ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿՏՐՎԱԾ Է ԵՂԵԼ ՊԵՏԱԿԱՆ ՕՂԱԿՆԵՐԻՑ Հարցազրույց քաղաքաշինության նախարարԴավիթ Լոքյանի հետ Շուտով կլրանա քաղաքաշինության նախարար Դավիթ Լոքյանի նախարարության 100 օրը։ Ժամանակին, երբ Դավիթ Լոքյանը նշանակվեց քաղաքաշինության նախարար, ոմանք լուրջ, ոմանք կեսկատակ զարմացան՝ կենսաբան-քիմիկոսն՝ ուր, քաղաքաշինությունն՝ ուր։ Բայց, դատելով պրն Լոքյանի նախարարական գործունեությունից, թերեւս, ոչ քիմիան, ոչ էլ կենսաբանությունը չեն խանգարում քաղաքաշինության նախարարին։ Դավիթ Լոքյանի կարծիքով եւս այդպես է. «Ես կարծում եմ, նախարարի ամենակարեւոր խնդիրն է՝ հասկանալ պետության քաղաքականությունն այդ ուղղությամբ, օգտագործել լավագույն մասնագետներ։ Ի դեպ, ասեմ, քաղաքաշինության նախարարությունն ունի բավականին լուրջ պոտենցիալ, երիտասարդ դոկտորներ, թեկնածուներ։ Ես նրանց աշխատավարձերը բարձրացրել եմ»։ «Առավոտի» հարցին՝ «ինչի՞ հաշվին եք բարձրացրել», Դ. Լոքյանը պատասխանեց. «Խնայողությունների հաշվին։ Այս նախարարությունն ամենափոքր բյուջեն ունեցող նախարարությունն է, մոտ 70 միլիոն դրամ ամբողջ տարին, որից 50 միլիոնը՝ աշխատավարձ, 15 միլիոնը՝ վրաեկ։ Բայց մարդիկ կան, որոնք նվիրյալներ են եւ, կարծում եմ, ինձ հետ աշխատում են սիրով»։ Որպես նախկին պատգամավոր եւ ՀՅԴ խմբակցության նախկին ղեկավար Դավիթ Լոքյանն ինչպե՞ս է վերաբերվում խորհրդարանական վերջին իրադարձություններին, հնարավոր վերադասավորումներին. «Դա մի քիչ դժվար պատասխանելի հարց է նախարարի համար, բայց ասեմ, որ վերջին շրջանի նիստերին երբ հետեւում եմ, տեսնում եմ, որ, իրավամբ, այն սկզբունքները, որոնց վրա ձեւավորվել էր այս խորհրդարանը, չեն պահպանվում։ Հոկտեմբերի 27-ից հետո պահպանվեց, այսպես ասած, ստատուս-քվոն միայն պաշտոնների պարագայում, իսկ սկզբունքների, ծրագրերի եւ այլ հարցերում, կարծես թե, դեֆորմացվում է դա։ Կարծում եմ, բոլորս պետք է օգնենք, որ վերականգնվի այն, ինչի համար այդ խորհրդարանի մեծամասնությունը կար եւ պետք է գործեր։ Այսինքն՝ պետության մեջ պետք է ընդգծվեն քաղաքական ուժերն իրենց տնտեսական, սոցիալական հայեցակարգերով։ Ուշ թե շուտ ժողովուրդը սկսելու է տարբերակել՝ դու ի՞նչ ես ասում եւ ի՞նչ ես անում»։ ՀՅԴ-ի պարագայում մեր տպավորությունն այնպիսին էր, որ Դավիթ Լոքյանի նախարար դառնալուց հետո կուսակցությունը քաղաքաշինության համակարգի «շեֆությունը» վերցրեց։ Մեր այս տպավորությունը պրն Լոքյանն ամենեւին չի կիսում. «Բացարձակ այդպիսի խնդիր չկա, որ կուսակցությունը մտնի այդպիսի պարտավորությունների, պարտականությունների տակ։ Ես ղեկավարում եմ գերատեսչություն, ես ունեմ իմ խնդիրները եւ այդ խնդիրները պետք է լուծեմ։ Կուսակցությունը վաղուց ուներ այդ ծրագիրը։ Վերջին հաշվով Դաշնակցությունը մշտապես կտրված է եղել պետական օղակներից եւ ինչքան էլ մեր կառույցները շատ մեծ ծավալներով կան մարզերում, բայց պետական տնտեսությունից կուսակցությունը օտարված է եղել»։ Այս օրերին ՀՅԴ խմբակցության անդամները մեկնել են Տավուշի մարզ։ Դավիթ Լոքյանը ՀՅԴ խմբակցության պատգամավորների շփումները ժողովրդի հետ շատ օգտակար է համարում. «Նախ ժողովրդի հետ առնչվել եւ հրատապությամբ խնդիրները տեղափոխել ԱԺ, նաեւ՝ կառավարություն, փառք Աստծո, մեր պարագայում դա ոչ թե նմանվում է պոպուլիզմի, այլ՝ վերադառնալուց հետո քննարկվում է կառավարության որոշակի անդամների, տարածքային կառավարման նախարարի հետ եւ անհրաժեշտ հարցերը հնչեցվում են ԱԺ-ում։ Սա նորմալ գործընթաց է եւ պատգամավորը պետք է այդ պարտականությունը կատարի»։ Պարոն Լոքյանի հետ զրուցեցինք նաեւ քաղաքաշինության խնդիրների շուրջ։ Կառավարությունը երեկվա նիստում որոշում ընդունեց ռմբակոծությունից տուժած բնակավայրերի մասին։ Հանրապետությունում ռմբակոծությունից տուժած 69 բնակավայր կա։ Առաջին քայլերն արդեն արված են. Կապանի Շինարարների 6 հասցեի բազմաբնակարանանոց շենքի 40 բնակարանների բնակիչներին արդեն տրամադրվել է գումար՝ բնակարաններ ձեռք բերելու համար. «Որոշման մեջ գրված է, որ քաղաքացին պարտադիր կերպով պետք է բնակարան ձեռք բերի տվյալ մարզում, որպեսզի սահմանամերձ շրջանները չդատարկվեն»։ Մեկ ընտանիքի համար փոխհատուցման գումարը կազմում է 4 միլիոն դրամ, որի որոշակի մասն անհատույց է, մյուս մասը՝ վարկ՝ 25 տարով, որի վճարումը պետք է սկսվի ստանալուց 10 տարի հետո։ Այս տարի կառավարությունը մեծ հատկացում չի արել. «Առաջին փուլի արժեքը կազմում է 1 միլիարդ 560 միլիոն դրամ։ 69 բնակավայրերում 6221 ընտանիք կա, որ բնակարանի կարիք ունի։ Ուսումնասիրությունների շարունակության արդյունքում այդ թիվը կկազմի մոտ 15 հազար, ընդհանուր ծրագրի արժեքը մոտ 100 միլիոն դոլարին համարժեք դրամ է։ Կառավարությունը երեկ լուծեց նաեւ Հաղարծինում սողքի հետեւանքով տուժած բնակիչներին գումար հատկացնելու խնդիրը»։ Քաղաքաշինության նախարարի ներկայացմամբ՝ քաղաքաշինության բնագավառում լուրջ բացթողումներ կան, որոնք հարկավոր է կարգի բերել. «ՀՀ բոլոր բնակավայրերի գլխավոր հատակագծերի հարցը կառավարությունն արդեն հաստատել է։ Մեր բնակավայրերի մեծ մասը չունի հատակագիծ, եղածներն էլ կորցրել են իրենց ժամկետները եւ այսօր այս կամ այն ճարտարապետը կամովին է որոշում, թե ի՞նչ կառուցի, որտե՞ղ կառուցի»։ Քաղաքաշինության հաջորդ կարեւոր խնդիրը հանրապետության կամուրջներն են. «Շուրջ 30-ից ավելի կամուրջներ ունենք, որոնք ամենավերջին վթարային վիճակում են, իսկ ընդհանուր առմամբ՝ շուրջ 500 կամուրջները ծանրագույն վիճակում են։ Դժվարին խնդիրներ ունենք աղետի գոտու հետ կապված։ Կարծում եմ, մեկ ամսից մենք պատրաստ կլինենք ԱԺ ներկայացնել աղետի գոտու համալիր ծրագիրը»։ Հարցազրույցը՝ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ