Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԱԲԱԹՎԱ ԲԱՆԱԿՑՈՂՆԵՐԸ

Ապրիլ 14,2001 00:00

ՇԱԲԱԹՎԱ ԲԱՆԱԿՑՈՂՆԵՐԸ Ռոբերտ Քոչարյանը Դարձյալ իր կողմնակիցներին հուսախաբ արեց Հայաստանի նախագահը: Ինչո՞վ էր նա զբաղվում Քի Ուեսթում՝ 2-3 կիլոգրամանոց ձկնե՞ր էր բռնում: Իսկ որտե՞ղ էին իսկական, խոշոր շնաձկները՝ իրենց համար անվտանգ լողում էին Ատլանտյան օվկիանոսով մեկ: Նորից մանր սլաքավարներն են տուժում: Ընդ որում, այս անգամ Քոչարյանն ավելի հեռուն գնաց, եւ, ըստ նախագահի մամուլի խոսնակի, նույնիսկ իր բռնած 3 մանր ձկներից մեկին բաց թողեց: Մի՞թե ժողովուրդը այդ էր սպասում իր նախագահից: Հեյդար Ալիեւը Ադրբեջանի նախագահը իր երկրում խիստ քննադատության ենթարկվեց բանակցությունների ժամանակ գորշ, միապաղաղ, հին նոմենկլատուրային ոճով հագնվելու համար: Այդ քննադատները նշում են, որ խայտաբղետ, օրը չորս անգամ փոփոխվող հագուստը հակառակորդին ապակողմնորոշում է ու ստիպում սխալներ գործել: Ուրեմն, մեր բանակցողները պետք է Ժնեւում աչալուրջ լինեն. եթե հանկարծ Ալիեւը հայտնվի նարնջագույն կոստյումով եւ կանաչ գուլպաներով, իմացեք՝ դա ադրբեջանական դիվանագիտության գաղտնի զենքն է: Վարդան Օսկանյանը Դիվանագիտական գաղտնապահության մի անզուգական օրինակ դրսեւորեց ՀՀ արտգործնախարարը: Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե ինչ էր, այնուամենայնիվ, Քի Ուեսթում անում Լոռվա մարզպետ Հենրիկ Քոչինյանը, պրն Օսկանյանն ասաց, թե մարզպետը Ֆլորիդայում իր համայնքի հետ կապված խնդիրներ ուներ եւ այնտեղ էր հայտնվել պատահաբար: Այստեղից կարելի է ենթադրել, որ Լոռին եւ Ֆլորիդան քույր մարզեր են (ասում են, Ամերիկայում կա նույնիսկ «շաշ ֆլորիդցի» արտահայտությունը), եւ, հետեւաբար, երբ նախագահական ինքնաթիռը վայրէջք կատարեց Քի Ուեսթում, պատվիրակության անդամները պատահաբար հայտնաբերեցին, որ արմավենիներից մեկի տակ նստած՝ Հենրիկ Քոչինյանը իր պաշտոնակցի հետ Լոռվա խնդիրներն է լուծում: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել