Լրահոս
Օրվա լրահոսը

ՃԱՌԵՐԻ ԼՍՈՒՄԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ

Ապրիլ 12,2001 00:00

ՃԱՌԵՐԻ ԼՍՈՒՄԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ Երեկ Կենտրոն, Նորք-Մարաշ համայնքի առաջին ատյանի դատարանում Սարգիս Շահմուրադյանի գործի հետ կապված մեղադրական եւ պաշտպանական ճառերի լսումը հետաձգվեց։ Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտի գերմաներենի դասախոս Ս. Շահմուրադյանը մեղադրվում է 2000 թվականի ընդունելության քննության ժամանակ մի դիմորդից 10 հազար դոլար կաշառք վերցնելու մեջ։ Ինչպես դատավորն ասաց, «այսօր պլանավորել էի Շահմուրադյանի գործը ավարտել։ Բայց չեմ կարող ասել, թե ինչ ձեւով։ Կարող է բանը հասնել նույնիսկ դատական վիճաբանությունների»։ Շուրջ հինգ ամիս է մեծ դժվարություններով (ձգձգումներով) ընթանում է այս գործի քննությունը։ Դատաքննության հետաձգման պատճառը դատավոր Ժորա Վարդանյանը մեկնաբանեց այսպես. «Կալանավորին չեն բերել դատարան, դրա համար հետաձգվեց։ Սա եզակի չէ, շատ են եղել դեպքեր, երբ կալանավորին դատարան չեն բերել։ Կա ուղեկցող մարդ, դատարանի ենթակայությունից դուրս, որը պարտավոր է նշված օրը, ժամին կալանավորին ներկայացնել դատարան, որի համար նախապես ծանուցվում է։ Տվյալ պարագայում նախազգուշացվել են, սակայն չեն բերել, պատճառը մեզ համար անհայտ է, ցավոք, չեն բարեհաճում զանգել գոնե։ Մեր նախաձեռնությամբ, որպես կանոն, երբ տեսնում ենք՝ ուշացել են, մտահոգվում ենք, զանգում, հարցնում… պատասխանը կամ այո է լինում, կամ ոչ։ Պատասխանը կարող է լինել զանազան, թեեւ դա դատարանին չպետք է հետաքրքրի եւ չի էլ հետաքրքրում»։ Նա ասաց, որ պատճառն իմանալու համար փորձել է կապվել պետերից որեւէ մեկի հետ, բայց ոչ մեկը տեղում չի եղել։ Ըստ դատավորի ենթադրությունների, կալանավորին դատարան չբերելու հանգամանքը կապված է «Հոկտեմբերի 27»-ի գործի հետ. «Գոյություն ունի երկու ուղեկցող կառույց՝ ծանր հանցագործությունների համար ուղեկցող ոստիկաններ եւ մյուս հանցագործությունների համար միլիցիայի աշխատակիցներ»։ Հաջորդ նիստը նշանակվեց ապրիլի 19-ին։ Հ. ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել