Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետ

Ապրիլ 14,2001 00:00

«ԴԱ ՄԵՐ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՉԻ ԱՌՆՉՎՈՒՄ» Քաղաքապետ Ռոբերտ Նազարյանին ընդհանուր առմամբ հաջողվեց փողոցային առեւտուրը վերացնել, գյուղմթերքների առեւտուրը շուկաներ տեղափոխել՝ միաժամանակ նոր խնդիրներ հարուցելով սեփական ապրանքը վաճառող գյուղացու համար։ Արդեն աճել են վաղ գարնանային բանջարեղենները, որոնք, սակայն, գյուղացիների մեծ մասը շահավետ վաճառելու հնարավորություն չունի, որովհետեւ քաղաքում հին խնդիրների է հանդիպում. վերավաճառողները, որոնք գործնականում «բրոնյա են արել» շուկաների սեղանիկների 90%-ը, շատ դեպքերում գյուղացիներին բռնի ստիպում են ողջ ապրանքը վաճառել իրենց՝ էժան գներով։ Իսկ փողոցում վաճառելու իրավունք չկա, քիչ չենք հանդիպել մթերքները գետնին շրջող ոստիկանների։ Վիճակն է՛լ ավելի կբարդանա մնացած բանջարեղենների ու մրգերի հասունացման շրջանում։ Գյուղնախարար Զավեն Գեւորգյանից փորձեցինք հետաքրքրվել, թե արդյոք այս խնդիրները լուծելու միջոցներ ձեռնարկվո՞ւմ են։ Նախարարն էլ, թե՝ «դա մեր նախարարության հետ չի առնչվում։ Ես կարծում եմ, որ խնդիրը համայնքների եւ առեւտրի նախարարության հետ է կապված։ Մենք ավելի շատ խնդիր ունենք գյուղմթերքները վերամշակող ձեռնարկություններին հասցնել։ Իսկ շուկաներում վաճառելու խնդրում այդքան մեծ պրոբլեմ չենք տեսնում»։ Իրականում պրոբլեմը մեծ է, որովհետեւ քիչ չեն փոքր ագարակատերերն ու այգիներ ունեցողները, որոնք ընտանիքի ողջ տարվա ապրուստը բերքով են հոգում։ Մնում է պարզել, թե արդյոք նրանք այնքա՞ն փոքր թիվ են կազմում, որ իրենցով գյուղնախարարությունը մտահոգված չլինի ու սահմանափակվի «այս հարցում կարգուկանոնին կողմնակից լինելով»։ Գյուղնախարարի խորհրդով դիմեցինք արդյունաբերության եւ առեւտրի փոխնախարար Աշոտ Շահնազարյանին, որն էլ իր հերթին հայտնեց, որ իրենց նախարարությունն էլ շուկաների հետ ոչ մի առնչություն չունի, որ Հայկոոպն է զբաղվում այս հարցի լուծմամբ։ Բայց Հայկոոպն, իհարկե, դրա լուծման մասշտաբները չունի։ Իրենց անտարբերությամբ, անհոգությամբ ու անտեղյակությամբ մեր բարձրաստիճան պաշտոնյաները ջրում են, հաստատ, ոչ գյուղացու բոստանը։ Ինչեւէ, կառավարության իրավասու պաշտոնյաներից մեկը (որը չցանկացավ՝ իր անունը նշվի) հայտնեց, որ հենց հիշյալ նախարարություններն էլ պատասխանատու են խնդրի կարգավորման համար։ Պարզեցինք, որ որոշակի քայլեր է ձեռնարկում Երեւանի քաղաքապետարանը։ Փոխքաղաքապետ Վարդան Վարդապետյանից տեղեկացանք, որ «հենց այսօր քննարկում էինք այդ հարցը (գործավարուհին իմ զանգին ի պատասխան հայտնեց, որ պարոն Վարդապետյանը խորհրդակցության է- Ա. Ֆ.)։ Բոլոր համայնքապետերի առջեւ խնդիր է դրվել լրացուցիչ տեղեր բացել, ընդ որում, ոչ միայն շուկաներում, այլ նաեւ բացօթյա»։ Փոխքաղաքապետը տեղեկացրեց, որ նոր տեղերն ավելի էժան չպետք է լինեն, քան շուկաներինը, որպեսզի առեւտուրը նորից չտեղափոխվի փողոց։ Վ. Վարդապետյանի պարզաբանմամբ, քաղաքապետարանը շուկաների նկատմամբ ադմինիստրատիվ լծակներ չի կարող կիրառել, քանի որ դրանց մի մասը մասնավոր սեփականություն է հանդիսանում, մյուս մասը Հայկոոպի տնօրինության տակ է։ Մնում է հուսալ, որ գյուղմթերքների վաճառքի համար ստեղծվող նոր տեղերն իրենց տեղաբաշխվածությամբ ու հարմարությամբ (վաճառքի համար) համարժեք կլինեն շուկաներում եղածներին։ Ուշադիր կհետեւենք, թե արդյոք քաղաքապետը կկարողանա՞ վերավաճառողների, շուկայատերերի եւ «հարակից ռեկետյորների» «հախից էլ նույն հաջողությամբ գալ», ինչ խեղճ ու անճար առեւտրականների ու գյուղացիների, որոնք մի «տանիք» էլ չունեն գլխներին։ Ա. Ֆ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել