Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ

Ապրիլ 13,2001 00:00

ՉԻՆՈՎՆԻԿԻ ԵՎ ԳՐԱՍԵՂԱՆԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ԱՆ կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի շուրջ ծավալվող իրադարձությունները գնալով ավելի հետաքրքիր են դառնում։ Օրեր առաջ տեղեկացել էինք, որ ինս տիտուտի կոլեկտիվը դիմել է ԱԺ աշխատակազմի իրավաբանական ծառայություն՝ հավաստիանալու ինստիտուտի սեփականաշնորհման օրինականության մեջ։ ԳՀԻ-ում թեեւ պատրաստվում են այդ գրությանը՝ արդեն ստացված պատասխանի հիման վրա դիմել են ՀՀ վարչապետին, սակայն մեզ համար գաղտնազերծել այդ պատասխանի բովանդակությունը հրաժարվեցին։ ԱԺ մեր աղբյուրներից, իհարկե, հայթայթեցինք այդ փաստաթուղթը։ ԱԺ իրավաբանական ծառայությունից, մասնավորապես Վլադիմիր Նազարյանը հայտնում է, որ Կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության ԳՀԻ-ն որպես մասնավորեցման ենթակա օբյեկտ եղել է «ՀՀ պետական ձեռնարկությունների եւ անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման եւ ապապետականացման 1996-97թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքով սահմանված ցուցակում։ Այդ օրենքն իր ուժը կորցրել է 1997թ. դեկտեմբերի 31-ին։ 1997թ. դեկտեմբերի 26-ին ընդունված «ՀՀ պետական գույքի մասնավորեցման 1998-2000թթ. ծրագրի մասին» նոր օրենքի ցանկից ինստիտուտն արդեն դուրս է մնացել։ Հետեւաբար դրա սեփականաշնորհման հետ կապված հարցեր արծարծելուց առաջ ԱԺ-ն նախ պետք է օրենք ընդունի 2001-ին դրանից հետո ընկած ժամանակաշրջանում մասնավորեցման ենթակա օբյեկտների մասին եւ դրանց ցանկում ներառի նաեւ վերոնշյալ ԳՀԻ-ն։ Այսպիսով, Վլ. Նազարյանը եզրակացնում է, որ մասնավորեցնելով պետական գույքը, նշանակում է տնօրինել այն եւ ոչ թե կառավարել, ինչը հակասում է ՀՀ Սահմանադրության 89 հոդվածի 3-րդ կետին, որը ՀՀ կառավարությանը տալիս է պետական սեփականությունը միայն կառավարելու եւ ոչ՝ տնօրինելու իրավունք։ Այսինքն, ինստիտուտի բաժնետոմսերի մասնավորեցման նախապատրաստական աշխատանքներն իրականացնելու մասին ՀՀ կառավարության 2000թ. դեկտեմբերի 25-ի որոշումը հակաիրավական է։ ՀՀ պետական գույքի կառավարման (եւ ոչ թե տնօրինման՝ շեշտում է Վլ. Նազարյանը) նախարարության մասնավորեցման գլխավոր վարչության պետ Գ. Գագյանին ամենեւին չի խնայել իրավահայր Վլ. Նազարյանը. «Ցավով արձագանքում ենք, որ պետական գույքի կառավարման նախարարությունը Կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության ԳՀԻ-ն շփոթել է այն շենքի, առավել ճշգրիտ՝ վերջինիս դիրքադրության հետ, որում կատարվում են գիտական հետազոտությունները եւ մատուցվում բժշկական ծառայությունները։ Նույն հաջողությամբ նման դատողություններ անող չինովնիկին կարելի է շփոթել այն գրասեղանի հետ, որի վրա նա շարադրել է իր դատողությունները»։ Վլ. Նազարյանն առիթը չի կորցնում մեկ անգամ եւս հղում անել իր «սանիկին»՝ Սահմանադրությանը։ Դրա 49 հոդվածի համաձայն ՀՀ-ի՝ որպես իրավական պետության եւ օրենքի գերակայության սկզբունքի պահապան ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի ճամփան է ցույց տալիս կոլեկտիվին։ Վերջինս էլ, ի դեպ, ցանկություն ունի ամեն օր իրենց շենքի առջեւով՝ Օրբելի փողոցով, իր նստավայր մեկնող՝ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին դիմել՝ համոզված, որ նա պիտի որ շահագրգռված լինի առողջ բանակ ունենալու, հետեւաբար եւ՝ վերականգնողական նման կենտրոնի պահպանման հեռանկարով։ Այ, այստեղ պետք է նշենք, որ մերձառողջապահական շրջաններում խոսում են, որ այս շենքի վրա աչք ունեն «ղարաբաղյան ծագման մարդիկ, հատկապես՝ զինվորականներից»։ Ամենեւին չենք պնդում, որ դա հենց նախագահն ու պաշտպանության նախարարն են. գուցե այլ ղարաբաղցի զինվորականներ էլ են իրենց աշխատատեղ Օրբելիով գնացել-եկել ու… սիրահարվել շենքին։ Իսկ մի ղարաբաղցու անուն հստակ տրվում է՝ Վլադիմիր Գասպարյան (Շեւյով), որը, ըստ մեր տեղեկությունների, Երեւանում մեկ այլ առողջապահական կոմպլեքս ունի։ Ի դեպ, վերջինիս մտադրությունների մասին մեր հարցին ի պատասխան, ինստիտուտի ֆունկցիոնալ ախտորոշման բաժնի վարիչ Գոհար Էլբակյանն ասաց, որ նա մի անգամ արդեն իրենց առաջարկել է իր օգնությունը՝ այնտեղ բուժական տուրիզմ ներդնելու եւ զարգացնելու ուղղությամբ։ Ենթադրում ենք, որ այդ սուրբ գործն այժմ պրն Գասպարյանն ինքն իր ձեռքով է ուզում անել։ Այնպես որ, այս ֆոնին կոլեկտիվը երեւի կսխալվի՝ օգնության համար դիմելով «ղարաբաղյան» հասցեներով։ Կամ թե՝ ճիշտ հասցեն էլ հենց դա է։ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել