իրեն երազել, որ մանկատանը կամ նրանից դուրս երեխայի հետ առնչվող մարդիկ կառաջնորդվեն որոշակի սկզբունքներով։ Երեխային պետք է սեր, ոչ թե խղճահարություն. «Խղճահարությունը վերջ ունի, իսկ սերը՝ ոչ»։ Ճիշտ է, հեղինակը ներողամիտ է. «Դժվար է սիրել մեկին, որը սիրելու քիչ բան ունի», բայց հիշեցնում է, որ խղճահարությունը ստորացնում է մարդուն եւ ծնում ատելություն։ Մանկատանը ապրած երեխային հարաբերվելիս մի սպասեք, որ ձեր ցանած բարի սերմերը իսկույն ծիլ կտան նրա հոգում։ Նրան տարիներով գուրգուրել, ջերմացնել է պետք։ Չէ որ մեր սեփական երեխային մենք սիրում ենք միշտ եւ ամեն օր, ոչ թե նրա արժանիքների, այլ միմիայն նրա համար, որ մերն է։ Հեշտ է սիրել նաեւ մեկ ուրիշի գեղեցիկ ու դաստիարակված երեխային, իսկ սիրել նրան, ով ոչ մեկինը չէ, ըստ երեւույթին, չափազանց դժվար է։ Բայց այս գիրքը ծայրից ծայր սիրո կոչ է եւ բացարձակ զուրկ ատելությունից՝ որեւիցե մեկի, նույնիսկ առաջին՝ սխալմամբ ծնած երեխային մանկատուն հանձնած, հետո ամուսնացած եւ լավ մայր ու առաքինի կին դարձած կանանց հանդեպ։ Այս առումով այն հեղինակի հաղթանակն է չարության դեմ։ ԳՈՀԱՐ ԱՅՎԱԶՅԱՆ մանկավարժ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել