Դաշնակցությունը գնում է դեպի ժողովուրդը Հարցազրույց ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանի հետ ՀՅԴ խմբակցությունը աշխատանքային այցով մեկնել էր Տավուշի մարզ։ Խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանի հետ հարցազրույցում փորձենք պարզել, թե ի՞նչ նպատակ ունեն Դաշնակցության այցերը մարզեր։ Պրն Վարդանյանը ասաց, որ իբրեւ պատգամավոր մարզեր այցելելը համարում են իրենց աշխատանքի մի մասը. «Հիմնական նպատակը տեղում խնդիրներին ծանոթանալն է, մարդկանցից հարցերը լսելը եւ բարձրացրած հարցերի լուծումը»։ ՀՅԴ խմբակցությունը այցելությունների ընթացքում համագործակցում է տեղական իշխանությունների հետ եւ նպատակը «միմյանց աջակցելով հիմնախնդիրները լուծելն է եւ ոչ թե հակադրվելը»։ Տավուշի մարզ այցելելուց առաջ խմբակցությունը նախապատրաստական աշխատանք էր կատարել՝ մոտ 100 էջ տեղեկատվություն է հայթայթվել մարզի խնդիրների կտրվածքով։ Տավուշի մարզի հիմնախնդիրները առավել ընդգծված են, մարզի 62 բնակավայրերից 41-ը սահմանամերձ են։ ՀՅԴ-ն Տավուշի մարզում ունի մարզային կոմիտե, Բերդի, Նոյեմբերյանի, Իջեւանի եւ Դիլիջանի տարածաշրջաններում առանձին կոմիտեություններ. «Ակնհայտ էր, որ այդ տարածքներում մեր կուսակցական ընկերները ակտիվ են, ընդունված են մարդկանց կողմից։ Այս առումով մեր կառույցը ակտիվորեն մասնակցել էր այցի նախապատրաստությանը»։ ՀՅԴ-ն մարզում համագործակցում է «բոլոր ազդեցիկ, ռեալ կուսակցությունների հետ այնպես, ինչպես ամբողջ հանրապետության տարածքում։ Շատ կարեւոր է, որ քաղաքական ուժերը մարզերում կարողանան տեղական իշխանությունների հետ համատեղ աշխատել»։ Աղվան Վարդանյանի դիտարկմամբ, սահմանամերձ շրջանների բնակիչների հետ, երբ «անմիջականորեն, պարզ խոսում ես մարդկանց հետ, բացատրում ես, շատ լավ ընկալում են, գիտակցում են եւ տեսնում են, որ հեռանկար կա։ Ուղղակի կա նաեւ սերունդների խնդիր։ Սակայն ամեն տեղ շատ են մարդիկ, որոնք գիտակցում են անկախ պետականության կարեւորությունը, գիտակցում են, որ դժվարությունները ինչ-որ տեղ պետք է համատեղ հաղթահարվեն»։ ՀՅԴ-ի ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ շրջանների բնակիչներն ավելի շատ ի՞նչ հարցրեր են բարձրացնում. «Բոլոր հանդիպումների ժամանակ մարդիկ բարձրացնում են ե՛ւ Ղարաբաղի խնդրի կարգավորման, ե՛ւ «Հոկտեմբերի 27»-ի հարցը, նաեւ՝ վարչատարածքային բաժանման խնդիրը, ԲԷՑ-երի խնդիրը, ե՛ւ ԱԺ-ին առնչվող հարցեր»։ ՀՅԴ խմբակցության ղեկավարի դիտարկմամբ՝ «մեր ժողովրդին այսօր առավելապես հուզում է կազմակերպված աշխատանքի, պատասխանատու աշխատանքի խնդիր ե՛ւ հանրապետության ղեկավարների մակարդակով, ե՛ւ քաղաքական ուժերի մակարդակով, ե՛ւ տեղական իշխանության մարմինների մակարդակով։ Ակնհայտորեն, հիասթափություն կա, հավատի կորուստը կա, բազմաթիվ խնդիրներն ակնհայտ են, բայց նաեւ, ազնիվ վերաբերմունքի դեպքում, մարդկանց հետ ճիշտ հարաբերվելու դեպքում մարդիկ տեսնում են, որ խնդիրները հնարավոր է լուծել։ Հնարավոր է լուծել, եթե ՀՀ նախագահը, ԱԺ-ն, քաղաքական ուժերն, իսկապես, ամենօրյա աշխատանքի եւ հիմնախնդիրներին տեր կանգնելու տրամադրվածություն ունեն»։ Սովորաբար ԱԺ-ի ամբիոնից հնչած տեղական նշանակության ցանկացած հարց ընկալվում է որպես պոպուլիզմի փորձ։ Արդյո՞ք կուսակցությունների վերջերս առավել աշխուժացած մղումը դեպի գյուղեր ու քաղաքներ չի կարելի համարել գրեթե նախընտրական քարոզարշավի սկիզբ. «Խմբակցությունը երկու տարվա գործունեության ընթացքում երբեք պոպուլիստական որեւէ դիրքորոշում չի փորձել ունենալ։ Ժողովուրդը շատ հստակ գիտակցում է որն է պոպուլիզմը եւ որը՝ աշխատանքը։ Մեր պարագայում, ես վստահեցնում եմ, որ սրանք զուտ աշխատանքային այցելություններ են եւ ռեալ արդյունք են տալիս։ Մենք փորձում ենք հետամուտ լինել բարձրացված հարցերի լուծմանը։ Մենք յուրաքանչյուր մարզում 12-15 հանդիպումներ ենք ունենում, իսկ սա նշանակում է՝ երկու օրվա ծանր, տաժանակիր աշխատանք։ Նախընտրական որեւէ խնդիր բացարձակապես չունենք, որովհետեւ ընտրությունները 2003 թվին են տեղի ունենալու։ Մենք խնդիր ունենք ժողովրդին ճանաչելի, բացատրելի դարձնել մեր գործողությունները, մեր կեցվածքը, կապն ամուր պահել։ Սա յուրաքանչյուր կուսակցության բնական գործունեությունն է»։ Հարցազրույցը՝ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ