Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻ ԱՆՀԱՅՏՈՎ ՀԱՎԱՍԱՐՈՒՄ

Ապրիլ 13,2001 00:00

ՄԻ ԱՆՀԱՅՏՈՎ ՀԱՎԱՍԱՐՈՒՄ «Առավոտին» նամակով է դիմել ԱԺ պատգամավոր Հարություն Մուրադյանը՝ անդրադառնալով մեր թերթում եւ պետական եկամուտների նախարար Անդրանիկ Մանուկյանի ասուլիսում հրապարակված այն տեղեկությանը, թե Մուրադյան եղբայրների ղեկավարած «ԲԱՄՕ» ընկերությունում ուսումնասիրություններ են սկսվելու՝ ճշտելու նրանց կողմից փայտի ապօրինի արտահանմանն առնչվող փաստերը։ Հարություն Մուրադյանը սա անվանում է «հերյուրանք» եւ «ապատեղեկատվություն», «պարսավելի» համարելով «խրախուսանքի արժանի ձեռնարկման մրոտումը», նաեւ նշելով. «Երեւի հեշտ եւ գայթակղիչ է թվում օտարերկրյա կապիտալի, ներդրումների վրա հարձակվելը»։ «Պատի՞ժ, թե՞ խրախուսանք» վերնագրված նրա նամակը գրված է բավական գեղարվեստական շնչով։ Ահավասիկ ապացույցները. «Ցավալի է, որ մեր իրականության մեջ ընդամենը մեկ անզգույշ արտահայտությամբ կարելի է վարկաբեկել եւ հանրային կասկածամտության ու կռահումների հարթություն տեղափոխել ընդհանրապես ցանկացած ձեռնարկված գործարարություն։ Ավելին՝ անթույլատրելի եմ համարում այն անհայտներով պարուրելը եւ լրատվական խողովակներ տեղափոխելը։ Վերոհիշյալ մամլո ասուլիսում հնչած, իր ծավալով աննշան թվացող այդ տեղեկատվությամբ (ավելի ճիշտ՝ ապատեղեկատվությամբ) մի քանի անհայտով հավասարում է առաջարկված հանրությանը, որը ստիպված է կռահումներ կատարել Մարտունու ինչ-որ մի ընտրատարածքի, «Կայունություն» խմբի ինչ-որ մի պատգամավորի իսկության պարզման «գործում», որը ինչ-որ «մաքսանենգ» գործունեություն է ծավալում ինչ-որ «փայտամշակման» ոլորտում։ (…) Պետական կառավարման համակարգում նման աշխատաոճն անթույլատրելի եւ մերժելի է, վստահ եմ՝ ոչ միայն ինձ համար։ Ձեռագիրն էլ նոր եւ նորույթ չէ ոչ մեկի համար։ (…) Նմանօրինակ աշխատաոճերի հատկանշական արդյունքներ էլ հանդես են գալիս հասարակության համար որպես «հերթական ճշմարտություն» պարտադրված, մի քանի արարից բաղկացած ողբերգություն-դրամաները քաղաքական-տնտեսական բեմահարթակում»։ Ծավալուն այս նամակի մյուս հատվածը նույնչափ ստեղծագործաբար գրված գովազդ է, թե ի՜նչ հայանպաստ գործունեություն է ծավալել «ԲԱՄՕ»-ն. համայնքին դպրոց է նվիրաբերել, ՈՒՀԱ-ի «Նոր հայեր» թիմի ելույթները ֆինանսավորել… «Առավոտի» համար սակայն մեկ անհայտով հավասարում մնաց, թե ինչպե՞ս կարելի է պետական եկամուտների նախարարի հայտարարածը՝ իր իսկ նախարարության ձեռնարկելիք քայլերի մասին որակել «հերյուրանք»։ Գուցե Հարություն Մուրադյա՞նն իրեն ավելի լավ տեղեկացվա՞ծ է համարում, թե ինչ ուսումնասիրություններ է ձեռնարկելու ՊԵՆ-ը։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել