«Ցուցմունքների տեսականին» խառնաշփոթ չի առաջացնի «Հոկտեմբերի 27»-ի գործով ամբաստանյալ Սարգիս Եթիմյանը երեկ դատական հերթական նիստը սկսելուն պես հանդես եկավ կարճ հայտարարությամբ, ըստ որի՝ ինքը «կապ չունի» սույն գործի հետ, եւ խնդրեց. դահլիճից ռեպլիկներ չլինեն։ Ժամը 11.05-ից մինչեւ 15.30-ը տեւեց 197 էջանոց «Փրկության ծրագրի» հրապարակումը։ «Առավոտը» դիմեց Սարգսյանների ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Ջանոյանին, թե «դատարանն արդյոք ճի՞շտ վարվեց «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործության հետ կապ չունեցող, ապացուցողական նշանակություն չունեցող վերոնշյալ «Ծրագիրը» հրապարակելով»։ Պրն Ջանոյանն ասաց. «Դատարանը չէր կարող թույլ չտալ, որովհետեւ դրանք արդեն իսկ տեղ են գտել նախաքննության ժամանակ Հունանյանի կողմից տրված ցուցմունքներում։ Իսկ դատաքննության փուլում պայմանը նրա բոլոր ցուցմունքների հրապարակումն է։ Միայն հետազոտմամբ կարելի է գալ հետեւության, թե որը կապ ունի, որը չունի, որն է վերաբերում ապացուցողական նշանակության գործի կարեւոր հանգամանքներին, որը երկրորդական է եւ այլն։ Ես կարծում եմ, որ դատարանը ղեկավարվում է օրենքով, որ պետք է հրապարակվի Հունանյանի բոլոր ցուցմունքները»։ Մեր այն հարցին, թե «Դա նախադեպ չի՞ ստեղծում, թե մեկ այլ «փրկչական» ծրագիր չի մատուցվի ամբաստանյալի կողմից՝ որպես ցուցմունք», պրն Ջանոյանը պատասխանեց այսպես. «Ես կարծում եմ, որ նման իրավիճակ չի առաջանա, որովհետեւ դատաքննությանը ներկայացված Հունանյանի բազմաէպիզոդ, բազմագույն, բազմերանգ ցուցմունքների այս ամբողջ տեսականին խառնաշփոթության հավակնություն չունի դատաքննության համար։ Նա հավանաբար ունեցել է այդպիսի միտում, ինչը վերջնական նպատակին չի ծառայել։ Ես կարծում եմ, դատաքննությունը օրենքով նախատեսված չափանիշներով հստակ կտարբերակի։ Մենք ունենք դրա հնարավորությունները»։ Երեկ մեղադրողներ Գ. Ավետիսյանը, Հ. Մարտիրոսյանը, Ա. Եղիազարյանը, Ա. Հարությունյանը հրապարակեցին Նաիրի Հունանյանի 2000 թ. փետրվարի 26-ի, 19-ի, 21-ի, մայիսի 9-ի, 19-ի ցուցմունքները։ Վանո Սիրադեղյանի մասին հարցաքննությունը ԱԱՆ-ում 2000 թ. փետրվարի 26-ին ԱԱՆ-ում տեղի է ունենում Ն. Հունանյանի հերթական հարցաքննությունը։ Եթե նկատի ունենանք այն, որ ԱԱՆ իրենց տեղափոխելու ցանկությունը հայտնել էր Ն. Հունանյանը հանձնվելիս, ապա, ցուցմունքներ տալու առումով, կարծես նրան ոչինչ չի խանգարել՝ պնդելու այն, ինչ կամեցել է։ Այլ խոսքով՝ «ԱԱՆ-տան» պատերը օգնել են նրան այսպես. Վանո Սիրադեղյանին Ն. Հունանյանը ճանաչել է 1988-ից։ «Սկսած 1989 թ. Վ. Սիրադեղյանի գործողությունները համարել եմ եսակենտրոն, արկածախնդրական, շահամոլական եւ, ի վերջո, կործանարար Հայաստանի համար»,- ասում է նա այդ ժամանակ, «գնահատելով» Սիրադեղյանի ՆԳՆ գործողությունները «հակաօրինական ու հանցավոր»։ Վանո Սիրադեղյանի եւ հոկտեմբերի 27-ի ոճրագործության ծրագրավորման, իրենց հետ նրա հնարավոր կապի առնչությամբ ամբաստանյալ Նաիրի Հունանյանը գրել էր. «Հոկտեմբերի 27-ի դեպքերին եւ դրան նախորդող շրջանում ես նրա հետ որեւէ առնչություն չեմ ունեցել։ Եվ հետեւաբար, Վանո Սիրադեղյանը որեւէ մասնակցություն չի ունեցել դեպքերին»։ Հետեւել էր քննիչի հետեւյալ հարցը. «Այսինքն, Վ. Սիրադեղյանը որեւէ առնչություն չի ունեցել, քանի որ դուք նրա հետ չե՞ք հանդիպել»։ Ն. Հունանյանը պատասխանել էր. «Ես հաստատ գիտեմ, որ Վանո Սիրադեղյանը հոկտեմբերի 27-ի դեպքերին մասնակցություն չի ունեցել»։ «Ստեղծվելիք կազմակերպության մտասեւեռումով» Սիրիահայ Ղազարին, որին ճանաչել է Ն. Հունանյանը 1989 թվականից (ՀՅԴ անդամ, հետագայում հեռացրել են), հանդիպել է 3-4 անգամ։ «Ուզեցի նրան էլ տեսնել ստեղծվելիք կազմակերպության մտասեւեռումով»,- գրել էր նա եւ ապա իր նախաքննական ցուցմունքում ասել, որ այդ ժամանակ էլ «ուրվագծվում էր «Հոկտեմբերի 27»-ի սխեման»։ 2000 թ. մայիսի 5-ի ցուցմունքներում ամբաստանյալը խոսում է ԱԺ սպանդի մասին, պնդում, որ ինքը կրակել է Կարեն Դեմիրճյանի, Յուրի Բախշյանի, Ռուբեն Միրոյանի վրա։ «Չգիտեմ, քանի փամփուշտ եմ կրակել»,- ասել էր նա եւ ապա արդարացել, թե թիկնապահի տեղ ընդունելով է Ռ. Միրոյանի վրա կրակել… Երբ հարցաքննության ժամանակ խոսք էր գնացել կառավարության անդամների եւ պատգամավորների վրա կրակելու, նրանց վիրավորելու մասին, ամբաստանյալը հայտնել էր, որ ինքը «այլ մարդկանց վրա կրակելու ցուցում չի տվել»։ «Մենք զենքից օգտվելու պատրաստվածություն չենք ունեցել, Կարենը զենքին ծանոթ է գրականությունից»,- ասել էր եւ ժխտել էր այսպիսով «հատուկ ճամբարներով» անցնելու մասին ակնարկը։ Ի դեպ, մայիսի 9-ի ցուցմունքում նա իր «տպավորությունն» է հայտնում քննիչներից (ուշադրություն դարձրեք, դարձյալ ԱԱՆ-ում), թե. «Ինձնից քննիչները կարծես ակնկալում էին, որ ես տամ Ռոբերտի անունը»։ Դատական նիստից երեկ դարձյալ բացակայում էր հոգեբանը եւ, որովհետեւ հոգեբան հրավիրելու միջնորդությունը փաստաբան Տ. Ջանոյանն էր արել, դիմեցի վերստին նրան։ Նա պատասխանեց. «Ամբողջ խնդիրն այն է, որ մենք պնդել էինք՝ հոգեբանական փորձաքննություն նշանակվի, բայց դատարանը փոփոխումով բավարարեց, հոգեբան ներգրավելով՝ որպես մասնագետի, որը եզրակացություն տալու իրավունք չունի, այլ միայն կարծիք։ Նրանց դատարան ներկայանալու հաճախականությունը մեզ վերջնականապես համոզում է, որ այդ հարցը սկզբունքորեն առաջ քաշվի։ Դրա համար հարմար պահ ու ժամանակ կընտրենք»։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ