Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ միայն պայթուցիկների մասին

Ապրիլ 14,2001 00:00

Կեղծ ահազանգե՞ր Ոչ միայն պայթուցիկների մասին Օրերս մեկը զանգահարեց «Առավոտի» խմբագրություն եւ ներկայանալով իբրեւ Տավուշի մարզի բնակիչ վստահեցրեց, թե Բերդ մարզկենտրոնում «սարսափելի» բաներ են կատարվում։ Քաղաքացին պնդում էր, թե ԱԺ պատգամավորներ տավուշեցի Գագիկ Մելիքյանն ու արտաշատցի Հենրիկ Աբրահամյանը քաղաքում առանց ակցիզային դրոշմանիշի օղիներ են վաճառում։ Ահազանգողը հավաստիացնում էր, թե կատարված անօրինականությունը ՆԳՆ-ի տեղի բաժանմունքը հայտնաբերել է, գործ է հարուցվել, բայց Երեւանից շատ ազդեցիկ պաշտոնյաների հրահանգով գործի ընթացքը կասեցվել է։ Ընդ որում, ըստ այդ տեղեկատվության, օղու ապօրինի շրջանառությունն ու իրացումը պարտակում են նույն մարզի հարկային տեսչության պետն ու նրա աշխատակիցները։ «Առավոտը», բնականաբար, գնաց ահազանգի հետքերով՝ առավել եւս, որ դա նույն խնդրի առնչությամբ միակը չէր։ Համապատասխան գերատեսչություններից ստացված պարզաբանումները հանգեցրին այն եզրակացության, որ ահազանգը հերթական «կլյաուզա» էր։ Նախ, ՆԳՆ լրատվական ծառայությունից տեղեկացրին, թե իրենց նման դեպք հայտնի չէ։ Պետեկամուտների նախարար Անդրանիկ Մանուկյանն էլ բացառեց այդ լուրը։ Նա միաժամանակ նշեց, թե ՀՀ օրենսդրությամբ ստուգումներ անելու իրավունք միայն իր գլխավորած գերատեսչությունն ունի եւ եթե իրավապահները նույնիսկ նման փաստ արձանագրած լինեին, անկասկած պետք է տեղյակ պահեին հարկային մարմիններին։ Նա նաեւ բացառեց, թե Տավուշի իր ենթական կարող էր այնքան համարձակություն ունենալ, որ դիմեր նման քայլի՝ անպատիժ մնալու ակնկալիքով։ Ավելի ուշ պարոն Մանուկյանն ինքը ճշտեց ստացված ահազանգն ու վստահեցրեց, թե կատարվածը հստակ միտում ունի։ Թե ինչ օղիների վաճառքի մասին է խոսքը, պարզաբանեց ԱԺ պատգամավոր Հենրիկ Աբրահամյանը։ Ըստ նրա, պատգամավոր Գագիկ Մելիքյանը մի քանի օր առաջ դիմել է իրեն շուրջ 200 շիշ օղի ձեռք բերելու խնդրանքով՝ իբրեւ այդ ընտրատարածքի պատգամավոր ինչ-որ մեկի թաղման արարողության հետ կապված օգնություն ցուցաբերելու համար։ «Մենք Անդրանիկ Մանուկյանի հետ 15 տարի ճանաչում ենք միմյանց եւ ես երբեք չէի կարող ինձ թույլ տալ նման քայլի գնալ։ Բացի այդ, իբրեւ հարկատու ես երբեք անպարտաճանաչ չեմ եղել, եւ այդ մասին կարող է հաստատել պարոն Մանուկյանը։ Գինու գործարանն ամսեկան 37-43 մլն դրամի հարկ է վճարում»։ Պարոն Աբրահամյանը վստահեցրեց, թե մի քանի շիշ օղու ապօրինի վաճառքն այդ իմաստով եղանակ չի կարող ստեղծել եւ դրա կարիքն էլ չի եղել։ Մեր այն հարցին, թե այդ դեպքում ո՞րն է ապատեղեկատվության պատճառը, պարոն Աբրահամյանը պատասխանեց, թե Գագիկ Մելիքյանը Տավուշում նաեւ ընդդիմախոսներ ունի՝ այդ թվում նաեւ տեղի իրավապահների շրջանում։ Մենք, իհարկե, Տավուշ չենք մեկնել՝ ահազանգը տեղում ստուգելու համար, ուստի հակված ենք հավատալ համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին եւ պարոն Աբրահամյանին։ Սակայն, եթե խմբագրություն զանգահարած տավուշցիները համարձակություն ունենան այս խնդրով կոնկրետ փաստեր մատնանշել՝ պատրաստ ենք դրան կրկին անդրադառնալ։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել