Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱՎԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 100-ԱՄՅԱԿԸ

Ապրիլ 12,2001 00:00

ՎԱՎԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 100-ԱՄՅԱԿԸ Ավագ սերնդի հանդիսատեսի հիշողության մեջ դեռ վառ են 20-րդ դարի մեծ դերասան Վավիկ Վարդանյանի դերակատարումները։ Դերասանական արվեստի ինքնատիպությամբ, կերպարների խոր արտահայտչականությամբ եւ վարպետությամբ նա իր արժանի տեղը գրավեց հայ թատրոնի խոշորագույն դերասանների կողքին։ Անուշավան Տիգրանի Վարդանյանը (բեմական անունը՝ Վավիկ) իր թատերական գործունեությունը սկսել է 20-ական թվականներին։ Կովկասի հայաշատ քաղաքներում՝ Աստրախանում, Ստավրոպոլում հիմնել է հայկական թատրոն եւ դարձել դրա առաջին դերասանն ու բեմադրիչը։ Մասնագիտական կրթությունը ստացել է Մոսկվայում։ 1928-ից մինչեւ իր բեղմնավոր կյանքի վերջը Վավիկ Վարդանյանը աշխատել է Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում։ Հայաստանի կառավարության հանձնարարությամբ 1937թ. մասնակցել է Երեւանում ռուսական թատրոնի հիմնադրմանը եւ բեմադրել է թատրոնի առաջին ներկայացումը։ Որպես բեմադրիչ Վավիկ Վարդանյանը ունեցել է 90 ներկայացում։ Նրա անվան հետ են կապված ռուսական դրամատուրգիայի լավագույն բեմադրությունները՝ Սիմոնովի «Ռուս մարդիկ», «Ռուսական հարց», Լեւ Տոլստոյի «Աննա Կարենինա» եւ բազմաթիվ այլ գործեր։ 1954-58թթ. Վարդանյանը եղել է Օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի գլխավոր ռեժիսորը, որտեղ բեմադրել է Չուխաջյանի «Արշակ Երկրորդը», Գունոյի «Ռոմեո եւ Ջուլիետ», Բաբաեւի «Արծվաբերդ» եւ այլ հիշարժան ներկայացումներ։ Վավիկ Վարդանյանն իր դերասանական խառնվածքով ինքնատիպ էր եւ տաղանդավոր բոլոր դերերում։ Հիշենք. Սուրեն՝ «Պատվի համար», Հայր Պավլին՝ «Եգոր Բուլիչովը», Կոմս՝ «Ֆիգարոյի ամուսնությունը», Կլավդիոս՝ «Համլետ» եւ այլն։ «Իր շարժումներով, ձայնի ելեւէջներով, հարուստ եւ արտահայտիչ դիմախաղով նա գերում-հմայում էր դահլիճը, կարողանում էր ապշեցուցիչ կերպով վերափոխվել»,- հիշում են իր ընկեր-դերասանները։ Վավիկ Վարդանյանը իր ստեղծագործական գործունեությանը զուգահեռ վարել է նաեւ ակտիվ հասարակական գործունեություն։ Երկու անգամ ընտրվել է Հայաստանի թատերական գործիչների ընկերության նախագահ։ Զբաղվել է նաեւ գիտական գործունեությամբ։ Նրա գրչին են պատկանում մոտ մեկ տասնյակ թատերագիտական արժեքավոր աշխատություններ։ Նա երկար տարիներ վարել է ԵԳԹԻ-ի դերասանական վարպետության ամբիոնը։ ԻՐԻՆԱ ՉԱՐՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել