Ընտանեկան նպաստ՝ սովածներին Այս տարվա վիճակագրական տվյալների համաձայն, ընտանեկան նպաստների ցուցակում ընդգրկվել է 34.906 ընտանիք, իսկ վճարման գումարը կազմել է 255 մլն դրամ։ Մոտ 10 հազար ընտանիք ընդգրկվել է միանվագ դրամական օգնությունների ցուցակներում։ Երեկ Երեւանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության պետ Ռուզան Զաքարյանը եւ Տարածքային կենտրոնի տնօրեն Ռադիկ Խամոյանը իրենց «աշխատանքները հանրությանը ներկայացնելու համար» մամուլի ասուլիս էին հրավիրել։ Հենց սկզբից տիկին Զաքարյանը շատ երկար, բայց սրտաճմլիկ ճառ ասաց այն մասին, թե «քաղաքապետարանի գործունեության հիմքը կազմում են բնակչության կարիքները» կամ որ իրենց «ամենօրյա տքնաջան աշխատանքները որեւէ զգալի արդյունք չեն տալիս, քանի դեռ բացակայում են իրական միջոցները՝ տնտեսության զարգացումը, բնակչության զբաղվածությունը եւ այլն»։ Չնայած քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչությունից «չի կախված մեր պետության զարգացումը եւ բարգավաճումը», բայց փոխարենը պետությունը պարտավորվելով հոգածություն ցուցաբերել ժողովրդի հանդեպ, սահմանել է ընտանեկան նպաստների եւ մարդասիրական օգնությունների մի ամբողջ պետական սոցիալական քաղաքականություն։ Վերոհիշյալ քաղաքականությունը, տիկին Զաքարյանի խոսքերով, տարածվում է միայնակ թոշակառուների, անկողնում գամված հաշմանդամների, ծնողազուրկ երեխաներ ունեցող ընտանիքների, միայնակ մայրերի, բազմազավակ ընտանիքների վրա, որոնք անբարենպաստ պայմաններում ապրող մարդկանց շրջանում հանդես են գալիս որպես աղքատության ամենախոցելի խմբեր։ Թե՛ քաղաքապետարանը եւ թե՛ մեր պետությունը այնքան են հոգում ժողովրդի սոցիալական վիճակի մասին, որ նույնիսկ այն ընտանիքների համար, որոնք ինչ-ինչ պատճառներով դուրս են մնացել նպաստների ցուցակներից, սահմանել են նպաստառուների թվի 5%-ի չափով քվեներ, որպեսզի նրանց նույնպես ընդգրկեն ցուցակներում։ 1998-ին սոցապ նախարարությունը կազմել է մի ուղեցույց, որով անցկացվել են տնային ստուգումներ եւ դիտողական ուսումնասիրությունների արդյունքում բացահայտվել 20 հազարից ավելի «բարեկեցիկներ», որոնք անմիջապես հանվել են ցուցակներից։ Լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչ չափանիշներով են որակավորվում ոչ կարիքավոր ընտանիքները, տիկին Զաքարյանը բացատրեց, որ «ուղեցույցի համաձայն, եթե տվյալ ընտանիքը ունի մեքենա, բնակարանը եվրոնորոգված է կամ, ասենք, ամառվա ամիսներին մեկ անձի համար օգտագործվում է 156 կվտ/ժ էլեկտրաէներգիա, ապա դա ոչ կարիքավոր ընտանիք է համարվում»։ Մեր տվյալներով, էներգիայի մասին պահանջը վաղուց չափանիշ չէ։ ԱՆՆԱ ԴԱԲԱՂՅԱՆ