Լրահոս
Օրվա լրահոսը

1990թ. առաջին դասարան ընդունված երեխաների առնվազն 64%-ն ավարտել է 10-րդ դասարանը, իսկ դպրոցի շրջանավ

Ապրիլ 13,2001 00:00

ՄԵՆՔ ԱՖՐԻԿՅԱՆ ԵՐԿՐԻ ՄԱԿԱՐԴԱԿԻՆ ԵՆՔ 1990թ. առաջին դասարան ընդունված երեխաների առնվազն 64%-ն ավարտել է 10-րդ դասարանը, իսկ դպրոցի շրջանավարտների գրեթե 1/3-ը յուրաքանչյուր տարի ընդունվում է միջնակարգ մասնագիտական եւ բարձրագույն ուսումնական հաստատություններ (պետական կամ մասնավոր)։ Սակայն, դրա հետ մեկտեղ, պաշտոնական տվյալներով, գործազուրկների 30%-ը մինչեւ 30 տարեկան են, իսկ 35-36%-ը ունեն միջնակարգ մասնագիտական եւ բարձրագույն կրթություն։ Վիճակագրական տվյալների համաձայն, 99% գրագիտության պայմաններում աղքատության մակարդակը հասնում է 55%-ի, ինչը համեմատելի է անգրագիտության չափազանց բարձր ցուցանիշ ունեցող մի շարք աֆրիկյան եւ Արեւելյան Ասիայի երկրների հետ։ «Աղքատության նվազեցման ռազմավարական ծրագրի» շրջանակներում երեկ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ սեմինար՝ «Կրթություն, աղքատություն եւ տնտեսական ակտիվություն» թեմայով։ Այն կազմակերպել էր ՄԱԿ-ը՝ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ։ ՀՀ ԱԺ կրթության եւ մշակույթի մշտական հանձնաժողովի նախագահ Շավարշ Քոչարյանի խոսքերով, մեր ժողովրդին հուզող հարցերից մեկը կրթության զարգացման հարցն է։ Նա տեղեկացրեց, որ ապրիլի 27-ին ԱԺ-ում տեղի կունենա խորհրդարանական լսումներ՝ նվիրված կրթության զարգացման պետական ծրագրին։ Ըստ Շ. Քոչարյանի՝ մենք շատ խիստ տարբերակվում ենք մյուս երկրներից, «ունենալով շատ բարձր կրթական մակարդակ՝ մեր աղքատության աստիճանը հավասար է ամենահետամնաց երկրներին, որտեղ անգրագիտությունը շատ մեծ տոկոս է կազմում»,- ասաց նա։ Ըստ ՀՀ սոցիալական ապահովագրության նախարար Ռազմիկ Մարտիրոսյանի, հասարակությանը թվում է, թե սոցիալական ապահովագրության նախարարությունը միայն աղքատների, նպաստառուների համար է։ Ավելին, հանդիսանում է բյուջեի սպառողը։ «Մեր նախարարությունը ունի զբաղվածության ոլորտ եւ ունի շատ գործառույթներ»,- ասաց նա։ Ռ. Մարտիրոսյանի կարծիքով, կրթությունը չի կարելի տարանջատել տնտեսությունից։ Նրա տվյալներով, շուրջ 87-ի հասնող ուսումնական հաստատություններ տարեկան տալիս են մոտ 15-20 հազար շրջանավարտ, որոնք մեր աշխատաշուկայում չեն գտնում իրենց մասնագիտությամբ աշխատանք։ Պրն Մարտիրոսյանը համոզված է, որ մոտ ապագայում լուրջ խնդիրներ ենք ունենալու երիտասարդ մասնագետների հետ, որոնք աշխատանք չգտնելով կարող են հուսալքվել, ինչն էլ կարող է ազդել նրանց սոցիալական վիճակի, ընտանիքի ձեւավորման վրա։ «Այս տարի եթե մենք կարողանանք համակարգչավորել եւ ավտոմատավորել մեր ծառայությունները, կունենանք ավելի հավաստի եւ ամբողջական տեղեկատվություն աշխատաշուկայի վերաբերյալ եւ այդ աշխատաշուկայի վերլուծությունը պետք է նաեւ տալ հասարակությանը, որպեսզի հասարակությունը նույնպես կողմնորոշվի, հստակ պատկերացնի, թե որ մասնագիտությունները պահանջարկ ունեն եւ մրցունակ են աշխատաշուկայում»,- տեղեկացրեց պրն Մարտիրոսյանը։ Վերջինիս տվյալներով, այս տարի նախարարությունը աշխատելու է մի ծրագրի վրա, որի նպատակը բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտների մասին վիճակագրական տվյալներ հավաքելն է՝ «որպեսզի տեսնենք, թե յուրաքանչյուր բարձրագույն ուսումնական հաստատություն ինչպիսի մասնագետներ է պատրաստում»,- ասաց Ռ. Մարտիրոսյանը։ Նա հույս հայտնեց, որ այդ ծրագիրը շարունակական կդառնա եւ կբարձրացնի ուսումնական հաստատությունների պատասխանատվությունը։ Հաջորդ կարեւոր խնդիրը, ըստ պրն Մարտիրոսյանի, մասնագիտական կողմնորոշումն է, որը պետք է սկսել դպրոցներից. «Պետք է ստեղծել մի համակարգ, որը ռեալ խորհուրդներ կտա, կօգնի աշակերտներին ճիշտ կողմնորոշվել մասնագիտություն ընտրելու հարցում, որպեսզի հետագայում ստիպված չլինեն փոխել մասնագիտությունները»։ ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար Աիդա Թոփուզյանը խիստ կարեւորեց կրթության որակի բարձրացումը։ Նրա կարծիքով, կրթության որակն իջել է ուսուցչի ցածր աշխատավարձի, ոչ բավարար գիտելիքների, ֆինանսական ոչ բավարար վիճակի պատճառով։ Ըստ նրա, առաջնային խնդիրներն են՝ կրթության մատչելիությունը, կրթության բովանդակությունը նորացնելը, ուսուցչի խնդիրը, որից շատ բան է կախված։ «Այսօր ուսուցիչը պետք է լինի ոչ թե գիտելիք տվող, այլ գիտելիքի միջոց, աղբյուր»,- ասաց նա։ Տիկին Թոփուզյանի կարծիքով, շատ կարեւոր է կրթությունը համապատասխանեցնել երկրի պահանջներին, գիտակցել՝ մրցունա՞կ է, արդյոք, տվյալ մասնագիտությունը այսօրվա աշխատաշուկայում։ ՀԱՍՄԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել