«ՕՐԵՐԻ ԽՆԴԻՐ ԷՐ» Դաշնակցության՝ Հայաստանում վերագրանցման առնչությամբ պնդում է ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դասախոս Շահեն Կարամանուկյանը, որ 1997-ին նախ որպես նախագահի աշխատակազմի ղեկավար, հետո՝ կառավարության աշխատակազմի ղեկավար-օպերատիվ հարցերի նախարար մասնակցում էր ՀՅԴ գործիչների հետ Հայաստանի իշխանության բանակցություններին։ Հարկ է նախ նշել, թե ՀՅԴ-ի հետ իշխանությունների հարաբերությունների սառույցի հալոցքը բնավ նորանշանակ վարչապետ Ռոբերտ Քոչարյանի ջերմացնող ազդեցությամբ չէր։ Մարտի 21-ին նրա նշանակումից ընդամենը 9 օր հետո սկսված բանակցությունների վերաբերյալ պայմանավորվածությունները, բնականաբար, ավելի վաղ էին ձեռք բերվել։ ՀՀ իշխանությունների պատվիրակությունն այս բանակցությունների ընթացքում գլխավորում էր Ազգային ժողովի նախագահ Բաբկեն Արարքցյանը։ Շահեն Կարամանուկյանը զբաղվում էր ՀՅԴ գործունեությանն առնչվող հարցերի պարզաբանմամբ եւ շուրջ տասնյակ իր աշխատանքային հանդիպումները հետադարձ հայացքով «շատ գործնական եւ արդյունավետ» գնահատեց. «Ես եղել եմ մենակ, բայց բանակցությունների մասին պարբերաբար զեկուցել եմ պատվիրակության ղեկավարին եւ հանրապետության նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին»։ Բանակցություններում պրն Կարամանուկյանի գործընկերները ՀՅԴ Բյուրոյի նախկին անդամներ Մասիս Բաղդասարյանն ու Մարտուն Մաթեւոսյանն էին։ Վերջինս «Առավոտի» հարցին ի պատասխան ճեպազրույցում ասել էր, թե չի կարող այժմ համոզված պնդել, թե ընթացող աշխատանքների արդյունքում ՀՅԴ-ն, ի վերջո, կվերագրանցվեր. «Մենք նկատում էինք այդ հարցի շուրջ ձգձգումներ իշխանության կողմից։ Ըստ մեր երկխոսության՝ այդ հարցը գտնվում էր վերջին փուլում։ Բայց դրանից հետո կվերաբացվե՞ր կուսակցությունը, թե՞ ոչ՝ ինձ համար բարդ է ասել, որովհետեւ բանակցությունների մյուս կողմն անընդհատ դնում էր նախագահի խնդիրը, որ մեր հարցի պատասխանը պետք է տա Լեւոն Տեր-Պետրոսյանը, այսինքն՝ միայն նրանից է կախված այդ խնդրի լուծումը»։ Իսկ ահա թե այս ամենն ինչպես է մեկնաբանում Շահեն Կարամանուկյանը. «Դաշնակցության գրանցման հարցերում իշխանությունների միջամտություն չկար։ Խոսքը միայն այն մասին էր, որ կանոնադրությունը պիտի համապատասխանեցվեր ՀՀ գործող օրենսդրությանը։ Որքան գիտեմ, այդ գործընթացը շատ բնականոն է ընթացել։ Եվ արդեն դեկտեմբերի վերջին, իմ ունեցած տեղեկություններով, արդարադատության նախարարության փորձագետները գտնում էին, թե Հայաստանի Հայ հեղափոխական դաշնակցության կանոնադրության ներկայացված վերջին տարբերակը համապատասխանում էր գործող օրենսդրությանը։ Որեւէ իրավական խոչընդոտ չկար, որ կազմակերպությունը գրանցվեր եւ բնականոն գործեր»։ Չորս տարվա վաղեմության դեպքերի իր եւ Մարտուն Մաթեւոսյանի շարադրանքի տարբերությունների վերաբերյալ մեր լրացուցիչ հարցին ի պատասխան պրն Կարամանուկյանը շեշտեց. «Վստահորեն կարող եմ ասել, որ ՀՀ նախագահը գրանցման գործընթացին կարող էր միջամտել այնքանով, որքանով որ կանոնադրությունը համապատասխաներ ՀՀ գործող օրենսդրությանը։ Որեւէ այլ միջամտություն չի եղել։ Իշխանությունների կողմից արդարադատության նախարարության վրա գրանցել-չգրանցելու հարցում որեւէ ճնշում չի եղել»։ Իսկ եթե որեւէ խոչընդոտ չկար՝ էլ ինչո՞ւ էր ձգձգվում վերագրանցումը. «Ձգձգելու որեւէ՛ խնդիր չկար։ Ուղղակի արդարադատության նախարարության փորձագետների կողմից պահանջներ կային որոշ դրույթներ վերանայելու վերաբերյալ, որ կանոնադրությունը վերջնականապես համապատասխանեցվի ՀՀ օրենսդրությանը»։ Մարտուն Մաթեւոսյանը կարծում էր. «Որեւէ մեկը չի կարող ասել՝ նույնիսկ բանակցային մյուս կողմը՝ կվերաբացվե՞ր կուսակցությունը, թե՞ ոչ»։ Մինչդեռ Շահեն Կարամանուկյանը վստահ էր. «Կարող եմ ասել, որ օրերի խնդիր էր վերագրանցումը»։ Այդ բանակցություններում Դաշնակցությանն առնչվող դատավարությունների խնդրի արծարծման առնչությամբ պրն Կարամանուկյանը միայն ասաց. «Դա շատ բարդ հարց է։ Դատավարություններին մենք ընդհանրապես չենք միջամտել։ Ճիշտ է, իրենց կողմից միջամտություններ եղան, երբ բանակումի մասնակից օտարերկրացի սկաուտները Գերագույն դատարանի առջեւ ցույց արեցին»։ Սակայն ՀՅԴ-ի Հայաստանում վերագրանցումը միայն, այսպես ասած, ներքին ոլորտի խնդիր էր։ Ըստ Շահեն Կարամանուկյանի՝ «այդ ընթացքում, իհարկե, եղել են նաեւ այլ շփումներ: Ասենք, եղել են արտաքին քաղաքական ոլորտում լուրջ խորհրդատվություններ, նաեւ այլ քայլեր, որոնք փոխադարձաբար պիտի վերականգնեին վստահությունը»։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ