ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ «ՄԿՐԱՏՈՎ ՊԱՐԸ» Ուրախ մարդ է Ռոբերտ Սեդրակիչը Կյանքը, հեքիաթի հայտնի սուփրայի պես, բոլոր ծալքերը անմնացորդ պատրաստակամությամբ փռել է նրա ոտքերի առաջ՝ վայելիր ինձ: Դե, նա էլ վայելում է: Թող նվնվանները նախանձից պայթեն: Թե ուզում եք իմանալ, Ռոբերտ Սեդրակիչը Բերմուդյան եռանկյունու ամենասուր անկյունից թքած ունի նվնվանների պրկված ջղերի վրա: Նրա մերձավորներն են, որ «զգուշությունը լավ բան է» ասելով՝ հունական ծովափնյա զվարճանքները, դավոսյան դահուկասահքերը, իր երկրից խորհրդավոր անհետացումներն ու ուշացած ետդարձերը, որս-լող-բասկետբոլն ու զանազան մասաժ-«մաքիաժները» դիֆերամբների թեմա չեն դարձնում: Իբր՝ չար աչք է, կպավ՝ կպավ: Անտեղի զգուշավորություն է: Ռոբերտ Սեդրակիչի «կուսակցության անդամների» եռամյա կուրությունը ոնց որ թե անբուժելի է, իսկ կույր աչքի (թեկուզեւ չար) զորությունն ինչ պիտի լինի, որ փչացնի նրա էյֆորիկ տրամադրությունը: Նմանը չունեցող «կուսակցություն» է ղեկավարում Ռոբերտ Սեդրակիչը: Ինքը, ճիշտ է, չի հարգում իր «կուսակցության» անդամներին, բայց մեծահոգաբար հանդուրժում է: Ճիշտ է, հեգնախառն, ծուռ (Քի Ուեսթից վերադառնալուց հետո, նաեւ՝ առեղծվածային) ժպիտով, բայց՝ հանդուրժում է: Հանդուրժում է, որովհետեւ նրանց շարքերից հարց չի հնչում. – Ռոբերտ Սեդրակիչ, էդ ինչի՞ եք էդքան ուրախ: Ճիշտ որ, էս ինչի՞ է էսքան ուրախ Ռոբերտ Սեդրակիչը: Վերհիշենք Ռոբերտ Սեդրակիչի «ոդիսականը» Մի օր նստեցին Ղարաբաղն ազատագրած, Հայաստանի անկախությունը հռչակած, զինադադար կնքած, Հայոց բանակ ստեղծած, Սահմանադրություն ընդունած, մութուխավարի տարիները անցյալ դարձրած Հայաստանի նախկին «հանցագործ» իշխանությունները ու որոշեցին Ղարաբաղի նախագահ Ռոբերտ Քոչարյանին կանչել Մայր Հայաստան: Որոշեցին ու կանչեցին: Եկավ: Չասաց՝ չէ, մեր ցեղն ազնիվ է, ես հանցագործների հետ չեմ կարող աշխատել: Ճամպրուկները պինդ կապկպեց ու եկավ: Ասացին՝ որ եկել ես՝ նստիր: Նստեց: Վարչապետի աթոռին: Նստեց ու նախագահի նստավայրի կողմը նայեց՝ սիրուն շենք էր: Մռայլվեց: Նորից նայեց՝ ավելի մռայլվեց: Ու տագնապի ազդանշան հնչեցրեց՝ ժողովուրդ, հասեք, նախագահը Ղարաբաղը ծախում է: Այն ժամանակ դեռ ժողովուրդ էինք, «իմ կուսակցություն» չէինք: Հասանք: Դե, որ հասանք, «Ղարաբաղը ծախող» նախագահը ասաց՝ ես գնամ, դու Ղարաբաղը միացրու Հայաստանին: Մի տեղեկանք բերեց Ռոբերտ Սեդրակիչը, ըստ որի՝ ինքը վաղու՜ց Հայաստանի քաղաքացի է, ու քիչ էր մնում ստացվեր, որ Ղարաբաղը վաղու՜ց միացած է Հայաստանին, «վրաներս խաբար չկա»: Ձեւացրինք, թե «իսկականի հետ ճիշտ է», ասացինք՝ Ղարաբաղը, ոնց որ խոստացել ես, միացրու Հայաստանին, ուզում ես՝ դրանից հետո մի հատ էլ տեղեկանք բեր, ըստ որի՝ պորտդ Մարգարյանի հիվանդանոցում են կտրել: Տեղեկանքը ներկայացրեց ում որ հարկն է ու նախագահ դարձավ: Բամբասանքը շրջեց տնից տուն, թե՝ սկի լեգիտիմ չի: Ասացինք՝ ոչինչ, դու Ղարաբաղը միացրու Հայաստանին, հաջորդ ընտրությանը կլեգիտիմացնենք: Դե, նախագահ էր, թեկուզեւ ոչ լեգիտիմ, պիտի նախագահություն աներ: Արեց: Նախ, ամենակարեւոր խնդիրը լուծեց. նախկիններին, ում շնորհիվ մարդամեջ դուրս եկավ, դավաճան, մարդասպան ու թալանչի հայտարարեց, իրեն էլ՝ միակ տղամարդ, ու այս երկու «իրողության» ամենօրյա հաստատման հաճելի պարտականությունը դրեց «Տիկոյի ծելեի» վրա: «Տիկոյի ծելեն» էլ նամարդություն չարեց ու մինչեւ հիմա այդ պարտականությունը «պատվով» կատարում է: Հետո սկսեց աշխարհե աշխարհ ման գալ: Ինչքան շատ էր ման գալիս, էնքան շատ էր նոթոտում՝ էն նախկին «հանցագործները» ոնց որ թե ճիշտ էին, Ղարաբաղը Հայաստանին միացնելը թան չի, ամեն մարդու բան չի: Օրեցօր նոթոտում էր: Հակառակի պես էլ իրեն նախագահ կարգած Սպարապետ Վազգենն ու Կարեն Դեմիրճյանն էլ համառում ու իրեն «միակ տղամարդու» տեղ չէին դնում: Ռոբերտ Սեդրակիչը չէր հուսահատվում՝ շարունակում էր նոթոտել: Մինչ ինքը շարունակում էր նոթոտել, այդ ընթացքում մի քանի «ռոմանտիկ» երկոտանիներ հասցրեցին ապրանքափոխանակություն անել. տան եղած-չեղածը մի քանի հատ ավտոմատի հետ փոխեցին, մտան խորհրդարան ու Ռոբերտ Սեդրակիչի «միակտղամարդությունը» կասկածի տակ դնողներին գնդակահարեցին: Ռոբերտ Սեդրակիչը էլ չի նոթոտում Ուրախ մարդ է Ռոբերտ Սեդրակիչը: Երեք տարվա ընթացքում աննախադեպ հաջողությունների է հասել: Նախկին «հանցագործ» նախագահի հնամաշ զրահապատ «Մերսեդեսը» վաղուց արդեն փոխարինել է նոր ու շքեղ զրահապատով: Ինքը նախկին նախագահի պես «էգոիստ» չի. թույլ է տվել, որ իր բոլոր մերձավորները թանկարժեք զրահապատ ավտոմեքենաներով սլանան օրեցօր ավելացող մուրացկանների ու աղբակույտերը «պեղողների» կողքով (օրինակ են ծառայում): Իր ու իր մերձավորների թիկնապահների թիվը արդեն ոնց որ թե հավասարվել է Հայոց բանակի զինվորների թվին: Վեր խոյացող շքեղ առանձնատների կողքին Վանո Սիրադեղյանի բոլորի աչքի փուշ տունը արդեն խրճիթ է թվում: Ինքն էլ, դե, արտերկրի շքեղ ծովափերում է հանգստանում, ոչ թե Լեւոն Տեր-Պետրոսյանի պես՝ կամ առհասարակ չի հանգստանում, կամ էլ, եթե հանգստանում է, ապա միայն էս խղճուկ Հայաստանում: Թոշակները չի ավելացրել, բայց հո նպաստները կտրել է, աշխատավարձերն էլ հո տոնից տոն է տալիս: Մեր ունեցած-չունեցածը վաճառում է ջրի գնով, թեկուզեւ կասկածելի մարդկանց, բայց հո՞ վաճառում է, չի թողնում, որ անտեր-անտիրական մնա: Իր օրոք կատարված բազմաթիվ աղմկոտ սպանություններից ոչ մեկը չի բացահայտվել, բայց հո նախկինների բացահայտածներին, իրավիճակի փոփոխության պատճառով, ազատություն ու պաշտոններ է տվել: Ամերիկյան դեսպանատան առաջ հերթ կանգնողների թիվը ավելանում ու ավելանում է, բայց հո մեր պաշտելի Սփյուռքը ծաղկում է: Դավաճանությունն ու ստորաքարշությունը «պահպանվում են պետության կողմից», բայց հո հայրենասիրությունն այնպիսի ծաղկում է ապրում, որ նույնիսկ շիզոֆրենիկ, «հաբըռգած» սադիստն է մեզ դասեր տալիս: Որը հիշեմ, որը թողնեմ… Ռոբերտ Սեդրակիչը բոլորից լավ գիտի, որ Ղարաբաղի ու Հայաստանի միացումը «ուղեղային մորմոք» է այլեւս, բայց դա հո չի խանգարում, որ ինքն իր «կռուիզը» շարունակի, «արձակուրդներին» էլ բարեհաճի աբորիգեններիս այցելել ու հերթական «Մկրատով պարը» բեմադրել… Դե, իսկ իր թանկագին «կուսակցությունը» իր սիրած «գործին» է. շարունակում է նախկին «հանցագործ» իշխանություններին հայհոյել: Այսքանից հետո ո՞վ է այն տղամարդը, որ կհամարձակվի ասել, թե Ռոբերտ Սեդրակիչի էյֆորիան հիմնազուրկ է: ԼԻԶԱ ՃԱՂԱՐՅԱՆ