Լրահոս
Օրվա լրահոսը

Հարցազրույց

Ապրիլ 14,2001 00:00

ԱՎԵԼՈՐԴ ԱՂՄՈՒԿ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԲԱՐՁՐԱՑՆԵԼ Հարցազրույց ԱԺ փոխխոսնակ Գագիկ Ասլանյանի հետ ԱԺ փոխխոսնակ Գագիկ Ասլանյանի կարծիքով, քաղաքական վերադասավորումներից որեւէ լավ բան սպասել չի կարելի. «Իմ կարծիքն այն է, որ «Միասնություն» դաշինքը պետք է պահպանվի, քաղաքական վերադասավորումները որեւէ դրական բանի չեն հանգեցնի, անկանխատեսելի գործընթացներ կարող են լինել եւ այսօր մենք իրավունք չունենք նման շռայլություն թույլ տալ։ Առավել եւս, դա կարող է իր հետեւից բերել արտահերթ ընտրություններ, որի ժամանակը չէ, եւ պետությունն այսօր պետք է իր ամբողջ ուշադրությունը կենտրոնացնի տնտեսության աշխուժացմանը»։ Որոշ քաղաքական ուժեր պնդում են, թե «Միասնությունը» գործում է միայն ստատուս-քվոների պահպանման պարագայում, մնացյալ դեպքերում, խորհրդարանում, որպես այդպիսին, մեծամասնությունը չի գործում. «Ես համամիտ չեմ այդ կարծիքին, եւ հիմքեր չկան այդպես կարծելու։ Հաճախ են շահարկում ԲԷՑ-երի մասնավորեցման հարցը, դա սկզբունքային հարց է։ Ի դեպ, մասնավորեցման առումով հանրապետական եւ ժողովրդական կուսակցությունների միջեւ սկզբունքների տարբերություն չկա։ Երկուսն էլ գտնում են, որ ԲԷՑ-երի համար մասնավորեցումը ճիշտ ճանապարհ է, բայց ամբողջ հարցն այն է, որ եղել է նաեւ «Միասնության» որդեգրած քաղաքականությունը, ըստ որի՝ ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտները պետք է լինեն պետության հսկողության տակ։ Մենք դեմ չենք ԲԷՑ-երի մասնավորեցմանը, բայց գտնում ենք, որ հսկիչ փաթեթը պետք է լինի պետության ձեռքում։ Այս հարցում մենք չենք շեղվել ե՛ւ ծրագրից, ե՛ւ մեր սկզբունքներից։ Այլ հարց է՝ արդյո՞ք ժամանակն էր հարցը բարձրացնել, երբ արդեն օրենքն ընդունված էր, եւ ՀԺԿ-ն դեռ այն ժամանակ արտահայտել էր իր դիրքորոշումը, որը պահպանվում է առայսօր եւ չի փոխվի երբեք։ Այլ հարց է աղմուկ բարձրացնել այն պահին, երբ մրցույթը պետք է տեղի ունենա եւ նախօրոք հայտնի է, որ ոչինչ չի փոխվելու, այդ խաղի մեջ մենք չէինք պատրաստվում մտնել։ Մենք դեմ էինք ստորագրահավաքին, հանրահավաքի կազմակերպմանը եւ այլն»։ ԱԺ փոխխոսնակի գնահատմամբ, այդ ամենը ուղղակի նախընտրական քարոզչություն էր որոշ կուսակցությունների համար. «Սա ընդամենը քաղաքական խաղ էր, որի մեջ փորձեցին ներքաշել ՀՀԿ-ին եւ ՀԺԿ-ին՝ հանրապետության ներքաղաքական կյանքում լարվածություն մտցնելու նպատակով»։ ՀԺԿ-ն չի թաքցնում, որ դեմ է քվեարկելու նաեւ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքին։ Այս մասին պրն Ասլանյանն ասաց. «Քաղխորհրդում չի քննարկվել եւ որոշում չի կայացվել, որ ՀԺԿ-ն դեմ է քվեարկելու։ ՀԺԿ-ն շատ է կարեւորում այս օրենքի ընդունումը, եւ դրանով է պայմանավորված մեր մեծ հետաքրքրությունն այս օրենքի նախագծի նկատմամբ։ Եվ ՀԺԿ-ն եւ ՀՀԿ-ն տեսնում են որոշակի թերություններ։ Մենք առաջարկում ենք մեր տարբերակները։ Մենք մասնակցելու ենք օրենքի նախագծի քննարկումներին։ Կարծում եմ, համատեղ քննարկումների արդյունքում կգտնենք լավագույն լուծումը»։ Ասում եք՝ սա խաղ էր, բայց տպավորությունն այնպիսին է, թե խաղը դեռ չի ավարտվել։ Ո՞ր ուժերին է ձեռնտու խաղը եւ ինչո՞ւ. «Այն ուժերին, որոնք այսօր չեն ուզում իշխանական թեւերում տեսնել «Միասնության» ներկայացուցիչներին։ Ես կուսակցությունների անուններ չեմ տա, ես կասեմ ուղղակի մոտեցումները։ Դրանք ուժեր են, որոնց ձեռնտու չէ կայուն վիճակը հանրապետությունում։ Այդ ուժերը ամեն անգամ սադրանք են հրահրում, որոնց ցավոք տուրք են տալիս»։ «Միասնությունը» իրականում պետք է լինի «Հոկտեմբերի 27»-ի թիվ մեկ պահանջատերը։ Որքանով կարող են ճիշտ լինել այն պնդումները, թե «Միասնությունը» քանդելու փորձերը ուղղված են հենց «Հոկտեմբերի 27»-ի պահանջատիրոջ դեմ. «Այն ժամանակ էլ մենք ասել ենք, հիմա էլ կրկնում եմ. «Հոկտեմբերի 27»-ի կրակոցներն ուղղված էին «Միասնություն» դաշինքի դեմ։ Եվ շարունակությունն ամեն անգամ գնում է այդ ուղղությամբ՝ թուլացնել դաշինքը։ Դա ստացվեց, ինչ-որ տեղ, հանրապետականներից Երկրապահի անջատումով, հիմա էլ Հանրապետականի եւ ՀԺԿ-ի մեջ են փորձում սեպ խրել»։ Հնարավո՞ր է, որ այդ «սեպը» փորձի խրվել նաեւ Ժողովրդական կուսակցության ներսում եւ ներկուսակցական խմորումներ սկսվեն նաեւ ՀԺԿ-ում. «Մամուլում, հեռուստատեսությամբ հաճախակի առիթը բաց չեն թողնում սադրանքներ հրահրել նաեւ ՀԺԿ-ն թուլացնելու համար։ Եվ դա իր արձագանքը գտավ նաեւ կուսակցության տարածքային կազմակերպություններում»։ Նախորդ օրը տեղի ունեցավ ՀԺԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստը, որին մասնակցում էին հանրապետության բոլոր տարածքային կազմակերպությունների քարտուղարները։ Միանշանակ երեւաց կուսակցության միասնականությունը։ Փաստվեց, որ ԲԷՑ-երի հետ կապված եւս կուսակցությունը միասնական է։ Տարածքային կազմակերպությունները միահամուռ պաշտպանեցին կուսակցության ղեկավարության դիրքորոշումը։ Ավելորդ աղմուկ ոչնչից չի կարելի բարձրացնել։ Սա եղավ նաեւ մեր պատասխանը որոշ լրատվամիջոցների պահվածքին»։ Գագիկ Ասլանյանի պնդմամբ՝ ՀԺԿ-ում որեւէ ներքին հակասություն չկա, կուսակցությունը միասնական է եւ նրանց, ովքեր պնդում են, թե ՀՀԿ-ն կհամագործակցի ՀԺԿ որոշ պատգամավորների հետ, խորհուրդ տվեց. «Ես ուզում եմ միանշանակ ասել, որ կուսակցությունը միասնական է եւ միասնական կա՛մ կհամագործակցի, կամ միասնական չի համագործակցի»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել