ԱԺ-ՈՒՄ ԴԵՄ ՉԵՆ ՄԵՂՐԻՈՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆԸ Սակայն բոլոր խորհրդարանական ուժերն առաջադրում են նույն նախապայմանը՝ այսպես կոչված «Մեղրիի միջանցքը» պետք է վերահսկեն միայն Հայաստանի զինված ուժերը։ Բացի այդ՝ ակնկալում են այդ ուղիների վերաբացման դիմաց Ղարաբաղի կարգավիճակի հստակեցում։ Շաբաթներ առաջ «Հայաստան» խմբի ղեկավար Մյասնիկ Մալխասյանը միակն էր, որ հաստատ համոզմունք էր հայտնում, թե Քի Ուեսթում նախագահներն ընդհանուր համաձայնության են գալու եւ լուծումն էլ մասնավորապես այն է լինելու, որ Ադրբեջանին Մեղրիով ճանապարհ կտրվի դեպի Նախիջեւան։ Եվ բավական անակնկալ էր երկրապահներից լսելը, թե իրենք դեմ չեն այդ տարբերակին, եթե դա բերելու է տարածաշրջանում երկարատեւ խաղաղության հաստատմանը։ Իսկ հենց նման տեսակետ հայտնեց ոչ միայն պրն Մալխասյանը, այլ նաեւ Ալբերտ Բազեյանը։ «Հանրապետություն» կուսակցությունում վերջինիս կուսակից եւ «Հայաստան» խմբի քարտուղար Արա Կետիկյանը «Մեղրիի միջանցքի» վերաբերյալ մեր հարցին ի պատասխան սակայն ասաց. «Մեր վերաբերմունքն արտահայտված է ԵԿՄ-ի հայտարարության մեջ, որտեղ հստակ ասված է, որ բանակցությունների առարկա չի կարող դառնալ Հայաստանի Հանրապետության որեւէ տարածք»։ Իսկ Մյասնիկ Մալխասյանի եւ Ալբերտ Բազեյանի հայտարարությունների առնչությամբ մեր հարցին ի պատասխան էլ ասաց. «Միանգամայն համամիտ եմ նրանց հետ այն առումով, որ մինչեւ հակամարտությունը կային հաղորդակցական որոշ ուղիներ։ Դրանք կարող են գործել, իհարկե, մեզ համար որոշ խնդիրների լուծումից հետո։ Բայց դրանք միանշանակ պետք է գտնվեն մեր վերահսկողության տակ։ Մեր պետությունը կարող է երաշխավորել դրանց անվտանգ գործունեությունը»։ Ի դեպ, հաղորդակցության ուղիների տրամադրման հանդեպ բարեհաճ են նաեւ անզիջում դաշնակցականները։ ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանը հայտարարել էր, թե «բնական է ու տրամաբանական, որ, ի վերջո, հեռանկարում պիտի բնականոն գործեն Հարավային Կովկասի բոլոր հաղորդակցությունները»։ Եվ հավելել, թե մյուս կողմից՝ «Նախիջեւանից Ադրբեջան որեւէ հաղորդակցություն չի կարող մեզ համար ընդունելի լինել, եթե դա լինելու է Հայաստանի ինքնիշխանության, ազգային եւ պետական անվտանգության հաշվին»։ Հաղորդակցությունների բացման հեռանկարի շուրջ մեր զրույցի ընթացքում «Միասնություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը բավական կոշտ դիրքորոշում հայտնեց. «Ղարաբաղյան խնդիրը պիտի չառնչվի Հայաստանի սահմանային տարածքներին։ Այսինքն, ոչ մի զիջում մեզ համար ընդունելի չէ։ Եվ երբեք չենք մտածում, որ Մեղրիին առնչվող որեւէ խնդիր կլինի։ Որոշակի քննարկումներ կարող են լինել միայն այս բովանդակությամբ. եթե Ղարաբաղի կարգավիճակի խնդիրը լուծվի այնպես, որ ընդունելի լինի Հայաստանի եւ Ղարաբաղի համար՝ նման դեպքում կմտածենք ճանապարհների անվտանգությունն ապահովելու մասին»։ Սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Արամայիս Բարսեղյանը փոխանցեց ՀԺԿ-ի դիրքորոշումը, թե ճանապարհի բացման պարագայում՝ «այն կարող են վերահսկել միայն Հայաստանի զորքերը։ Որեւէ այլ երկրի զինված կազմավորումներ չեն կարող վերահսկել այդ կամուրջը կամ տարածքը»։ Մեկ այլ ՀԺԿ-ական՝ պետաիրավական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Գրիգոր Հարությունյանը խնդրին անդրադարձավ միայն որպես մեղրեցի եւ Մեղրիից ընտրված պատգամավոր. «Ցանկացած երկիր ու տարածք միշտ պետք է ձգտի դառնալ տրանզիտ տարածք, քանի որ դա լավ է ե՛ւ տվյալ տարածաշրջանի զարգացման, ե՛ւ տնտեսության համար։ Հարցի երկրորդ կողմն է, թե՝ ով է վերահսկելու, ում հսկողության տակ է լինելու՝ մե՞ր, թե՞ մեկ ուրիշի։ Կարծիքս միանշանակ այն է, որ տարածքը պետք է վերահսկվի միայն ու միայն ՀՀ-ի կողմից։ Այդ պարագայում շատ ուրախ կլինեմ, որ ե՛ւ նավթամուղը, ե՛ւ կառուցվելիք գազամուղն անցնեն Մեղրիով։ Վերջապես մեզ դրա համար վճարելու են՝ մենք էլ պարտավոր կլինենք ապահովել դրանց անվտանգությունը։ Եթե չապահովենք՝ թող համապատասխան տուգանք կամ տնտեսական պատժամիջոցներ կիրառեն»։ «Իրավունք եւ միաբանություն» խմբակցության անդամ Աղասի Արշակյանի տեսակետն էլ համահունչ էր վերոհիշյալ կարծիքներին. «Եթե այդ հաղորդակցական ուղիները չեն խոչընդոտելու Հայաստանի անկախությանը եւ դրա դիմաց Ղարաբաղի կարգավիճակի խնդիրը կլուծվի, շրջափակումը կվերացնեն՝ իհարկե, դեմ չենք լինի»։ ԱԺՄ խմբակցության անդամ Ֆիլարետ Բերիկյանը նշեց, որ այս հարցն իրենք քննարկել են ե՛ւ ԱԺՄ վարչությունում, ե՛ւ խմբակցությունում. «Հաղորդակցությունների տրամադրում» տերմինը լավ ընկալելի չէ. մենք կողմ ենք, որ ընդհանրապես բոլո՛ր ճանապարհները բոլո՛րը բաց պահեն։ Ամեն մի պետություն իր տարածքում ինքնիշխանություն ունի այդ բոլոր ճանապարհների վրա։ Եվ ուղղակի պարտավոր է ինքն ապահովել դրանց անվտանգությունը։ Միայն այդ պայմաններով մենք կարող ենք ե՛ւ Թուրքիային, ե՛ւ Ադրբեջանին մեր տարածքով ճանապարհներ տրամադրել։ Ինչպես (կարծեմ՝ 1993-ին) Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ Նախիջեւանի համար բաց է Իջեւանի ճանապարհը եւ մենք՝ որպես պետություն ապահովում ենք այդ ճանապարհի անվտանգությունը։ Նույնը կարելի է Մեղրիով, Սիսիանով, Գյումրիով։ Բայց միայն ու միայն Հայաստանի ինքնիշխանությունը պահպանելով։ ՄԱԿ-ի կամ այլազգի ոչ մի զինվոր Հայաստանի տարածքում չպիտի՛ լինի»։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ