Թիվ մեկ «ընտրականը» Ցանկացած պարագայում, սահմանադրական դաշտը կկարգավորվի հիմա, թե հետո, հանրապետության նախագահը եւ ԱԺ-ն պարտավոր են ամենաօպերատիվ կերպով ապահովել թիվ մեկ «պրոֆիլակտիկ» խնդրի լուծումը՝ գործող Սահմանադրության շրջանակում «Ընտրական օրենսգրքի» ժամանակավոր (միջանկյալ) կանոնակարգումը։ Խնդիր, որը պետք է առավելագույնս արտահայտի այսօրվա հասարակական տրամադրությունները։ Քաղաքագիտական այբուբենից, ինչպես եւ հասարակական երեւույթների տարրական ընկալման տեսանկյունից՝ վերոնշյալ պարբերության շեշտադրումը, պաշտոնական՝ պետաքաղաքական վերընթերցմամբ մատուցվում է մոտավորապես այսպես. սահմանադրական անհրաժեշտ բարեփոխումների (՞) փաթեթը հանրաքվեի կդրվի ոչ շուտ, քան 2002թ. ամռանը, իսկ «Ընտրական օրենսգրքի» միայն մասնակիորեն նորացված տարբերակը կգործի… 2003-ից։ (Ամեն «նորացում» կամ հարցականով համեմված որակում դեռեւս բարեփոխում չէ)։ Ահա եւ սպառվեց… հասարակական պահանջը։ Սպառվեց՝ բացառապես քաղաքական սպեկտրում։ Ասել է թե՝ իշխանատենչ մտքի համար հասարակական պահանջը դա նույն՝ նեղ քաղաքական շահախնդրությունն է։ Կան նաեւ երեւույթը սրբագրող (օրինականացնող) իրավագիտության «հարմար» ռահվիրաները, որոնք չեն վարանում ցինիկաբար ուսուցանել մնացածներիս, թե, զորօրինակ, Սահմանադրությունն առաջնահերթ քաղաքական փաստաթուղթ է։ Սահմանադրությունն իրավաբանորեն ամրագրում է տվյալ հասարակարգի զարգացման հասարակական, այն է՝ պետաիրավական (համակարգային) եւ սոցիալական համապարփակ մոդելը։ Ուրեմն, այն առաջնահերթ հասարակական-իրավական փաստաթուղթ է։ Միայն այն դեպքում, երբ նրանում (հիմնական փաստաթղթում) նպատակային սահմանափակվում է մարդու իրավունքների շրջանակը կամ աղավաղվում իշխանության տարբեր թեւերի ձեւավորման (ֆունկցիոնալ տարանջատում եւ գործողության ազատություն) դեմոկրատական թե քաղաքակիրթ իրավական նորմերը, Սահմանադրությունն առաջնահերթ ներկայանում է որպես քաղաքական փաստաթուղթ։ Նույն տրամաբանությունն է գործում նաեւ «Ընտրական օրենսգրքի» դեպքում։ Եթե այն կոչված է համահարթելու աղճատված հասարակական-քաղաքական դաշտը, ուրեմն առկա է իրավա-հասարակական փաստաթուղթը։ Իսկ եթե ձեռնարկը հարմարեցվում է իշխանա-քաղաքական ինտրիգների տրամաբանությանը, ապա օրենսգիրքը ներկայանում է որպես քաղաքական փաստաթուղթ։ Ավելացնենք միայն, որ նեղ քաղաքական կաղապարում գործելու «հմտությունը» դեռեւս հիմք չէ տարրական ժամանակացույցում… խճճվելու համար։ Իրոք, ծրագրվող սահմանադրական փոփոխությունները, սույնում՝ կառավարման ինստիտուցիոնալ համակարգի բարեփոխման նպատակով թելադրվող ձեւումները անխուսափելիորեն կհանգեցնեն նոր «Ընտրական օրենսգրքի» մշակման անհրաժեշտությանը։ Հետեւապես, առնվազն անհեթեթ է «օրենսգրքի» ներկայիս տարբերակում կիրարկման ժամանակացույցի՝ 2003թ. ամրագրումը։ (Այն դեպքում, երբ սահմանադրական փոփոխությունները ծրագրվում է ընդունել 2002-ին)։ Ավելին, գործող Սահմանադրության շրջանակում նորացվող թե կանոնակարգվող «Ընտրական օրենսգրքի» առաջնային եւ միակ գործառույթը՝ մինչ նոր սահմանադրական փոփոխություններն ընկած ժամանակահատվածի օպերատիվ սպասարկումն է։ Ուստի, դարձյալ շեշտենք, այն (օրենսգիրքը) առավելագույնս պետք է արտահայտի այսօր թելադրվող հասարակական պահանջը։ ՎԱՐԴԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ, քաղաքագետ