Լրահոս
Օրվա լրահոսը

Այսպիսին է Հայաստանում ասպիրանտների երկընտրանքը

Ապրիլ 14,2001 00:00

ԴԱՌՆԱԼ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈ՞Ւ, ԹԵ՞ ԲԱՆԱԿԻ ՇԱՐՔԱՅԻՆ Այսպիսին է Հայաստանում ասպիրանտների երկընտրանքը Կառավարական շահագրգիռ գերատեսչություններում այս օրերին խմբագրվում է ասպիրանտուրայի եւ դոկտորանտուրայի վերաբերյալ նոր կանոնակարգը։ Ի թիվս այլ նորամուծությունների, փաստաթղթում կա մի ենթակետ, որը կարող է հաճելի անակնկալ դառնալ զինապարտ բոլոր ասպիրանտների համար։ Կանոնակարգը նախատեսում է ստացիոնար ասպիրանտուրայի ժամկետի երկարաձգում եւս երեք ամսով՝ թեկնածուական աշխատանքի նախապաշտպանությունը հաջող թեւակոխելու պարագայում։ Կառավարության նիստում նոր կանոնակարգը հաստատելուն պես սա թույլ կտա գիտական աստիճանին ձգտող երիտասարդներին օրինական ձեւով խուսափել եւս մի զորակոչից եւ ավարտին հասցնել իրենց գիտական թեզը։ ԱԺ-ի գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Շավարշ Քոչարյանը հաղորդելով այդ տեղեկությունը՝ փաստեց, որ իրեն վստահված հանձնաժողովը քիչ բան չի արել գիտակրթական եւ զինվորական շահերի հակասությունները մեղմելու գործում։ Ոչ վաղ անցյալում ընդունված օրենքով գիտական կոչում ստացած եւ իրենց ոլորտում աշխատող երիտասարդները ազատվեցին զորանոց տեղափոխվելու հեռանկարից։ Իսկ մի տարի առաջ խորհրդարանը հաստատեց պրն Քոչարյանի այն օրինագիծը, որը արգելեց ասպիրանտուրայի կեսից 27 տարեկանը լրացած երիտասարդներին բանակ տանելը՝ ապահովելով այդպիսով ուսման անընդհատությունը։ Բայց հակասություններ, այնուամենայնիվ, դեռ շատ են մնացել։ Օրինակ, գիտական ուղին ընտրած երիտասարդների մի զգալի հատվածը այդպես էլ չի հասցնում պաշտպանել թեկնածուական թեզը, եւ այդ խնդիրը սրվել է, քանի որ եռամյա ասպիրանտուրան այժմ դարձել է երկամյա։ Մի տարի առաջ Շավարշ Քոչարյանը առաջարկել էր նախկինում փակված զինվորական ամբիոնների մեկ-երկուսի վերաբացումը։ Սա հնարավորություն կընձեռեր ընդգրկել ասպիրանտներին 4-ամսյա լեյտենանտական կուրսերում եւ ապահովել երկիրը կրթված ու բանիմաց պահեստի սպաներով։ Ցավոք, առաջարկը չէր անցել։ Ընդդիմախոսների փաստարկը զինվորական ամբիոնների վերաբացման ծախսատարությունն էր, սակայն վճարովի համակարգի պայմաններում սա, թերեւս, լուրջ փաստարկ չէ։ Պարզապես բանակին հիմա շարքային է անհրաժեշտ եւ ոչ թե սպա, փաստում է պրն Քոչարյանը։ Թեպետ 100 ակնոցակիր շարքայինները հազիվ թե շատ հզորացնեն հայոց բանակը, իսկ գիտությունից չկտրված նույնքան մասնագետներ, անտարակույս, ավելի մեծ օգուտ կբերեն։ Նման ձեւով դեռ երկար լուծում չի ստանա արտասահման ուսումի մեկնած զինապարտ երիտասարդների հարցը, որոնք այստեղ համարվում են դասալիք, իսկ այնտեղ՝ խոստումնալից գիտնականներ։ Ռուսաստանի, Չինաստանի, Չեխիայի հետ մեր պետությունը, ճիշտ է, ունի այս խնդիրը կարգավորող պայմանագրեր, բայց նույնպիսի փաստաթուղթ անհնար է կնքել, օրինակ, ԱՄՆ-ի հետ։ Այնտեղ բուհերը անհամեմատ ավելի ինքնավար են եւ զերծ պետական միջամտումներից։ «Եթե դուք ունեք առաջարկություններ՝ ինչպես հայրենիքի դուռը բացել Ամերիկայում հաջողության հասած մեր երիտասարդ գիտնականների առջեւ, միաժամանակ կողպելով այն այստեղ բանակից խուսափող անձանց համար, ես անչափ երախտապարտ կլինեմ»,- ասաց Շավարշ Քոչարյանը։ ԱԺ-ի հանձնաժողովի նախագահը շոշափեց եւս մի հարց, որը հուզում է արդեն մասնավոր բուհերում սովորել ցանկացողներին։ Ըստ պրն Քոչարյանի, այն ոչ պետական բուհերը, որոնք կհավատարմագրվեն՝ կապահովեն իրենց արական սեռի ուսանողներին տարկետում ստանալու արտոնությամբ։ Այժմ իրականացվում է հավատարմագրման գործընթացի առաջին փուլը։ Պրն Քոչարյանի գնահատմամբ՝ ի վերջո գործունեության լիցենզիա կստանա ոչ ավելի, քան մեկուկես տասնյակ մասնավոր բուհ եւ այդ պայմաններում սխալ կլինի խոսել բանակից խուսափելու՝ սեւ խոռոչի առաջացման մասին։ ԴԱՎԻԹ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել