Լրահոս
Օրվա լրահոսը

Դեռեւս 90-ականներին, երբ ընդհատվեցին Ռուսաստան- Վրաստան եւ Հայաստան-Ադրբեջան երկաթուղային կապերը, եր

Ապրիլ 13,2001 00:00

Երկաթուղին՝ 10 տարի առաջ եւ հետո Դեռեւս 90-ականներին, երբ ընդհատվեցին Ռուսաստան- Վրաստան եւ Հայաստան-Ադրբեջան երկաթուղային կապերը, երկար ժամանակ չէր գործում նույնիսկ լաստանավային անցումը եւ Հայաստանը միայն Վրաստանի միջոցով էր բեռնափոխադրումներ իրականացնում։ Իսկ Իլյիչով-Փոթի-Բաթում երթուղին միայն 98թ. շահագործման հանձնվեց եւ, քանի որ դրա ծավալներն էլ այնքան մեծ չէին, փոխադրման արժեքն էլ բավականին բարձր էր եւ հանրապետության արտադրական կարողություններն էլ խիստ սահմանափակ էին, ուստի երկաթուղու բեռնափոխադրման եւ ուղեւորափոխադրման ծավալները սկսեցին նվազել, ինչն էլ ՀՀ երկաթուղու դեպարտամենտի պետ Արարատ Խրիմյանի խոսքերով, «պայմանավորված է նրանով, որ այն տարիներին ամբողջ տնտեսությունը հիմնված էր երկաթուղու վրա»։ Հայաստանի երկաթուղու դեպարտամենտը ներկայումս երկաթուղային եւ լաստանավային ուղիղ կապեր ունի ԱՊՀ բոլոր երկրների, ինչպես նաեւ՝ եվրոպական որոշ պետությունների հետ։ Բեռները ի սկզբանե տեղափոխվում են Փոթի կամ Բաթում, այնուհետեւ՝ լաստանավով փոխադրվում մինչեւ Իլյիչով կամ Վառնա, որտեղից էլ՝ մնացած բոլոր պետություններ, այդ թվում՝ նաեւ եվրոպական։ Պրն Խրիմյանը նշեց նաեւ, որ «տարածաշրջանում նույնպես բեռնափոխադրումները կատարվում են բոլոր ուղղություններով, բացառությամբ Իջեւանի (քանզի այնտեղի երկաթուղային կապը դեռ վերանորոգման կարիք ունի)։ Հիմա կայարաններում ստեղծվել են նաեւ ընդհանուր օգտագործման կետեր, որոնք զբաղվում են վագոններ բեռնելով եւ բեռնաթափելով, իսկ հարկ եղած դեպքում հասցնում են նաեւ պահանջված վայրը։ Չնայած վերոնշյալ ծառայությունները Երկաթուղու դեպարտամենտը չի իրականացնում, սակայն կան բազմաթիվ մասնավոր կազմակերպություններ, որոնք բավականին ցածր գներով կատարում են այդ աշխատանքները»։ Իսկ ինչ վերաբերում է ներհանրապետական ուղեւորափոխադրմանը, տեղեկացանք, որ երկաթուղային էլեկտրագնացքների գրաֆիկը տարածաշրջանում իրականացվում է Երեւան-Արաքս, Երեւան-Երասխ, Արաբկիր-Հրազդան (ամռան ամիսներին՝ նաեւ մինչեւ Շորժա), Գյումրի-Երեւան, Գյումրի-Պեմզաշեն, Գյումրի-Այրում ուղղություններով, ինչպես նաեւ կա մի էլեկտրագնացք Արմավիր-Արշալույս երթուղով, որը սպասարկում է ատոմակայանը։ Գործում է նաեւ միջպետական Երեւան-Թբիլիսի երթուղին, որը 1999-ի սեպտեմբերին վերանորոգվեց ԱՊՀ երկրների պահանջներին համապատասխանող ստանդարտներով։ Տեղեկացանք նաեւ, որ այս տարվա մայիսին կսահմանվեն ուղեւորափոխադրման նոր սակագներ, որոնք կլինեն միջինից ցածր։ Ա. ԴԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել