Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում օրենքներն այնքան շատ, այնքան հաճախ են խախտվում, որ

Ապրիլ 13,2001 00:00

ՄԵՌՆԵԼ ԳՈՎԱԶԴԻՑ Հայաստանում օրենքներն այնքան շատ, այնքան հաճախ են խախտվում, որ այլեւս որեւէ օրինախախտման մասին խոսելն ու գրելը, թվում է, թե անիմաստ պայքար է հողմաղացների դեմ։ Օրենքը խախտում են մեծից փոքր, իշխանության ամենավերին օղակների ներկայացուցիչներից մինչեւ բոմժերն ու մուրացիկները։ Պետությունն ու նրա օրենքները չհարգելը մեր մեջ գեներով է մտած։ Սակայն մինչեւ փոխվի օրինախախտների գենետիկ կոդը եւ ի ծնե, ի բնե անօրեններից վերածվենք իրավական երկրի օրինապաշտ քաղաքացիների, ժամանակ է պետք։ Ու այդ ժամանակն անօգուտ չանցկացնելու համար հարկ է միջոցներ ձեռնարկել՝ գոնե սկզբնական շրջանում պատժամիջոցների ազդեցությամբ օրենքը ոտնահարելու անզուսպ ցանկությունը մարդկանց միջից հանելու համար։ Այլապես երբեմն մարդուն շատ ավելի ձեռնտու է օրենքը խախտել, ապա ինչ-ինչ չնչին տուգանքներ մուծել, քան գիտակցաբար հետ կանգնել այդ մտքից։ Թողնենք, սակայն, իրավական հասարակարգ ստեղծելու հրատապ խնդիրը՝ իրավապաշտպաններին ու պետության ջոջերին։ Խոսենք սովորական, շարքային քաղաքացուն անհանգստացնող օրինախախտման մասին, որպիսին է «Գովազդի մասին» ՀՀ օրենքի ամենօրյա, ամենժամյա խախտումը։ Խախտելով «Գովազդի մասին» օրենքի հատկապես 9-րդ հոդվածի 1 եւ 2 կետերը, մեր գովազդատուները եւ նրանց եթեր տրամադրողները բառացիորեն սղոցում են հազարավոր հեռուստադիտողների առանց այդ էլ ոչ այնքան լավ վիճակում գտնվող նյարդերը։ Հիշյալ հոդվածում սեւով սպիտակի վրա գրված է. «Արգելվում է մինչեւ 20 րոպե տեւողությամբ հեռուստահաղորդումներում մեկ անգամից ավելի գովազդային ընդհատումը։ Արգելվում է ռադիոհեռուստատեսային հաղորդման ընթացքում հեռարձակել գովազդ՝ ավելի քան 20 րոպեն մեկ հաճախականությամբ եւ յուրաքանչյուր մեկ եթերային ժամի հաշվով 10 րոպեից ավելի տեւողությամբ»։ Բավական չէ, որ հայկական հեռուստաեթերի գրեթե բոլոր ալիքներում այս արգելքները չեն գործում եւ «20 րոպեն մեկը» լավագույն դեպքում «10 րոպեն մեկն» է, իսկ վատագույն դեպքում՝ «5 րոպեն մեկ», իսկ մեկ ժամվա ընթացքում գովազդի եթերաժամային քանակն ընդհանուր հաշվով 20-25 րոպե հանգիստ կկազմի (նշված 10 րոպեի փոխարեն), դեռ ավելին՝ մեզ մատուցված գովազդն այնքան տափակ է, որ հակագովազդ է դառնում։ «Ընտանեկան լոտոյի» ապրիլյոթյան խաղարկության գովազդն այնպիսի հաճախականությամբ էր եթեր դուրս գալիս, որ հեռուստադիտողներն արդեն անգիր գիտեին, թե երեք աղջիկներից որ մեկը որ պահին է վանող ձայնով խնդմնդալու կամ հակառակը՝ անհասկանալի պատճառով թախծելու եւ միայն վիճակախաղի տոմսը տեսնելուն պես անհեթեթորեն ուրախանալու։ Ափսոս չե՞ն այդ աղջիկները։ Ամբողջ մարտ ամսվա ընթացքում հեռուստաեթերի գրեթե բոլոր ալիքներից 10 րոպեն մեկ լացող ու ծիծաղող այս աղջիկների, ապա նաեւ Հակոբ Ռուբինյանի սպառնալիքների՝ «Ծառ տնկելու եւ երեխա ունենալու հարցում ձեզ օգնել չենք կարող», ձեռքը կարծես կրակն էինք ընկել։ Սակայն ո՞ւր էր, թե միայն դա լիներ (չնայած քանակի առումով ընտանեկան գովազդները տառացիորեն հոգեկան խանգարումների էին հասցնում)։ Հետ չմնալու ցանկությամբ մեր հոգին ուտում էին «Բարի լոտոն»՝ Վարդանի մետաղյա ձայնով՝ «բարիքներ շա՜տ են լինելու», Հրանտի անլուրջ դեմքը՝ «քարե՜ր, ո՞ւր եք» եւ, իհարկե, շա՜տ անհամ «Համով լոտոն»։ Բնական է, որ նրանք չեն վախենում այդքան հաճախ գովազդային ընդհատումների համար պատժվելուց. ըստ էության, նրանց որեւէ լուրջ պատիժ չի էլ սպառնում՝ ամենաշատը նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով տուգանք։ Բայց չէ՞ որ գովազդների եւ լոտոների խաղարկությունների հաշվին նրանք շատ ավելին են շահում։ Սակայն մի բանից, այնուամենայնիվ, մեր բարի, համով, TV, ընտանեկան լոտոները պիտի վախենան՝ իրենց տոմսերի պոտենցիալ գնորդների վրա այս համատարած գովազդարշավը լրիվ հակառակ ազդեցությունն է թողնում։ Բազմաթիվ մարդկանցից ինքս եմ լսել՝ «շատ կուզենայի քրոջս (կնոջս, մորս, ընկերուհուս…) «Ընտանեկան լոտո» նվիրել ապրիլի 7-ի առթիվ, բայց, պատկերացնելով, որ իմ տված փողով նրանք մի էսպիսի աբսուրդ արշավ էլ պիտի ծավալեն, ասենք, մայիսի 1-ի, մայիսի 9-ի եւ, Աստված մի՛ արասցե, ապրիլի 24-ի առիթով, փոշմանում եմ»։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ Հ. Գ. Ապրիլյոթյան խաղարկության սպանիչ գովազդարշավը դեռ չավարտված, սկսվել է մայիսմեկյանի գլխացավանքը։ Ի՜նչ լավ պրծանք, որ ապրիլի 24-ի առթիվ խաղարկություն չեն անցկացնում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել