Պատմությունը պատժում է անմեղին Հոդվածիս առաջին մասը («Ծովից ծով ջարդած տաշտակ», «Առավոտ», 7 ապրիլի) կարդալուց հետո իմաստուն մի մարդ խորհուրդ տվեց հողմաղացների հետ կռիվ չտալ: Ի վերջո, Ուտիքը գրավելու կոչերը հնչեցնում է ոչ թե պետությունը, այլ, իրենց արտահայտություններում, պատասխանատվությունից զուրկ մարդիկ: Եվ օրինակ բերեց Լոնդոնի հայտնի Հայդ-պարկի «հռետորների անկյունը», որտեղ ազատ երկրի ազատ քաղաքացիներն իրենց ելույթներում «իրավասու» են պատերազմ հայտարարել ՄԱԿ-ի անդամ բոլոր պետություններին, կամ պահանջել Անգլիայի միապետից թագաժառանգ հռչակել Շամիլ Բասաեւին: Եվ ոչ մեկին այդպիսի ելույթները չեն անհանգստացնում, առավել եւս, որ «Հռետորների անկյունում» մշտական ելույթ ունեցողների ուղիղ կեսը հոգեկան հիվանդներ են: Երջանիկ կլինեինք, եթե այստեղ էլ «գլխավոր հարվածի ուղղությունը» մշակող «հայրենասերի» ձայնը հնչեր ասենք Կոմայգու իշոտնուկից 30 մետր շառավղով, եթե լրագրողները տեսախցիկ-ձայնագրիչը ձեռքներին շնչակտուր չվազեին ազգիս «ընտրյալների» ետեւից, որպեսզի ժամ առաջ հասարակությանը հաղորդեն նորակոչ մեսիաների ազգափրկիչ ծրագրերը: Հայդ-պարկի հռետորը եթե ճառը սկսի «Ես մտավորական եմ» նախաբանով, կարժանանա վեհության մոլուցքով տառապող դժբախտի գնահատականին: Մեզ մոտ «Ես մտավորական եմ» կախարդական խոսքը հիպնոսացնող ազդեցություն է թողնում հասարակ մահկանացուի վրա: Հայդ- պարկի հռետորը որեէ շանս չունի նույնը հնչեցնել պառլամենտի ամբիոնից կամ BBC հեռուստաընկերությամբ: Մեզ մոտ դա օրինաչափություն է: Հայդ-պարկում պատերազմի կոչ անողը բանակում ծառայելուց ազատված մարդ է, այստեղ «Արազը կտրող, անցնողը», եթե չեմ սխալվում, հայոց բանակի փոխգնդապետի ուսադիրներով էր: Այսինքն, այնտեղ՝ կանաչապատված ինչ-որ տարածքում մեկուսացված չարաճճիներ են, մեզ մոտ՝ մտավորականներ, սպաներ, ակադեմիկոսներ, նույնիսկ՝ առանձին ամբողջական կազմակերպություններ… Վտանգն այն է, որ հենց այս ազգափրկիչներն են փորձում արդեն այսօր սեփականել Հայաստանի վաղվա օրը: Իսկ վաղվա օրն, անշուշտ, չի սահմանափակվում միայն Ղարաբաղով, ավելին, ղարաբաղյան պրոբլեմից դուրս է: Նույն հարեւանների կողքին պետք է ապրենք, անկախ նրանից՝ Հայաստանը կմնա՞ իր 30 հազար քառակուսի կիլոմետրով, թե՞ կընդլայնվի 3 անգամ: Անկախ նրանից, թե Ստեփանակերտը կլինի մեր երկրորդ պետության մայրաքաղա՞քը, մեր 11-րդ մարզկենտրո՞նը, թե՞ «Ընդհանուր պետության» ենթամայրաքաղաքը: Պատերազմի եւ խաղաղության (ամենալայն իմաստով) երկընտրանքը պետք է լուծում ստանա: Անկախ նրանից, թե ղարաբաղյան հարցի լուծումը որքանով կբավարարի հայության երեք հատվածների (Հայաստան, Ղարաբաղ, Սփյուռք) մտավորականին, զինվորականին, ձախին, աջին, որքանով կարդարացնի յուրաքանչյուր հայի սպասելիքները, մենք պետք է ելք գտնենք այն փակուղուց, ուր այս ազգին գլորել են պատմությունը, աշխարհագրական դիրքը, հարեւանները, աշխարհի մեծերը, Եղեռնը, «Ծովից ծովի» տեսլականը… Հայրենասիրությունը ոչ միայն հպարտ մարդու ազատ կամքի արտահայտությունն է, այլ նաեւ՝ ազգի պատմական բնազդի դրսեւորումը: Ո՞րն է մերը: 1999թ. ԱՄՆ տեղեկատվական գործակալությունը (USIA) (որն, իմիջիայլոց հանդիսանում է պետքարտուղարության կարեւորագույն ստորաբաժանումներից մեկը) զանազան հարցերի շուրջ հարցախույզ էր անցկացրել Հարավային Կովկասի երեք պետություններում: Արդյունքները շվարեցնում են: «Արդյո՞ք գործերը ճիշտ են ընթանում» հարցին Հայաստանում «այո» է պատասխանել հարցվողների 14 տոկոսը (Վրաստանում՝ 44, Ադրբեջանում՝ 36), իսկ «ոչ»՝ մեզ մոտ՝ 75, իսկ հարեւանների մոտ 34 եւ 46 տոկոսը: Այս թվերը լուսնից իջած մի անիրազեկի համար կնշանակեն, որ ոչ թե մեր հարեւաններն են փաստացի կորցրել իրենց տարածքների զգալի մասը, այլ մենք, որ հարեւանների մոտ արդյունաբերությունն, օրինակ, աշխատում է ամբողջությամբ եւ 1984 թվականի չափով են բանվորներն աշխատավարձ ստանում: Իսկ ու՞մ չենք վստահում տարածաշրջանում: Ըստ նույն հարցման արդյունքների՝ Վրաստանին չեն վստահում հարցման մասնակիցների 70, Իրանին՝ 84, Ադրբեջանին՝ 97, Թուրքիային՝ 93 տոկոսը: Լավ, դարավոր ոսոխի հանդեպ անվստահությունը բացատրելի է եւ հասկանալի, իսկ մյուսների՞: Հիմա էլ պատկերացրեք, որ ապրում ենք մի շենքում, որտեղ թշնամությամբ ենք լցված բոլոր հարեւանների հանդեպ: Ինչպե՞ս ենք այդ դեպքում պատկերացնում մեր, մեր ընտանիքի, երեխաների կյանքն ու ապագան: Կամ փոխում ենք բնակարանը, կամ մեկուսանում ենք մեր չորս պատերի մեջ, կամ փորձում ենք «լեզու գտնել», ընդհանուր համակեցության կանոններ մշակել դրացիների հետ: Առաջին ճանապարհը մեծ ջանքեր չի պահանջում: Երկրորդը՝ ավելի ծանր է: Երկրորդը պահանջում է դանդաղ եւ արդար ելք՝ ջարդելով այն կաղապարները, որոնք դարձել են հայի գիտակցության անխուսափելի մասը: Դրանք չթվարկեմ: Երեւի սուտ է, որ պատմությունն ինչ-որ բան սովորեցնում է: Պարզապես պատմությունը պատժում է ոչ մեղավորներին: Իսկ այդ ճշմարտությունը պատմությունը բազմիցս հաստատել է: ՏԻԳՐԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ