«ՊՈԶԴՆՅԱԿ»-Ը ՈՒՇ ԵԿՈՂ «ՊՐԻԽՈԴՆ» Է Հարցազրույց «նախկին» թմրամոլի հետ Սպիդի համաճարակն ունի տարածման իր առանձնահատկությունները: Սկզբում վարակն ախտահարում է առավել խոցելի խմբերին՝ ներերակային թմրամոլներ, մարմնավաճառներ, անկանոն սեռական կյանք վարողներ, միգրանտներ, ազատազրկման վայրերում գտնվողներ եւ այլն: Առողջապահության նախարարության 2000 թ. ամռանը կատարած հետազոտությունների արդյունքներով, Հայաստանում սպիդի նկատմամբ առավել խոցելի խումբը ներերակային թմրամոլներն են: Մի քանի հանդիպումներից հետո, դժվարությամբ, բայց, այնուամենայնիվ, հաջողվեց «նախկին» թմրամոլի հետ զրույցի բռնվել: Հարցերս նախ զարմանք էին պատճառում, այնուհետեւ նա քմծիծաղով պատասխանում էր: Ներկայացվող հարցազրույցը խմբագրված է, սակայն որոշ բառեր եւ արտահայտություններ նպատակահարմար ենք գտել թողնել անփոփոխ: -Նարկամանը գիտի, որ ինքն օրենքից դուրս է, օրենքով «դեղ անել» չի կարելի: Ցանկացած մարդու մեջ նա տեսնում է իրեն ծախողի, դրա համար խուսափում է բժշկի մոտ գնալուց, որովհետեւ գիտի, որ բժիշկն իրեն կծախի: Կգնա միլիցեքին կասի, որ ինքը ծակվում է: Նարկոլոգիայի կենտրոնը, որ կա, «զաստավիտով» են տանում այնտեղ: Ոչ մեկն իր կամքով այնտեղ բուժվելու չի գնում, տանում են որպես հանցագործ: Եթե ուզենաս բուժվել, ապա կդիմես մասնավոր բժշկի, բայց այնտեղ կյանքում չես գնա: Նարկամաններ միշտ էլ եղել են: Շերլոկ Հոլմսն էլ էր նարկաման: Օրինակ, գիտե՞ս ինչ նշանակում է «պլանքաշ»: Որ ինքը նարկոտիկների ազդեցության տակ որոշակի պլաններ է գծում: Ուրիշ բացատրություններ էլ կան, բայց ես կարծում եմ ամենաճիշտը սա է: Դու եթե օգտագործած լինես՝ կհասկանաս, թե դա ինչ բան է, էդ կայֆը որ զգաս` կիմանաս: Մեր լեքսիկոնը համարյա նույնն է, ինչ-որ «բլատնոյինը»: Օրինակ՝ «մի կասյակ, մուխ առնել, վենա անել, դեղ անել, պառավոզ, մի կուբիկ, մի խազ»: «Պրիխոդը»՝ երբ հաճույքը սկսելու մոմենտը գալիս է: «Պոզդնյակ»-ը ուշ եկող «պրիխոդն» է, «պոզդնի» կայֆն է: -Իսկ ինչպե՞ս եք սկսել թմրանյութ օգտագործել: Որտեղի՞ց եք ձեռք բերում: -Սկսել եմ «պլան» ծխելուց: Հայաստանում դրա պակասը չկա, որ ուզես՝ միշտ էլ կճարես, կամ էլ կաճացնես: Լիքը «բառիկներ» կան: Մարդկանց մեծ մասը, մի 60 տոկոսը մի երկու անգամ ծխած կլինի: Հետո լինում է, որ հետաքրքրասիրությունից ելնելով՝ փորձում ես «վենա անել», մի անգամ, երկու անգամ ու գնա՜ց: Հերոինը Հայաստանում ավելի թանկ հաճույք է: Չեռնյաշկա եփելու համար մի քանի նյութեր են պետք: Դրանք կարելի է ձեռք բերել հիվանդանոցներից, դեղատներից, քիմիկներից: Եփելու ժամանակ մի տեսակ հոտ է գալիս: Դրա համար եփում են շուխուրից հեռու տեղերում: Հերոինը սարքելն ավելի հեշտ է ու շուտ է լինում: -Իսկ հնարավո՞ր է թմրանյութի ներարկումից սպիդով վարակվել: -Եթե «լոմկայի» մեջ է, ինչ էլ լինի՝ կսրսկվի: «Լոմկի» մեջ, եթե իմանա թմրանյութը վարակված է սպիդով, ձեւ չի` սրսկվելու է: Մի տոկոսը հազիվ կարողանա դիմանալ: Իրեն հետաքրքող միակ պրոբլեմը «լոմկից» դուրս գալն է: Ապահովված նարկոմանների մեծ մասը՝ ամպուլով նարկոտիկներն է օգտագործում: Ասենք՝ մորֆի, պրամեդոլ: Դրանց մեջ վարակ չկա, բայց կայֆը քիչ է: – Թմրամոլներին ինչպիսի՞ խմբերի կբաժանեք: – Չեմ մտածել այդ մասին, բայց հիմա կասեմ8230… ունեւոր, որոնք միշտ եղել են, դրանց մասին քիչ բան գիտեմ: Նրանց մեջ բարձր դիրքեր գրավողներ, փողատերեր շատ կան: Ես մի քանի պաշտոնյա նարկամանների գիտեի: Մյուս խումբը նախկինում եղել է նրանց մեջ, հետո միջոցները վերջացել են, բայց էլի շարունակում է, կյանքի միակ նպատակը սրսկվելն է: Մի խումբ էլ կա, որը մեկ-մեկ ծակվելու ցանկություն է ունենում: Դրանով նրանք հեռանում են այս իրականությունից, կապ չունի՝ իրականությունը լավն է, թե` վատը: Հենց փող են ունենում՝ սկսում են ավելի հաճախ օգտագործել: Բայց հերոինը որ մտավ շուկա՝ դրանց թիվը պակասեց: Մի երկու անգամ հերոին սրսկվելուց հետո նստում են ասեղի վրա: Մի խումբ էլ կա, որ եթե էսօր կա, սրսկվում է, հետո փող չի լինում՝ մի կերպ դիմանում է, «տաբլետկով-բանով» լոմկից դուրս է գալիս, գողության չի գնում, դիմանում է: Բայց նա միշտ պատրաստ է վերադառնալու: Կան մարդիկ, որոնք կարողանում են դուրս գալ, փրկվել, կան մարդիկ, որոնք չեն կարողանում: Ունեցած-չունեցածը ծախում է ու հայտնվում փողոցում: Սոված մարդը ինչպես է լինում՝ կատաղած, պիտի գնա ուտելիք ճարի: Նարկամանի համար էդ հաց ու ջուրը նարկոտիկն է: Եթե նարկոտիկ ունի՝ չի գնա հանցագործության: Այնպես չի լինում, որ «դեղ անի» ու գնա գողություն անի, մարդ սպանի: 99 տոկոսով չի գնա: Նարկամանը սրսկված ժամանակ շատ բարի անձնավորություն է: Եթե ինքը նարկոտիկի պրոբլեմ չի ունենում, նա ճանճին էլ չի նեղացնի: Ինքը իր համար հանգիստ, իր կայֆերի մեջ, փափուկ անձնավորություն է: Դե մի տոկոս միշտ էլ կարող է լինել: Նարկամանին սկզբից թվում է, թե երբ ուզի՝ կթարգի: Իսկ հետո չի կարողանում, ուզում է թարգել` չի կարողանում: Մարդիկ էլ կան, որ չեն էլ ուզում թարգել, որովհետեւ հաճելի է: Որոշ ժամանակ անց կանայք չեն հետաքրքրում, սեռական կյանքը չի քաշում, խմիչքը չի քաշում, որովհետեւ նարկոտիկից ավելի մեծ կայֆ է ստանում: Մեծ մասը վերջին հաշվով «պերեդոզիրովկից» կամ ցիռոզից մեռնում է, մեզ մոտ բավականին հայտնի մարդկանց երեխաներ են եղել: -Թմրամոլներն իրար հետ կապ ունե՞ն: -Տարբեր խմբեր են հիմնականում, բայց կապ կա: Հիմնականում կայուն խմբեր են, բայց տարբեր մարդիկ մտնում կամ դուրս են գալիս: Մեկն իր ընկերոջն է բերում, կամ նախկին խումբը քայքայվում է, փող չեն ունենում, բռնվում են, մեկը գնացել՝ ուրիշ տեղ է ապրում, կամ ուրիշ պայմաններ են, հազար ու մի հարց կա: Հետո գիտե՞ս, էդ մարդիկ իրար զգում են, ճանաչում: Սրսկվում են տներում, «տալդա» տեղերում, գարաժներում… Հիմնական մասն աշխատում է, որ ընտանիքը չիմանա: Ամեն դեպքում նարկամանը զգում է, որ լավ բան չի անում եւ չի ուզենա, որ իր տղեն նույնպես նարկաման դառնա: -Ասում են, որ սպիդի վարակը տարածվում է խմբակային սրսկման ժամանակ: Հնարավոր չէ՞ խուսափել: -Ասեմ, օրինակ մի հաճույք է նույն ներարկիչով սրսկվելը, այլ հաճույք՝ երբ առանձին են սրսկվում: Առաջինն ավելի մեծ կայֆ է տալիս: Նարկոտիկը գտնվում է մի ամանի մեջ, ամեն մեկը ներարկիչով վերցնում է, ինքն իրեն սրսկում, հետո որոշ ժամանակ անց մի անգամ էլ ես ուզում սրսկվել: Քո ներարկիչով մտնում ես ամանի մեջ եւ եթե մեկը վարակված է, արդեն ամանի մեջ եղածը վարակվեց, վերջ: Հետո նարկոտիկները պատրաստելու ժամանակ լինում է, որ արյուն է օգտագործվում, եւ այդ արյունը կարող է արդեն վարակված լինել: Հետո լինում է, որ մեկն իրա ասեղը դնում է մյուսի ներարկիչին, օգտագործում: Ըստ ՀՀ գլխավոր սանիտարական բժիշկ Վլադիմիր Դավիդյանցի՝ Հայաստանում սպիդի փոխանցման դեպքերի 44%-ը տեղի է ունեցել թմրանյութերի ներերակային օգտագործման միջոցով: Միեւնույն ժամանակ ՆԳՆ օպերատիվ տվյալներով՝ Հայաստանում կա մոտ 20 հազար թմրամոլ: Նրանց 10%-ը ներերակային թմրանյութ գործածողներն են: Թմրաբանության կենտրոնում 2000թ. հաշվառված է եղել թմրամոլությամբ տառապող 215 հիվանդ: Այսինքն, հազարավոր թմրամոլներ դուրս են մնացել կենտրոնի հսկողությունից: Մեր ունեցած տվյալներով, ներերակային թմրամոլի անանուն բուժումը մասնավոր հիմունքներով մոտ 300-400 ԱՄՆ դոլար է: Պետք է ասել, որ թմրամոլ բուժելը եւ թմրամոլության դեմ պայքարելը տարբեր բաներ են: Իսկ ինչպե՞ս են Թմրաբանության կենտրոնի աշխատակիցները պատկերացնում թմրամոլության դեմ պայքարը եւ թմրամոլների բուժումը նման անվստահության մթնոլորտում, եթե, իհարկե, այդպիսի պայքար ընդհանրապես տարվում է: «Ար» հեռուստաընկերությամբ Թմրաբանության կենտրոնի փոխտնօրեն Մկրտիչ Խաչատրյան ելույթից միայն մի եզրահանգում կարելի էր անել. կենտրոնի աշխատանքները սահմանափակվում են ՆԳՆ մարմինների հայտնաբերած եւ գրանցած թմրամոլների հաշվառման մեջ: Առ այսօր թմրամոլության դեմ պայքարը մնում է առավելապես ՆԳՆ մարմինների ուշադրության ոլորտի խնդիր: Առողջապահությունն այսօր չունի թմրամոլության դեմ պայքարի եւ թմրամոլության կանխարգելման ձեւավորված ծրագիր: Շարունակելի ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ