Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի

Ապրիլ 14,2001 00:00

ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԻՆ ԶՐԿԵԼ ԵՆ ԻՐ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ Արցախի տարածքում գործող իրավական նորմերը չեն կարող հակասել ՀՀ Սահմանադրությանը եւ օրենքներին, քանի դեռ 1989թ. դեկտեմբերի 1-ին Լեռնային Ղարաբաղի Հայաստանին վերամիավորվելու որոշումը՝ Սահմանադրության հիմքը կազմող ՀՀ Անկախության Հռչակագիրը, ոչ ոք չեղյալ չի հայտարարել։ Այդ իսկ պատճառով հոդվածում օգտագործված են մեջբերումներ ՀՀ Սահմանադրությունից եւ ՀՀ օրենքներից։ 1815թ. Նեապոլի պարսպապատի տակ գնդակահարվեց Նապոլեոն Բոնապարտի հեծելազորի հրամանատար, Նեապոլի թագավոր, մարշալ, ղարաբաղցի Հովակիմ Մյուրատը։ Մահապատժից առաջ մարշալ Մյուրատը իր մարշալական տոնական հագուստը հագնելու եւ շքանշանները կախելու ցանկություն հայտնեց։ Նա դահիճներից ստացավ այդ թույլտվությունը։ Մեկ այլ ղարաբաղցի զորավարի՝ արցախյան բանակի գլխավոր հրամանատարի, Արցախի զինված ուժերի ստեղծող ու նրա հիմնական շարժիչ ուժը հանդիսացող Սամվել Բաբայանի բախտը այս առումով չբերեց։ Նրան ոչ միայն թույլ չտվեցին կրել արյունով ու քաջությամբ վաստակած շքանշանները, այլեւ դատարանի որոշումով միջնորդեցին զրկել «Ազգային հերոսի» կոչումից։ Սրանով իսկ նա բախտակից դարձավ Էյնշտեյնին, որին ժամանակին Հիտլերը զրկեց բոլոր պարգեւներից (այդ թվում եւ Շվեդիայի ակադեմիայի կողմից շնորհված Նոբելյան մրցանակից) եւ Սախարովին, որին բոլշեւիկյան իշխանությունները որոշեցին զրկել Լենինյան, Ստալինյան, Պետական եւ հազար ու մի այլ մրցանակներից ու պարգեւներից։ Պատմությունը կրկնվո՞ւմ է։ Չեմ կարծում։ Ավելի ճիշտ կլինի ասել, որ տգետները կրկնում են պատմության սխալները։ Դատարանի որոշումը լսելուց հետո գեներալ Սամվել Բաբայանը հպարտորեն նշեց, որ Արցախի Հանրապետության վեճերը ավտոմատներով չեն լուծվում, այլ դատարանի օգնությամբ։ Սա արժանապատիվ «մեղադրյալի» հպարտությունն էր սեփական երկրում պետականության կայացած փաստի առիթով։ Հպարտությունը տեղին կլիներ, եթե դատաքննչական գործընթացի ընթացքում Արցախի պետականության հիմքերը խարլխլող երեւույթներ ի հայտ չգային։ Այս հոդվածը նույնպես չէր լինի, եթե չլիներ մեր նորաստեղծ պետության, պետականության եւ օրինականության մտահոգությունը։ Դատարանի որոշումը կարծես Սամվել Բաբայանին «Ալտոնի մենակյացը» դարձնելու խնդիր ուներ իր առաջ դրած, հավանաբար այդ պատճառով էլ թե՛ ահաբեկչությունը, թե՛ գործող անձանց կեցվածքը, թե՛ օրինապահ եւ իրավապահ մարմինների վարքը նախաքննության եւ քննության ընթացքում վատ հեղինակի սյուրռեալիստական սցենարի էր նման։ ՀՀ Սահմանադրության 3-րդ գլխի 55 հոդվածը ասում է, որ նախագահն է «… պարգեւատրում՝ ՀՀ շքանշաններով եւ մեդալներով…», նույն տեղում կարդում ենք շարունակությունը՝ «… շնորհում բարձրագույն զինվորական եւ պատվավոր կոչումներ…», այսուհանդերձ չեք գտնի որեւէ օրենք, որը լիազորեր որեւէ դատավորի՝ որեւէ կայացած հերոսի զրկել հերոսությունից։ Սամվել Բաբայանի շքանշանները իր անցած մարտական ուղու, կյանքի որոշակի հատվածի, իշխանությունների կողմից տրված գնահատականի իրեղեն ապացույցներն են։ Ընդամենը։ Դրանք կարող էին եւ չլինել, բայց չէ՞ որ անվիճելի է, որ գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը հերոս է։ Հերոսություն չէ՞ր, արդյոք, հանուն հայրենի հողի ազատագրման եւ ժողովրդի փրկության, զենք վերցնել եւ պայքար սկսել մի երկրում՝ ԽՍՀՄ-ում, որի օրենքներով հենց միայն այդ փաստը բավական էր 10-15 մահապատիժ սահմանելու համար։ Հերոսություն չէ՞ր, արդյոք, չեղած տեղից տարածաշրջանի ամենամարտունակ բանակ ստեղծելը, զինելը, վարժեցնելը, ուսանելը եւ հետագա գոյատեւման համար անհրաժեշտ բոլոր նախադրյալներ ստեղծելը։ 1988-96թթ. նրա գործունեության գնահատականը միաժամանակ ԽՍՀՄ-ի օրենսդրական տեսակետի, բոլշեւիկյան կացութաձեւի եւ գաղափարախոսության մերժողական գնահատականն էր եւ Արցախի պետականության ինքնահաստատման եւս մեկ փաստ։ Դատավորը գրչի մի հարվածով ի չիք դարձրեց այդ փաստը, իսկ նախագահը լռում է։ Իմիջիայլոց, դատավորին չէր խանգարի մեկ անգամ եւս ուսումնասիրել ՀՀ օրենքը «Դատավորի կարգավիճակի մասին», որտեղ հոդված 14-ը պարտադրում է խստիվ ղեկավարվել օրենքով, իսկ ավելի էական է, հավանաբար, կարդալուց հետո հասկանալ հոդված 15-ի պարտադրող այն դրույթը, թե արգելվում է որեւէ գործողություն, որը կարող է վնասել պետության եւ դատարանի հեղինակությանը։ Դատարանի նման որոշումից հետո արդյոք պետական որեւէ պարգեւ որեւէ իմաստ կունենա՞, թե՞ ոչ, թե՞ այսուհետեւ շքանշաններն ու պարգեւները պատժիչ եւ կանխարգելիչ իմաստ են ձեռք բերում, այն առումով, որ եթե հանկարծ մեկը, որ շքանշանակիր է, հարկ եղած ձեւով չպահի իրեն եւ ինչ-որ պատճառով զրկվի իշխանությունների բարեհաճությունից, ապա կզրկվի իր պարգեւից։ Ստացվում է, որ այսուհետ շքանշանները չեն տրվում հերոսական անցյալի եւ կամ ներկայի համար, որպես գնահատական, այլ կանխարգելիչ զգուշացում է, որ տես, հա… Հետաքրքիր է, թե այս առումով ինչ է մտածում Արցախի նախագահը, վերջիվերջո նա հանրապետության անվտանգության երաշխավորն է։ Ազնվորեն ասած, մտածելու բան էլ չկա։ Բայց այ, մի հանգամանք այս դատավարությունից ուշադրություն է գրավում։ Դա նորից սահմանադրական իրավունքի բացահայտ խախտման ճանապարհով ձեռք բերած ցուցմունքները դատավարական գործընթացում որպես հիմք օգտագործելու դատավորի տարօրինակ վարքն է։ ՀՀ Սահմանադրության 2-րդ գլխի 19-րդ հոդվածն ասում է. «Մարդուն չի կարելի ենթարկել խոշտանգումների, դաժան կամ նրա արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի եւ պատժի»։ Այս դատավարությունը գործող օրենսդրական մի ստվերոտ կողմ եւս լուսավորեց։ Կարծում եմ, օրենսդիր մարմնին՝ Ազգային ժողովին, պիտի որ հետաքրքրի այս հակասությունը՝ կապված պարգեւների հետ։ Պարգեւները պետք է տրվեն ցմահ, հակառակ դեպքում իմաստազրկվում են։ Այլ խնդիր է, եթե դատարանը կոնկրետ անձին զրկի այդ պարգեւներից բխող արտոնություններից։ Սամվել Բաբայանի դեպքում. գեներալ-լեյտենանտ, «Ազգային հերոս», Արցախյան բանակի գլխավոր հրամանատար Սամվել Բաբայանին կարելի զրկել գլխավոր հրամանատարի պաշտոնից, բայց ինչպես զրկել գեներալ- լեյտենանտի զինվորական կոչումից, որը նա ստացել է ՀՀ նախագահի հրամանագրով եւ այդ կոչման փոփոխությունը ուղղակիորեն մատնացույց է արված «ՀՀ Զինվորական կոչումների մասին» օրենքի 5-րդ հոդվածում (23 մարտի 1992թ.), ըստ որի Ս. Բաբայանը այսօր «պաշտոնաթող» գեներալ- լեյտենանտ է։ Հակառակ դեպքում, եթե, օրինակ, Արկադի Ղուկասյանին դատեն որեւէ ծանր հանցագործության մեղադրանքով եւ զրկեն բոլոր լիազորություններից ու կոչումներից, ինչ է՝ նա դադարելո՞ւ է էքսպրեզիդենտ լինելուց։ Մի խոսքով, չի կարող գոյություն ունենալ որեւէ օրենք, որը փորձում է մարդուն զրկել իր կենսագրությունից, իսկ եթե կա այդպիսի օրենք կամ օրենքի նման մեկնաբանություն, ապա հեռու չէ այն օրը, երբ մարդուն օրենքով կարգելվի մտածելը, տրամաբանելը, մտքի թռիչքը, անհատականությունը եւ մարդը կդառնա կոմունիստների «երանելի» ժամանակների բնորոշմամբ «հասարակական կենդանի» իր կոնկրետ համարանիշով՝ տարբերակման համար միանման մյուս «կենդանիներից»։ Ինձ այժմ նույն ցավն է տանջում, ինչը ֆրանսիացի զինվոր, օդաչու, գրող, մարդասեր Սենտ Էքզյուպերիին, որը, տեսնելով լեհ վտարանդիներով լցված ապրանքատար վագոններում տիրող անմարդկային ու կեղտոտ վիճակը, դառնությամբ գրում է, որ յուրաքանչյուրի «մեջ տեսնում է սպանված Մոցարտին»… ՍԱՄՎԵԼ ՇԱՀԻՆՅԱՆ «Ազգային պետություն» կուսակցության նախագահ, «Գերագույն խորհուրդ» ակումբի նախագահության անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել